Բոբ Մենենդես․ Թուրքիան պետք է անհապաղ պատժվի ՀՕՊ-Ս-400 գնելու և օգտագործելու համար

Աշխարհ 17.10.2020   15:00   313

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Բոբ Մենենդեսն այսօր հայտարարություն է տարածել՝ արձագանքելով այն լուրերին, թե թուրքական զինուժը սկսել է փորձարկել Ռուսաստանից գնված ՀՕՊ-Ս-400 համակարգերը: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

«Այսօր Թուրքիայի կողմից ռուսական արտադրության S-400 հակաօդային պաշտպանության համակարգի փորձարկումը հիշեցնում է, որ Թրամփի վարչակազմի կողմից ստացած պարզ խնդրանքները հետ չեն պահում Անկարային: Էրդողանը պատասխանում է միայն գործողություններին, ոչ թե խոսքերին: 2019-ի հուլիսին Թուրքիան առաքեց S-400-ը` ակնհայտորեն խախտելով ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենքը: Թրամփի վարչակազմն անտեսել է օրենքը՝ թուլացնելով մեր դիրքերը Պուտինի դեմ: Այն նաև խրախուսել է Էրդողանին՝ հասցնելով այսօրվա փորձությանը:

Նախագահ Թրամփի կողմից օրենքին չհամապատասխանելը և Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ նրա բարեկամական վերաբերմունքը լուրջ սպառնալիքներ են մեր ազգային անվտանգությանը, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների և գործընկերների անվտանգությանը: «Պատժամիջոցների միջոցով հակազդեցություն Ամերիկայի հակառակորդներին (CAATSA)» օրենքի ակտը պարզ է, և վարչակազմը պետք է հետևի օրենքին: Թուրքիան պետք է անհապաղ պատժվի այդ համակարգը գնելու և օգտագործելու համար»,-գրված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ՝ դեռ հունիսին, նախագահ Դենալդ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների համար «բարդ» իրավիճակ է, թե ինչպես պատասխանել Ռուսաստանից հակահրթիռային պաշտպանության Ս-400 համակարգ գնելու Թուրքիայի գործարքին՝ ավելացնելով, որ քննարկվում են հնարավոր պատժամիջոցները:

Միևնույն ժամանակ Թրամփը համակրանք էր հայտնել իր թուրք գործընկեր Էրդողանի նկատմամբ՝ մեղադրելով ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին Թուրքիայի կողմից Patriot հրթիռներ գնելու պայմաններ դնելու մեջ:

«Մենք տարբեր լուծումներ ենք փնտրում: Դա խնդիր է, դրա մասին ոչ մի հարց չկա», -ասաց Թրամփն Էրդողանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ:



 Պիտակներ
         Բոբ Մենենդես


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb