Բիշքեկում պահանջում են Ղրղզստանի նոր կառավարության կազմի փոփոխություն

Աշխարհ 07.10.2020   15:00   28

ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում Կառավարության տան մոտ ընթացող հանրահավաքի մասնակիցները պահանջել են նոր կառավարության կազմի փոփոխություն։

Ըստ ակցիայի մասնակիցների պահանջի՝ կառավարության մեջ պետք է մտնի քաղաքական գործիչների «մաքուր» սերունդը։

Հանրահավաքին մասնակցում են քաղաքական կուսակցությունների ավելի քան 100 ներկայացուցիչներ եւ կողմնակիցներ, որոնք հոկտեմբերի 4-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով չեն անցել օրենսդիր մարմին։ Ցուցարարները նաեւ հանդես են գալիս իշխանությունների լյուստրացիայի օգտին։

Ղրղզստանի խորհրդարանը երեքշաբթի պաշտոնանկ էր արել երկրի վարչապետ Կուբատբեկ Բորոնովին եւ նրա կառավարությանը՝ վարչապետի պաշտոնակատար նշանակելով Սադիր Ժապարովին։

Հոկտեմբերի 4-ին երկրում անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո բարձրագույն օրենսդիր մարմին չանցած կուսակցությունների ներկայացուցիչները Բիշքեկում զանգվածային հուզումներ էին կազմակերպել։ Ցուցարարները գրավել էին խորհրդարանի, կառավարության, նախագահի աշխատակազմի, Գլխավոր դատախազության եւ մայրաքաղաքի քաղաքապետարանի շենքերը, ինչպես նաեւ մեկուսարանից ազատել էին երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին, նախկին վարչապետ Սապար Իսակովին եւ մի շարք քաղաքական գործիչների։

Ղրղզստանի նախագահ Սոորնբայ Ժեենբեկովը երեքշաբթի հանդես էր եկել երկրի քաղաքացիներին ուղղած ուղերձով, որում քաղաքական կուսակցությունների առաջնորդներին իրենց կողմնակիցներին հանդարտեցնելու կոչ էր արել։



 Պիտակներ
         Բիշքեկ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb