Բիշքեկում կրկին արտակարգ դրություն է մտցվել

Աշխարհ 12.10.2020   15:32   41

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը կրկին արտակարգ դրության ռեժիմ է սահմանել Բիշքեկի տարածքում: Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։

Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ երկրի խորհրդարանը երեք օր շարունակ չի քննարկել մայրաքաղաքի տարածքում նախկինում սահմանված արտակարգ դրության ռեժիմի վերաբերյալ հարցը։

Ռեժիմը սահմանվում է հոկտեմբերի 12-ի ժամը 20։00-ից մինչև հոկտեմբերի 19-ը՝ ժամը 07․00-ն՝ պայմանավորված Բիշքեկում զանգվածային անկարգություններով, բռնությամբ և մարդկանց կյանքի ու առողջության համար սպառնալիքներով։

Արտակարգ միջոցառումների ընթացքում քաղաքացիների իրավունքները, ազատությունները ժամանակավոր կսահմանափակվեն: Մայրաքաղաքում արգելվում են ժամանցային, սպորտային և այլ զանգվածային միջոցառումները, ինչպես նաև գործադուլները, հանրահավաքները և այլն։ Քաղաքում երթևեկությունը կսահմանափակվի։

Բացի դրանից, վերահսկողություն է սահմանվում ԶԼՄ-ների նկատմամբ, եթե այդ միջոցները կարող են օգտագործվել Բիշքեկի տարածքում իրավիճակի սրման համար։



 Պիտակներ
         Բիշքեկում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb