Բենեդիկտյան միաբանություն

Դասեր 12.04.2021   12:00   207

Բենեդիկտյան միաբանություն (լատ.՝ Ordo Sancti Benedicti, O.S.B.՝ Սուրբ Բենեդիկտի միաբանություն), կաթոլիկ վանական միաբանություն՝ հիմնադրված 6-րդ դարում Բենեդիկտ Նուրսիացու կողմից։

Բենեդիկտ Նուրսիացու վախճանից հետո նրա կողմից հիմնադրված Մոնտեքասսինոյի վանքը երկար չգոյատևեց. մոտ 580-ական թվականների այն ավերվեց Լանգոբարդների կողմից։ Այս վանքի վանականները Հռոմի պապ Գրիգոր I Մեծի աջակցությամբ տարածվեցին ողջ Եվրոպայում և նպաստեցին Բենեդիկտ Նուրսիացու գաղափարների ու վանական կանոնադրության տարածմանը։ Կարճ ժամանակում ԱնգլիայումՖրանկների թագավորությունում և Արևմտյան Եվրոպայի, իսկ 11-րդ դարից սկսած նաև Արևելյան Եվրոպայի երկրներում հիմնադրվեցին բազմաթիվ բենեդիկտյան վանքեր։ Բենեդիկտյան միաբանության այդ ժամանակաշրջանի հայտնի գործիչներից էին Օգոստինոս Քենթրբերցին, Վիլլիբրորդը, Ադալբերտ Փարիզցին։

10-11-րդ դարերում Բենեդիկտյան միաբանությունից առանձնացան Կամալդուլյան և Ցիստերցյան միաբանությունները, որը նպաստեց Բենեդիկտյան միաբանության դիրքերի թուլացմանը։ Իսկ 13-րդ դարում Հռոմի Կաթոլիկ Եկեղեցում առաջացան և սկսեցին արագ տարածվել Դոմինիկյան և Ֆրանցիսկյան միաբանությունները, որոնք խախտեցին Բենեդիկտյան միաբանության գերակշիռ դերը կաթոլիկ աշխարհում և մրցակցության մեջ մտան նրա հետ։ Այս հանգամանքը նպաստեց Բենեդիկտյան միաբանության անկմանը, որն ավելի սրվեց Ռեֆորմացիայի ժամանակաշրջանում։

19-րդ դարում սկսվեց Բենեդիկտյան միաբանության վերածնունդը, որը շարունակվեց նաև 20-րդ դարում։ Միաբանության վերածննդին մեծապես նպաստեց վանականների կողմից միջնադարյան գրականության, երաժշտության, արվեստի ասպարեզում կատարված արժեքավոր ուսումնասիրությունները, ինչպես նաև քարոզչական գործունեությունն Աֆրիկայի և Ասիայի երկրներում։

1893 թվականին Հռոմի պապ Լևոն XIII-ի կողմից բոլոր բենեդիկտյան վանքերը և կոնգեգացիաները միավորվեցին Բենեդիկտյան համադաշնության մեջ, որի ղեկավար մարմնի նստավայրը գտնվում է Հռոմի Սանտ Անսելմո ալ Ավենտինո վանքում։ Համադաշնությունը ղեկավարվում է Աբբա-պրիմասի կողմից, որն ընտրվում է ութ տարի ժամկետով։ 2016 թվականի տվյալներով Բենեդիկտյան միաբանությունն ունի 354 վանք և 6.970 վանականներ, որոնցից 3.677-ն ունեն քահանայական ձեռնադրություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb