Բելառուսը զրկվեց հոկեյի աշխարհի առաջնությունն անցկացնելու իրավունքից
Հոկեյի միջազգային ֆեդերացիան (IIHF) Բելառուսին զրկեց այս տարվա աշխարհի առաջնությունն անցկացնելու հնարավորությունից: Որոշումը կայացվել է ֆեդերացիայի խորհրդի նիստում: Ի սկզբանե նախատեսվում էր, որ մրցաշարը պետք է անցկացվի Մինսկում և Ռիգայում:
Մինսկից տեղափոխված խաղերի անցկացման վայրի վերաբերյալ որոշումը դեռևս չի կայացվել: Քանի որ Ռիգան և Մինսկը միասին են ներկայացրել աշխարհի առաջնությունն ընդունելու հայտը, Լատվիայի կարգավիճակի վերաբերյալ հարցը ֆեդերացիայի կողմից առանձին կքննարկվի: Խորհուրդը կգնահատի նաև մրցաշարը մեկ վայրում անցկացնելու հավանականությունը:
Որպես Բելառուսին խաղերի անցկացման իրավունքից զրկելու պատճառ՝ IIHF-ը նշել է թիմերի և հանդիսականների անվտանգության ապահովման անհնարինությունը:
Նշվում է, որ կազմակերպիչները՝ բելառուսական կողմը փոխհատուցում կստանա:
Ներկայումս ֆեդերացիան բանակցություններ է վարում Դանիայի և Սլովակիայի հետ՝ Մինսկում նախատեսված խաղերն այդ երկրներում անցկացնելու հարցով: Ամբողջ մրցաշարն իր երկրում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել նաև Լատվիան:
Հիշեցնենք՝ աշխարհի առաջնությունը պետք է տեղի ունենար 2021 թվականի մայիսի 21-ից հունիսի 6-ը Մինսկում և Ռիգայում:
Նմանատիպ նյութեր