«ԲԷՑ»-ում տարիներով գործել են հստակ մշակված կոռուպցիոն մեխանիզմներ, որոնցով ահռելի չափերի միջոցներ են հափշտակվել

Իրադարձային 30.05.2019   15:30   101
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ իրավասու մարմինների վարույթներում «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր  ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը։ Ուսումնասիրությամբ փաստվել է, որ նշված ոլորտում ևս տարիներ շարունակ գործել է կազմակերպված կոռուպցիոն սխեմա:

Մասնավորապես քննվող քրեական գործերի նյութերի համադրված վերլուծությունից պարզ է դառնում, որ «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»  ՓԲԸ-ի պաշտոնատար անձինք, կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ կնքված պայմանագրերով նախատեսված գումարները հափշտակելու դիտավորությամբ, չիրականացված աշխատանքների ծավալների հավելագրումներ են կատարել: Իսկ ընկերության աշխատակիցների կողմից կազմվել և ստորագրվել են աշխատանքներն ամբողջ ծավալով կատարված լինելու վերաբերյալ կեղծ կատարողական ակտեր: Այս սխեմայով հափշտակվել են առանձնապես խոշոր չափերով գումարներ:

Պարզվել է նաև, որ ՓԲԸ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքն օգտագործելով, յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահված՝ ՓԲԸ-ին պատկանող առանձնապես խոշոր չափի նյութական և ֆինանսական միջոցները, իսկ ՓԲԸ ծառայողների կողմից գնումների կազմակերպման և անցկացման գործընթացում շահագրգռվածություն ցուցաբերելու արդյունքում պայմանագրային աշխատանքների կատարման գործընթացում կատարվել է ուրիշի գույքի առանձնապես խոշոր չափերով հափշտակություն:

Բացի այդ, ՓԲԸ-ի տարբեր հաստիքներում աշխատանքի են ընդունվել տնօրենի մտերիմ անձինք՝ ովքեր տևական ժամանակ տնօրենի գիտությամբ և թողտվությամբ չեն հաճախել աշխատանքի, չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները, սակայն դրա դիմաց ստացել են առանձնապես խոշոր չափերի աշխատավարձ: Այս մեխանիզմով ևս վատնման եղանակով «ԲԷՑ» ՓԲԸ-ից հափշտակվել են առանձնապես խոշոր չափերի գումարներ։

Վերոնշյալ կոռուպցիոն կազմակերպված սխեմաներով «Բարձրավոլտ Էլեկտրացանցեր»  ՓԲԸ-ում արձանագրված խախտումների և չարաշահումների հանցագործության դեպքերով 2018-2019թթ. ընթացքում  ՀՀ դատախազության, ՀՀ իրավասու այլ մարմինների վարույթում հարուցվել և քննվում է ընդհանուրը 7 քրեական գործ: Դրանք հարուցվել են պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված), առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու (ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդված) հատկանիշներով:

ՈՒսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նշված քրեական գործերով նախնական հաշվարկով պատճառված վնասը կազմել է մոտ 1մլրդ 109մլն ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում արդեն վերականգնվել է 20 մլն-ը:

Քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է: Դատախազական հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, պատճառված վնասի չափը հստակեցնելու, պատասխանատու անձանց պարզելու և գործադրված կոռուպցիոն մեխանիզմներն ամբողջության մեջ լիարժեք բացահայտելու ուղղությամբ։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 Լուսանկարներ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon