Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում

Art News 15.02.2020   10:15   1050

Կամերային երաժշտության ազգային կենտրոնը կներկայացնի բացառիկ համերգ, որի ընթացքում կհնչի Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» BWV 245 ստեղծագործությունը, որը տևական ժամանակ Հայաստանում չի կատարվել:

Փետրվարի 21-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգին այն կներակայացնեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schütz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ հրավիրյալ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ: Մինչ ճանաչված դիրիժորը կժամանի Հայաստան՝ երաժշտախմբերի փորձերն ընթանում են դիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Կենտրոնից հայտնում են, որ երկու ժամ տևողությամբ «Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Գործն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է:

Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին, և երկար տարիներ չի կատարվել: Այս անգամ այն կներկայացվի այնպիսի երաժշտական գործիքների ներգրավվմամբ, որոնք հազվադեպ են պատահում և որոնց կատարողներին բավականին դժվար է եղել գտնել: Հատկանշական է, սակայն, որ գործը Հայաստանում կհնչի գերմանական կողմի նախաձեռնությամբ և սա բացառիկ դեպք է: Theodor Schütz Ensemble-ը, ուսումնասիրելով Կամերային նվագախմբի և երգչախմբի ձայնագրությունները, իր ցանկությունն է հայտնել համագործակցել նրանց հետ հենց մեր երկրում:

Համույթն առաջին անգամ է ժամանելու մեր երկիր հենց այս համերգի համար:

Ըստ աղբյուրի, փետրվարի 22-ին էլ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը, որին ևս միանալու ցանկություն են հայտնել գերմանական կողմի արտիստները:



 Պիտակներ
         Բախ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon