Բանակն ընկճվելու իրավունք չունի․ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ

Իրադարձային 28.01.2021   12:55   72

ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը շնորհավորական խոսք է հղել Բանակի օրվա առթիվ, որը ներկայացնում ենք ստորև. 

«Հարգելի΄ զինակից ընկերներ, այսօր մեր զինված ուժերի կազմավորման 29-ամյակն է: Յուրաքանչյուրիս համար պատմական նշանակություն ունեցող այս օրը մենք նշում ենք դառնության զգացումով, բայց մեր սրտերը լցված են նաև հպարտությամբ:

2020թ. սեպտեմբերի 27-ին զինված ուժերը պատվով ընդունեցին նետված մարտահրավերը և 44 օր հերոսաբար դիմակայելով` կատարեցին իրենց առջև դրված մարտական խնդիրները` մարտնչելով բազմակի անգամ գերազանցող թշնամու ուժերի դեմ և պատճառելով նրան մեծաթիվ կորուստներ:

Այս անհավասար պայքարում հայկական զինուժը,  ցավոք, նույնպես կրեց անդառնալի կորուստներ, բայց հակառակորդը դեռ երկար է հիշելու մեր զինվորի ու սպայի վճռականությունը, տոկունությունը, խիզախությունը, մինչև վերջ պայքարելու անկոտրում կամքն ու անմնացորդ նվիրումը: Մարտի դաշտում մեր զինակից ընկերները հրաշքներ էին գործում` իրենց անունները ոսկե տառերով գրելով հայոց պատմության էջերում: Հայոց բանակի զինվորի ու սպայի սխրանքը երբեք չի մոռացվի, մեր ժողովուրդն արժանվույնս է գնահատելու իր հերոս զավակներին:

Այսօր հաճախ քննադատության ենք արժանանում, բայց չպե΄տք է վհատվել: Հասկանում ենք, որ մեզանից սպասում էին առավելը... Մեր հայրենակիցներն անսահման հավատով էին լցված Հայոց բանակի հանդեպ և կարող եմ ամենայն պատասխանատվությամբ բարձրաձայնել` մենք մինչև վերջ հավատարիմ մնացինք տրված երդմանն ու կատարեցինք պետության, ժողովրդի առջև մեր սրբազան պարտքը: Շնորհակա΄լ եմ Ձեզ ազգի պատիվը բարձր պահելու և անօրինակ սխրանքների համար:

Բանակն ընկճվելու իրավունք չունի. զինվորը, սպան, գեներալը գլուխը կարող է խոնարհել միայն մեր զոհված ընկերների սուրբ հիշատակի և նրանց հարազատների առջև և այժմ, առավել քան երբևէ, բանակը վստահության և համակողմանի աջակցության կարիք ունի:

Որքան էլ դժվար է ու բարդ, մենք շարունակում ենք կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ գործը` կազմակերպելով մարտական հերթապահություն նոր բնագծերում, ձեռնարկելով գործուն միջոցներ բանակի մարտունակության վերականգնման ուղղությամբ: Վստա΄հ եմ, որ 2021 թվականը բանակի համար մարտական կարողությունների ավելացման նոր էջ է բացելու:

Իսկ հուսահատվածներին, մեր հանդեպ վստահությունը կորցրածներին, տարբեր ուժերի կողմից մեզ քննադատողներին, երբեմն նաև բացահայտ վիրավորողներին հավաստիացնում եմ` հայոց բանակն արագ ապաքինվելու է ստացած վերքերից և ցույց է տալու թշնամուն իր բազկի ուժը: Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայկական օջախներն ավերելու նենգ մտադրությունից:

Բանա΄կն է այն ուժը, որ կարող է ու պարտավոր է ամուր կանգնել ու կասեցնել թշնամու ոտնձգությունները. ոչ ոք մեր փոխարեն դա չի անելու: Այս սուրբ օրը շնորհավորե΄նք միմյանց Բանակի օրվա կապակցությամբ և խոստանա΄նք մեր զոհված ընկերներին, որ շարունակելու ենք նրանց անավարտ գործը, ջանք չենք խնայելու և ամենօրյա քրտնաջան աշխատանքով հզորացնելու ենք բանակն ու անզիջում պայքար ենք մղելու մեր ազգային և պետական շահերը պաշտպանելու համար:

Համոզված եմ, որ Հայոց բանակը փառավոր հաղթանակներ դեռ շատ է ունենալու` հավատարիմ մնալով հայ զինվորական լավագույն ավանդույթներին: Շնորհավո΄ր տոնդ, Հայոց բանակ:  Հավերժ փա˜ռք հայրենիքի համար նահատակված մեր ընկերներին»:


 Պիտակներ
         Օնիկ Գասպարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb