Բամբասանքներից ազատվելու համար

Հոգեբանական 26.11.2020   21:45   722

Հաճախ մեր տրամադրությու­նը փչանում է, երբ մեր մասին բամ­բասանքներ ենք լսում։ Նույնիսկ լինում է, որ մենք ճշմարտությունն ենք լսում մեր մասին, բայց միև­նույն է, այն մեզ դուր չի գալիս, որովհետև չենք ուզում, որ դա իմա­նան ուրիշները։

Ամեն դեպքում մենք անհարմար ենք զգում, նեղանում ենք կամ կա­տաղում, կամ լաց լինում, կամ մեղա­վոր ենք զգում մեզ, կամ անլիարժեքության բարդույթ ապրում, երբ իմանում ենք, որ մեր մասին բամբա­սում են։

Սա մեր առօրյայի մութ և տհաճ կողմերից է։

Հարց է ծագում, ինչպե՞ս արձա­գանքել բամբասանքին, ավելի ճիշտ, ի՞նչ անել, երբ քո մասին բամբասում են։

Կա մի քանի միջոց, սակայն ես ցանկանում եմ առաջարկել լա­վագույններից մեկը։

Անշուշտ, եթե ինչ-որ տհաճ բան ես լսել քո մասին, այն էլ մի մարդուց, որի բացասական նախատրամադրվածությունը քո նկատմամբ սպասելի էր, ապա առաջին միտքը նրա բերանն այնպես փակելն է, որ ամբողջ կյանքում հիշի։ Այսինքն առաջին բանը, որ ուզում ես կատարել, վրեժխնդրությունն է։

Հավանաբար դուք ինձանից սպա­սում եք, որ կառաջարկեմ ձեզ մո­ռանալ վրեժի մասին։ Բոլորովին ոչ։ Ես առաջարկում եմ հակառակը։ Երբեք մի մոռացեք, որ այդ բամ­բասկոտը ձեր պոտենցիալ թշնա­մին է։

Սակայն առաջին կարևոր բանը հանդարտվելն է։ Վերլուծիր և հիշիր նրա (այսինքն բամբասկո­տի) բոլոր թույլ տեղերը։ Սկսած այչն բանից, որ ասենք նա չի սիրում, երբ իրեն Տիկո ասելու փոխարեն Տիգրան են ասում, վերջացրած ամենալուրջ պրոբլեմներով։

Երկրորդն այն է, որ այդ մարդու հետ պետք է զգույշ լինել։ Այսինքն, երբեք թույլ մի տուր նրա հանդեպ անհարգալից, կոպիտ վե­րաբերմունք։ Ոչ մի դեպքում նրա հետ վիճաբանության մեջ մի մտիր։ Պետք է նրան ցույց տալ, որ այն­քան էլ չես սիրում իրեն, բայց ոչ մի փաստարկ նրա ձեռքը մի տուր։ Թող նա չիմանա, որ դու գիտես այդ տրա­մադրությունների մասին։ Թող կասկածի։

Երրորդը՝ թող ժպիտը հավերժ վե­րանա քո դեմքից, երբ դու խոսում ես բամբասկոտի հետ։ Մի փորձիր խորանալ պարզաբանումների մեջ։ Եթե ուզում ես նրան կատաղեցնել, միշտ եղիր մարզավիճակում։ Դու պետք է երջանիկ ձևանաս, նրա ներկայությամբ ուրիշների դեմքին հաճախ ժպտաս։ Այսինքն, պետք չէ ուրիշների հետ փչացնել հարաբե­րությունները ի հեճուկս բոլորի, եթե նրանք եղել են բամբասանքի պասիվ մասնակիցը։

Չորրորդ՝ ամենա­կարևորը. մի խուսափիր նրա հետ հանդիպել ու զրուցել։ Սակայն միշտ պետք է ինքդ ինքնավստահ լինես, որ նա իրեն անվստահ զգա։ Դա հատկապես հեշտ կլինի անել, երբ նա կասկածանքների մեջ է։ Օգտա­գործիր այն գրողների, փիլիսոփա­ների արտահայտությունները, որոնց մասին նա տեղյակ չէ։ Օգտա­գործիր այն բառերը, գիտելիքները, որոնք նա չի լսել և չգիտի, թե դրանք ինչ են նշանանում։ Բայց արա դա հանգիստ, ինքնավստա­հ և անշտապ։

Եթե ամեն ինչ անեք համահավաք, ապա արդյունքը կլինի դրական։ Բայց եթե ուզում եք լսել հոգեբանի պրոֆեսիոնալ խորհուրդը, ապա ես կասեմ, որ խորապես թքած ունե­ցեք նրանց վրա, ջնջեք նրանց ձեր կյանքից։

Եվ այդ բանը կարելի է անել սեփա­կան տանը նստած։

P.Տ. Սակայն, եթե ինքներս մեզ հետ ազնիվ լինենք՝  մենք բոլորս էլ ինչ որ չափով բամբասկոտ ենք։

ԱՅՆՊԵՍ ՈՐ, ՄԻ ՎԻՐԱՎՈՐՎԵՔ։

հոգեբան Գոհար ՄԻՆԱՍՅԱՆ


 Պիտակներ
         Գոհար Մինասյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb