Բակունցի և նրա կնոջ վերջին տեսակցությունները…

Հայեր 05.05.2021   20:00   127

Բակունցը  Վարվառայի հետ ծանոթացել է Խարկովում՝ 1923 թվականին:

Տեղի գյուղատնտեսական ինստիտուտն ավարտելուն պես Բակունցը Վարվառային առաջարկում է ամուսնանալ իր հետ և միասին մեկնել Հայաստան, բայց Վարվառան պատրաստվում էր բարձրագույն կրթություն ստանալ. այդպիսով նա մերժում է Բակունցի առաջարկը։

1923 թվականին Բակունցն, այնուամենայնիվ գալիս է Հայաստան, իսկ իր սիրո՝ Վարվառայի հետ նամակագրական կապ է պահպանում։ Ավելի ուշ պարզվում է, որ Վարվառային մերժել են մասնակցել ընդունելության քննություններին, և Բակունցը՝ օգտվելով առիթից, առաջարկում է իր սիրելիին գալ Հայաստան և այստեղ շարունակել ուսումը։

1923 թվականի դեկտեմբերին Վարվառան գալիս է Երևան և ընդունվում Պետական համալսարան, սակայն՝ հայերենի վատ իմացության պատճառով շուտով ստիպված է լինում կիսատ թողնել ուսումը։ Փոխարենը մեկ տարի անց՝ 1924-ին Վարվառան ընդունում է Բակունցի ամուսնության առաջարկությունն ու դառնում նրա կինը։

Զույգը որդի է ունենում՝ Սևադան, վերջինս առողջական խնդիրներ ուներ։ Ականատեսները վկայում են, որ Վարվառան սրտակից ընկեր էր Բակունցի համար, հավատարիմ ու սիրող կին։

Բակունցի ձերբակալությունը

Դեռևս 30-ական թվականներից այլախոհի պիտակի տակ էին առել նաև Բակունցին: Այսպիսով 1936 թվականի օգոստոսի 9-ին գրողը ձերբակալվել է: Մեղադրանքը ՝ «հակահեղափոխական, հակախորհրդային,ազգայնամոլական գործունեություն»: Բակունցի դատական նիստը տևում է ընդամենը 25 րոպե և կայացվում գնդակահարման որոշում: 1937 թվականի հուլիսի 8-ին գրողը գնդակահարվում է Ստալինի ցուցումով:

«Ծա՜նր է, շա՜տ ծանր…Մտածում ես մեկ ժամ, երկու, երեք, մեկ օր, երկու օր, մտածում ես հիմարանալու աստիճանի, մինչեւ հիշողությունդ փուլ է գալիս, եւ չգիտես՝ գիշե՞ր է, թէ՞ ցերեկ, միայն պարզ գիտակցում ես, որ կյանքը մնաց փակ դռների ետևում…Երբ ես հարցնում եմ, թէ ի՞նչ է լինելու հետո, հուսահատվում եմ, գիտակցությունս մթագնում է, ջղաձգությունները խեղդում են կոկորդս…Ի՞նչ է լինելու ինձ հետ…Գոյության միակ նպատակը մնում է գրականությունը… Ինձ գրելու եւ կարդալու հնարավորությու՜ն տվեք, ինձ գիրք ու մատի՜տ տվեք»…

Հատված Բակունցի՝ բանտում գրված նամակից

1937 թվականի սեպտեմբերի 17-ին կալանավորում են նաև Վարվառային, իսկ որդուն՝ Սևադային հանձնում են Բակունցի եղբորը: Հայտնի է, որ Բակունցի կնոջը 8 ամիս  պահում են բանտում՝ հատուկ խորհրդակցության որոշմամբ, որպես հայրենիքի դավաճանի կին։ Այնուհետև Վարվառային ութ տարով աքսորում են Տեմինկովյան ճամբար, որտեղից նա վերադառնում է 1945-ի աշնանը:

Մեզ են հասել Բակունցի կնոջ վկայությունները՝ իր և աքսորյալ ամուսնու վերջին տեսակցությունների մասին…

Բակունցի և կնոջ վերջին տեսակցությունները

«Կալանքի ժամանակ Բակունցի հետ ունեցել եմ երեք տեսակցություն: … Առաջին տեսակցության ժամանակ նա քիչ էր փոխվել: Նրա տրամադրությունը համեմատաբար առույգ էր, զգացվում էր, որ իր ձերբակալությունը համարում էր ինչ-որ թյուրիմացության հետևանք, որը շատ շուտ պիտի բացահայտվեր: Հոկտեմբերին ես նրան տվեցի հերթական սննդամթերքը և ստացա նրա կեղտոտ սպիտակեղենը: Բակունցը մեկ ամսվա ընթացքում այնքան էր փոխվել, որ ես դժվարությամբ ճանաչեցի այն մարդուն, որին ես գիտեի երկար տարիների ընթացքում: Ամբողջ տեսակցության ժամանակ Բակունցը հեծկլտում էր՝ կորցնելով ինքնատիրապետումը: Նա ինձ խնդրեց վերցնել թուղթ ու մատիտ, գրել այն ամենը, ինչ ինքը կասի:

«Իմացի՛ր,-այն Ամենը, ինչ ասում եմ քեզ, պատահական մտքեր չեն, այլ արդյունք են երկար անքուն գիշերների»:

Եվ նա թելադրեց ինձ, թե ինչպես պիտի դաստիարակեմ ու մեծացնեմ երեխային:

«Որդիս, այնքան շատ բան եմ ցանկացել կյանքում անել քեզ համար, բայց ինձ չհաջողվեց, մայրդ կանի նաև իմ փոխարեն»:

Զգացվում էր, որ այդ տեսակցությամբ նա հրաժեշտ էր տալիս մեզ: Նա ինձ ասաց, որ ինքը գրել է լիազորագիր-կտակ, որով ինձ է փոխանցվում իր հեղինակային իրավունքը:

Հաջորդ օր ես մտա ՆԳԺԿ, տարա նրա համար ընթերցելու գրքեր, և ես ստացա այն գրքերը, որոնք նա արդեն կարդացել էր: … Տուն վերադառնալով ես մեքենայաբար թերթատեցի գրքերը, որ նա վերադարձրել էր: Այդ գրքերի մեջ էր Գի դը Մոպասանի պատմվածքների ժողովածուն: Գրքի ցանկում «Պարան» պատմվածքի տակ ես նկատեցի մատիտով դրված փոքր կետեր:

… Բացեցի պատմվածքը, որի լուսանցքներն ամբողջովին սեղված-ընդգծված էին եղունգով: Պատմվածքի բովանդակությունը բացահայտեց նրա բարոյական ծանր կացությունը: Նոյեմբեր ամսին ինձ թույլատրեցին վերջին տեսակցությունը: Նա իրեն պահում էր հանդարտ:

… Նա ասաց, որ հարցաքննությունն ավարտված է, սպասում է դատին:

«Հավանական է, պետք է մեկնել, բայց դեռ կտեսնենք։ Ամուր եղի՛ր, հաշվիր, որ ավտովթար է եղել, և ես վթարի եմ ենթարկվել»։

… Դիմելով որդուն, որ ներկա էր նաև այդ տեսակցությանը, Բակունցն ասաց.

«Դու շա՞տ կամաչես, եթե քո հորը Երևանի փողոցներով տանեն դատարան:

-Ո՛չ, հայրի՛կ. – Ճիշտ է, զավա՛կս, դու մի՛ ամաչիր քո հոր համար, հիշի՛ր, հայրդ այնպիսի բան չի արել, որի համար կյանքում պետք է կարմրես» …

Վարվառա Բակունց (Չիվիջյան)
15.09.1954 թ.»

Նամակի աղբյուրը՝  Facebook/Հայագիտարան Հայաստան


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb