Բաղադրատոմսեր տղամարդկանցով. Կլեա Ռոխաս

Հերքումներ 14.04.2021   19:00   43

Լեզվաբան, գրականագետ ու լատիներենի դասախոս Կլեա Ռոխասը ծնվել է Վենեսուելայում։ Հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու, ինչպես նաև լատիներենի դասավանդմանը նվիրված գրքեր և հոդվածներ։ Նրա բանաստեղծություններն ու լատինամերիկյան պոետներին նվիրված ուսումնասիրությունները լույս են տեսել տպագիր և առցանց ամսագրերում։

Չգիտեմ՝ սիրահարվեմ թե սենդվիչ սարքեմ․․․
Մի տեսակ ստամոքսումս մի բան եմ ուզում զգալ։

Անանուն գրառում Ֆեյսբուքում

ՐՈՊԵԱԿԱՆ ԱՄՈՒՍԻՆ

Եթե չես ճարում թարմ արքայզն
վերցրու պարզ րոպեական տղամարդու
որին պատրաստելու կարիք չկա
ու հեշտությամբ է բացվում․
հետևիր կռնակին գրված օգտագործման եղանակին
ու երբ գոլանա մի քիչ քաղցրացրու
հետո մի փոքր լիկյոր ավելացրու
ու անմիջապես պատրաստ կլինի։

ՏՆԱԿԱՆ ԱՄՈՒՍԻՆ
Ցանկալի է սպառել
ամուսնության օրվանից սկսած
երեք օրվա ընթացքում։
Թե չէ հետո թթվում է։

ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱՄՈՒՍԻՆ

Նաև կան որոշ տղամարդիկ
որոնց հնարավոր է պահպանել
վեց ամսից ավելի
շատ տաք տեղում
խորդանոցում
կամ էլ անկողնում․․․

LIGHT ԱՄՈՒՍԻՆ

Այնքան թեթև է լինում
որ չես զգում
երբ վրադ է
կամ երբ հագեցած
լքում է տունդ

Ավելի լավ է գտիր լիարժեք տղամարդու
որ քեզ կսիրի
բնականով
առանց պահպանակների։

ԽՏԱՑՐԱԾ ԱՄՈՒՍԻՆ

Մի՛ ընդհատիր նրան
Մի՛ պնդիր
Մի՛ հարցրու
Մի՛ փորձիր իմանալ
ինչ է մտածում ուրիշ կնոջ մասին
երբ նրա մասին է մտածում
Նրան շատ մի՛ խառնիր
Թե չէ կտարրալուծվի
Ու համը դուրս կգա։

ԳՈՒՐՄԱՆ

Եթե չես հասկանում
թթվասեր ես ուզում
թե սեր,
Եթե մի բան է պետք որ քեզ լցնի
կամ մեկը որ քեզ ուտի
Դարձիր տպավորիչ հրապուրիչ հրաշալի
ու գնա մենակ
որ քեզ հրամցնեն
(որպես) աղանդեր
քաղաքի ամենալավ
ռեստորանում

Թարգմանությունը իսպաներենից՝ Ալիս Տեր-Ղևոնդյանի

Աղբհուրը՝ granish.org


 Պիտակներ
         Կլեա Ռոխաս


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb