Բացահայտվել են ապօրինի ճանապարհով 106 հա հողատարածքներ իրացնելու դեպքեր

Իրադարձային 03.10.2019   11:17   48
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Հետք» էլեկտրոնային թերթի 2018թ. սեպտեմբերի 28-ի «Պաշտոնյաները Ծաղկաձորում 60 հա անտառ են սեփականաշնորհել» վերտառությամբ հրապարակման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել են Կոտայքի մարզպետի և Հրազդան համայնքի ղեկավարի կողմից նույն մարզի Հրազդան, Ծաղկաձոր համայնքների, ինչպես նաև Աղավնաձոր, Արտավազ, Արզական համայնքներին հարակից հողերի աճուրդային կարգով իրացման գործընթացի հետ կապված չարաշահումներ: Այս մասին հայտնեցին ՀՀ Հատուկ քննչական ծառայությունից: 

Այսպես, պարզվել է, որ ՀՀ կառավարության 2007թ ապրիլի 5-ի թիվ 422-Ն որոշմամբ Կոտայքի մարզի տարածքում գտնվող համայնքների վարչական սահմաններից դուրս 55.88 հա, իսկ Հրազդան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող 50.48 հա անտառային ֆոնդի հողատարածքների կատեգորիան փոխվել է: Դրանց մի մասը փոխադրվել է հատուկ պահպանվող տարածքների հողերի կատեգորիա, մյուս մասը՝ բնակավայրերի հողերի կատեգորիա՝ խառը կառուցապատման համար:

Նշված հողատարածքները առանց աճուրդները փաստացի կազմակերպելու` կեղծ փաստաթղթեր կազմելու  միջոցով ձեռք են բերվել այդ ժամանակաշրջանում հայտնի տարբեր անձանց, պաշտոնյաների և նրանց մերձավորների կողմից:

Մասնավորապես, հիշյալ տարածքում հողամասեր են ձեռք բերել քննարկվող ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցրած Մարտուն Մաթևոսյանը, Հրազդան համայնքի ղեկավար Արամ Դանիելյանի կինը՝ Զարիկ Գևորգյանը, հիշյալ համայնքի ղեկավարի խորհրդական Լևոն Արզումանյանի որդին՝ Արսեն Արզումանյանը, Կոտայքի մարզպետ Կավալենկո Շահգալդյանի մտերիմ, Չարենցավան քաղաքի «Մշակույթ» ՀՈԱԿ-ի տնօրեն Ռոման Գալուստյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի որդին՝ Արմեն Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանի եղբայրը` Իշխան Վարդանյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի կինը՝ Շամրիկ Գաբրիելյանը, գործարար Սամվել Մայրապետյանը, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանի վարորդ Գրիգոր Գևորգյանն ու անվտանգության աշխատակից Բագրատունի Բարսեղյանը, ինչպես նաև բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի հորեղբայրը՝ Նիկիտա Աբրահամյանը:

Այսպիսով, քրեական գործի նախաքննության ընթացքում հիմնավորվել է, որ Կոտայքի նախկին մարզպետ Կավալենկո Շահգալդյանը և Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը կատարել են ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրանց կողմից ստեղծված աճուրդային հանձնաժողովի անդամներ Լևոն Պետրոսյանը, Մանվել Պետրոսյանը, Ռուդիկ Հովսեփյանը, Արմինե Վերդյանն ու Մյասնիկ Կոստանյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցավոր արարքներ:

Նշված պաշտոնատար անձանց գործողությունների արդյունքում ապօրինի օտարվել են 106 հա հողատարածքներ, ինչն էլ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացրել ծանր հետևանքներ:

Նկատի ունենալով, որ վերը նկարագրված դեպքերում անցել են քրեական պատասխանատվության ենթարկելու` օրենքով նախատեսված ժամկետները, ինչի կապակցությամբ հակաօրինական արարք կատարած վերոհիշյալ անձինք դիմել են վարույթն իրականացնող մարմնին` վերը նշված հիմքով իրենց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու խնդրանքով, ուստի ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել նրանց նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին: Որոշման օրինակներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն` պետական շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն` օրենքով սահմանված կարգով վարչական ակտերն առոչինչ ճանաչելու և նշված գույքային միավորները Ծաղկաձոր համայնքին և Կոտայքի մարզպետարանին վերադարձնելու գործընթաց նախաձեռնելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ապօրինի ճանապարհով


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon