Բացահայտվել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ

Իրադարձային 01.08.2019   09:58   188
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն ապօրինի միգրացիայի դեմ պայքարին ուղղված գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է անօրինական միգրացիայի կազմակերպմամբ զբաղվող հանցավոր խումբ:

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ Իրաքի Հանրապետությունում բնակվող մի խումբ անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ տարածքով տարանցման պատշաճ թույլտվություն ստանալու համար կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ, կազմակերպել են Իրաքի մի շարք քաղաքացիների ապօրինի միգրացիան՝ նրանցից յուրաքանչյուրից ստանալով 12.000-ական եվրո գումար:

Հանցավոր խումբը վերջիններիս հանձնել է Էրբիլ-Երևան և Երևան-Ստամբուլ-Էրբիլ չվերթների տոմսեր՝ պայմանավորվելով, որ նրանք իրականում չեն վերադառնալու Իրաք, այլ Հայաստանից ապօրինի մեկնելու են Եվրոպա: Համաձայն մշակված պլանի՝ այդ անձինք ՀՀ պետական սահմանը հատել են իրենց օրինական՝ Իրաքի Հանրապետության քաղաքացու անձնագրերով, իսկ օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով իսպանական և ֆրանսիական ակնհայտ կեղծ անձնագրերը և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, փորձել են նստել Վիեննա մեկնող ինքնաթիռ, սակայն ՀՀ ԱԱԾ աշխատակիցները բացահայտել են հանցանքը, և ապօրինի միգրացիայի կազմակերպումը կանխվել է:

Իրաքի Հանրապետության հիշյալ քաղաքացիները ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով ձերբակալվել են և ներգրավվել որպես մեղադրյալ, իսկ որպես խափանման միջոց ընտրվել է անձնական երաշխավորությունը:

Բացի այդ, ՀՀ 2 քաղաքացի, որոնցից մեկը հնարավոր է՝ առնչություն ունի Իրաքի քաղաքացիների անօրինական միգրացիայի կազմակերպման հետ, նույն եղանակով կազմակերպել են ՀՀ մի խումբ քաղաքացիների ապօրինի միգրացիան դեպի Եվրոպա: Մասնավորապես, օդանավակայանի չեզոք գոտում օգտագործելով հունական կացության կեղծ վկայականներ և դրանց տվյալներով ձևակերպված նստեցման կտրոնները, նշված քաղաքացիները փորձել են նստել Բարսելոնա մեկնող ինքնաթիռ, սակայն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից: Վերջիններիս նկատմամբ կիրառվել է ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց, կատարվել են համապատասխան քննչական գործողություններ:

Խուզարկությամբ կազմակերպիչների բնակության վայրերում հայտնաբերվել են իսպանական կացության քարտեր և Հունաստանի մուտքի ինքնասոսնձվող արտոնագրեր: Հիշյալ անձինք բերման են ենթարկվել և ձերբակալվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով:

Առերևույթ հանցագործություններ կատարելու համար ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել հինգ անձի: Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 Լուսանկարներ


 Պիտակներ
         ԱԱԾ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon