Բաց նամակ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Հրատապ 24.06.2020   12:39   34338

         Բաց նամակ ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Արգո Վլադիմիր Վլադիմիրի,

Ձեզ դիմելու շարժառիթը՝ «Covid-19» համավարակով սկզբնավորված  ու աշխարհում գնալով խորացող անորոշ իրավիճակն է , Ձեզնից ունեցած ակնկալիքը՝ ի դեմս Ձեզ , հիմնիվեր վերափոխվող աշխարհում Ռուսաստանի կողմից դրսևորվելիք սողոմոնյան իմաստնությունն ու , Նոր աշխարհի տրամաբանությունից ածանցվող  իրապես գիտակցված մարդակենտրոն մոտեցումը:

Այն, որ աշխարհն այլևս առաջվանը չի լինելու , թերևս կասկածից վեր է: Երկիր մոլորակը հայտնվել է բախտորոշ ընտրանքի առջև: Նա կարող է կամ սեփական ճակատագրի գերեզմանափորը դառնալ , կամ էլ՝ հիմնիվեր վերանայել Բնության ու մարդու հանդեպ դարեր ի վեր դրսևորվող տմարդի վերաբերմունքը:

Անկեղծությունը պահանջում է շեշտել , որ ասվածը վերաբերում է թե՛ հոգին ավանդող զառամյալ վաշխառուին՝ մարդկությանն արդեն քանի հարյուրամյակ իր սարդոստայնում պահող ու այդ կերպ աշխարհը կառավարող ֆինանսաբանկային համակարգին , թե՛ նույնքան վտանգավոր , մարդկությանն իր միջուկային «օրորոցայիններով» անկողին ուղեկցող ռազմարդյունաբերական համալիրին: Որ այլևս այսպես շարունակվել չի կարող՝ գիտակցում են բոլորը: Ու ամենևին էլ պատահական չէ , որ ի դեմս Երկիր մոլորակի փրկության՝ տիեզերական ներդաշնակության հաստատումը համաշխարհային օրակարգի կարմիր գծում է հայտնվել: Երկիր մոլորակն ու համայն մարդկությունը միանգամայն նոր խոսքի ու մարդկության ընթացքի վերաթարմացման անհրաժեշտություն ունեն:                                                                                                     

Վլադիմիր Վլադիմիրովիչ , իմ դիտարկումներով դեռ տարիներ առաջ էի Ձեր ուշադրությունը հրավիրել աշխարհում գործող ֆինանսաբանկային վաշխառուական համակարգի և բորսաների փլուզման մոտալուտությանը, ուկրաինական և սիրիական զարգացումների տրամաբանական ավարտին, «Թուրքական հոսք» գազամուղի կառուցման անպտղությանն ու վնասակարությանը (նայել այստեղ՝ tehnowar.ru):

Առաջատար լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումներում՝ ես քանիցս հանդես եմ եկել նաև հանրային նշանակության միջոցները խորհրդային նախկին հանրապետություններին վերադարձնելու հորդորով: Զորօրինակ, ես շարունակաբար հանդես եմ եկել  «Գազպրոմը», «Հայկական երկաթուղին», կենսական նշանակության մի շարք այլ ձեռնարկություններ ( այդ թվում՝ «Գույք պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին փոխանցված միավորները) պետական կառավարման վերադարձնելու և վերջին երեսնամյակում կյանքի բնականոն նորմ դարձած միջպետական թալանը կանխարգելելու պահանջով: Սակայն, ցավոք սրտի պիտի նկատեմ, որ վերոնշյալ կանխատեսումների  իրողություն դառնալուց հետո միայն, հիշյալ հրապարակումներն արժանացան  իրավասու մարմինների, ավաղ արդեն՝ ուշացած արձագանքին:                                                                                    

Արգո Վլադիմիր  Վլադիմիրի, ըստ իս, ի դեմս Ձեզ, վերափոխվող  աշխարհում Դանկո դառնալու և Ռուսաստանին հետամնաց ու մարդատյաց երկիր ներկայացնելու արևմտյան իմիջմեյքերների «տարիների վաստակը» զրոյացնելու պատմական հնարավորություն է ներկայացել: Ռուսաստանն իրապես կարող է գործընկերային առողջ հարաբերություններ հաստատել թե՛ դրացիների, թե՛ միութենական նախկին հանրապետությունների, ասենք՝ Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի հետ:

Հարաբերություններ, որոնք  խարսխված կլինեն ոչ թե «ավագ եղբոր» նախանձելի ախորժակի ու կրտսերների պահանջների անտեսման, այլ փոխլրացման տրամաբանության վրա: Հարաբերություններ , որոնք եղբայրության անունից խոսելով կիրականացնեն  ոչ թե «Գույք պարտքի դիմաց» «սաստող գործողությունը», այլ տրամագծորեն հակառակը՝ չգիտակցված վերաբերմունքի և սեփական տնօրինությանն առած միջոցները՝  պատեհությունից օգտված «բարեկամների» հորդորով  միմյանցից օտարված եղբայրներին վերադարձնելու և  նրանց ազատ ու անկաշկանդ գործելու հնարավորություն կընձեռեն: Հավատացնում եմ, այդ ժամանակ միայն ճարահատ «կրտսերները» փրկության հույսով պատեպատ չեն զարկվի ու արևն  էլ իսկապես կդառնա բոլորինը ու նույն «քնարի» լարերը կդառնան ներդաշնակ երաժշտության իրապես լիիրավ մասնակիցները…

Հարգանոք՝ անկախ իրավապաշտպան
Արբակ Խաչատրյան



 Պիտակներ
         Արբակ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb