Ազգային-ժողովրդավարական Բևեռի նամակը Մակրոնին

Քաղաքական 28.04.2021   13:20   34

Ազգային-ժողովրդավարական Բևեռի նամակը Ֆրանսիայի նախագահ Է. Մակրոնին․

Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ն․Գ․ պարոն Էմանուել Մակրոնին

Մեծարգո պարոն Նախագահ
Հայ ժողովրդի անունից, Հայաստանի Ազգային-ժողովրդավարական Բեւեռն հայտնում է Ձեզ եւ  Ֆրանսիայի ողջ ժողովրդին մեր խորին երախտագիտությունը Հայաստանի համար այս ողբերգական պահին ցուցաբերվող աջակցության եւ համերաշխության համար։

21-րդ դարում Ֆրանսիան առաջինը ճանաչեց Հայոց Եղեռնը որպես ցեղասպանություն՝ նախագահ Ժակ Շիրակի որոշմամբ, 2001 թվականին, այսպիսով վերադարձնելով մեր ազգային հիմնահարցը համաշխարհային քաղաքականության եւ պատմական արդարության դաշտ։

2020 թ․ աշնանը՝ Հայաստանի դեմ սանձազերծված ահաբեկչական պատերազմի օրերին, Դուք, պարոն Նախագահ, հայտարարել էիք, որ Ֆրանսիան Հայաստանի կողքին է լինելու։

Ցավոք, Ֆրանսիայի խաղաղ նախաձեռնությունները եւ առաջարկվող քաղաքական օժանդակությունը մերժվեցին Կրեմլի վերահսկողության տակ գտնվող ՀՀ իշխանության կողմից, ինչը բերեց աննախադեպ աղետ ու արհավիրք հայ ժողովրդին։

Ֆրանսիայի Սենատի պատրաստակամությունը` ճանաչել Արցախի անկախությունը եւ միջազգային օրենքը վերականգնելու` Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ գործընթացը վերսկսելուն ուղղված Ձեր հսկայական ջանքերը, Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատելու Ֆրանսիայի ԱԳՆ եւ ֆրանսիական հասարակության պահանջները հույս եւ հավատ են ներշնչում Հայոց Ցեղասպանությունից մեկ դար անց պաշտպանելու հայ ժողովրդին նոր ցեղասպանական աղետից։

Մեծարգո պարոն Նախագահ, այսօր Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ ծրագրով փորձ է արվում օտարել Հայաստանի Հանրապետությունից հարավային նահանգը, Սյունիքը, այսպես կոչված «Մեղրիի միջանցքով» ապահովելու համար Թուրքիայի ուղիղ ցամաքային կապը Ադրբեջանի եւ Կենտրոնական Ասիայի հետ, հայկական տարածքների եւ շահերի հաշվին։ Մասնավորապես, այս նախագիծը միտված է վերացնելու Հայաստանի սահմանը եւ կապը Իրանի հետ, այսպիսով վերջնականապես մեկուսացնելով եւ անկենսունակ դարձնելով մեր պետությունը։

Ստեղծված իրավիճակում մենք դիմում ենք Ձեզ, պարոն Նախագահ եւ ի դեմս Ձեզ՝ Ֆրանսիայի ժողովրդին, օգնության եւ աջակցության խնդրանքով։

ՀՀ կառավարությունը լիովին վերահսկվում է Ռուսաստանի կողմից եւ անկարող է պաշտպանել ազգային շահերը։ Ուստի, հայոց պետականությունը փրկելու համար, անհրաժեշտ ենք համարում դիմել Ձեզ խնդրանքով՝ դիտարկել ՀՀ հարավային սահմանում Ֆրանսիական կամ միջազգային խաղաղապահ զորամիավորման հրատապ տեղակայման հնարավորության հարցը, պաշտպանելու համար հայոց պետականությունը, Հայաստանի տարածքային ամբողջականությունը։

Ազգային-ժողովրդավարական բևեռը, այսօր հանդիսանալով Հայաստանի ինքնիշխանության վերականգնման, ժողովրդավարության, Արևմուտքի՝ հատկապես նաև Ֆրանսիայի հետ փոխշահավետ հարաբերությունների ստեղծման ու խորացման գաղափարները կրող և դրանց իրագործման համար ակտիվ գործունեություն ծավալած ուժ, առաջիկայում հայ ժողովրդի, առաջադեմ ժողովրդավարական ուժերի աջակցմամբ ստանձնելով պետական իշխանության պատասխանատվությունը, ամեն ջանք գործադրելու է վերականգնելու Հայաստանի ինքնիշխանությունը և ինքնիշխանության երաշխավոր, տարածաշրջանում քառորդ դար խաղաղություն ու կայունություն ապահոված, հայոց ազգային բանակը։

Տարածաշրջանային խաղաղ ծրագրերի իրականացման նախադրյալների ստեղծման, հետգայում նաև դրանց իրագործումն ապահովելու համար Ազգային-ժողովրդավարական բևեռը պատրաստ է խորը և համապարփակ համագործակցության Ֆրանսիայի կառավարության, նրա ներկայացուցիչների, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ։

Խորին հարգանքներով և երախտագիտությամբ․ Ազգային-ժողովրդավարական Բևեռի Խորհուրդ


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb