Ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները վերականգնվել են

Իրադարձային 03.06.2020   15:18   101

Հայաստանի ազգային գրադարանի էլեկտրոնային շտեմարանները, որոնք մայիսի 9-ից  խափանվել  էին, վերականգնվել են և հասանելի են 24 ժամ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին հունիսի 3-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Սարիբեկյանը:

«Նախորդ ասուլիսին կարևոր շեշտադրումներ արեցինք: Նշեցինք, որ բոլոր նյութերը, ծրագրային ֆայլերը, թվայնացված գրականության, գրքերի և մամուլի  ամբողջ բազան Ազգային գրադարանում առանձին կրիչներով պահված են եղել: Երկրորդ կարևոր շեշտադրումն այն էր, որ մենք, սերվերների արտաքին տեսքից դատելով, կարող էինք ասել, որ դրանք բավականին հուսալի վիճակում են, որովհետև դրանց  կոշտ սկավառակները փորձաքննությունից հետո հանել էինք, բացել և տեսել, որ ոչ մի պլատա վնասված չէ: Դա մեզ հնարավորություն էր տալիս եզրակացնելու, որ հնարավորությունը փոքր է, որ այդ սերվերները հնարավոր չլինի գործարկել»,- ասաց նա:

Սարիբեկյանը հիշեցրեց, որ հավաստիացրել են՝ երկու, երեք շաբաթ հետո ամբողջ արխիվը վերականգնված կլինի, և շտեմարանները նորից կգործեն:

Այժմ իրազեկում են, որ ՀԱԳ էլեկտրոնային շտեմարանները կրկին հասանելի են: Երկուշաբթի և երեքշաբթի դրանց թեստային փորձարկումներն են արել: Շտեմարաններն այդ օրերին հասանելի էին մինչև երեկոյան 18:00-ը, իսկ այժմ հասանելի են 24 ժամ:

Սարիբեկյանի խոսքով՝ հենց սկզբից չեն բացառել, որ խափանման պատճառը կարող է նախապես ծրագրված լինել: Դեպքի առթիվ դեռ փորձաքննություն է իրականացվում  և դեռ չի հերքվել մարդկային դիտավորության, միջամտության գործոնը:

«Մեզ մոտ ծառայողական քննություն է անցնում, և գրադարանի բոլոր աշխատակիցները, որոնք դեպքի օրն այցելել են Ազգային գրադարան, զեկուցագրեր են ներկայացնում: Ես իմ վերջնական դիրքորոշումը ծառայողական քննության և փորձաքննության ավարտից հետո կհանձնեմ»,-ընդգծեց գրադարանի տնօրենը:

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ բովանդակային առումով ոչ մի կորուստ չունեն, սերվերները մանրակրկիտ մաքրվել են: «Այս ընթացքում տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետների մի ամբողջ համայնք ձևավորվեց մեր գրադարանի շուրջ, որը պատրաստակամություն է հայտնել մեզ աջակցել նաև հետագայում: Նրանք այս օրերին մանրակրկիտ մաքրել են սերվերները, թեստավորել են և պատրաստի շահագործման համար հանձնել են գրադարանին: Մեր ամենամեծ կորուստն օդորակիչն է, երկու մոնիտոր, երկու ստեղնաշար, ինտերնետի փոխարկիչ: Սերվերային սարքավորումների հոսանքի անխափան սնուցման սարքը բավականին լավ վիճակում է: Սերվեները շահագործելու համար բոլոր սարքավորումները պահպանված են»,-եզրափակեց Հրաչյա Սարիբեկյանը:



 Պիտակներ
         Ազգային գրադարան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb