Այսօր Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է

Մարդիկ 09.01.2020   09:00   443
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Հայ կինոռեժիսոր և սցենարիստ Սերգեյ Փարաջանովը (Սարգիս Հովսեփի Փարաջանյան) ծնվել է 1924 թվականի հունվարի 9-ին, Թբիլիսիում, հնավաճառի ընտանիքում:

1942 թվականին Սերգեյ Փարաջանովը, ավարտելով միջնակարգ դպրոցը, ընդունվեց Թիֆլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներական ինստիտուտի շինարարական ֆակուլտետը։ Մեկ տարի անց նա հասկացավ, որ արվեստն ավելի շատ է սիրում, հեռացավ ինստիտուտից և ընդունվեց միանգամից 2 բուհ՝ Թբիլիսիի կոնսերվատորիայի վոկալի բաժինը և Օպերային թատրոնին կից գործող պարային ուսումնարանը:

1945 թվականին տեղափոխվեց Մոսկվայի կոնսերվատորիա՝ Նինա Դորլիակի դասարան։ Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ Փարաջանովը 1946 թվականին ընդունվեց նաև ՎԳԻԿ-ի ռեժիսուրայի ֆակուլտետ։ Սկզբնական շրջանում սովորում էր Իգոր Սավչենկոյի, իսկ վերջինիս մահից հետո՝ Ալեքսանդր Դովժենկոյի արվեստանոցում: Այս արվեստանոցում են սովորել նաև շատ այլ հայտնի ռեժիսորներ՝ Ալեքսանդր Ալով, Վլադիմիր Նաումով, Յուրի Օզերով, Մարլեն Խուցիև, Ֆելիքս Միրոներ, Հենրիխ Գաբայ, Նիկոլայ Ֆիգուրովսկի, Լատիֆ Ֆայզիև և Գրիգոր Մելիք-Ավագյան։ Ուսանողները ակտիվորեն մասնակցում էին իրենց ուսուցչի՝ Ի․ Սավչենկոյի ֆիլմերի նկարահանումներին՝ 1948 թվականին՝ «Երրորդ հարվածը» և 1951 թվականին՝ «Տարաս Շևչենկո»:

1949 թվականին Փարաջանովն սկսեց աշխատել Կիևի Դովժենկոյի անվան ստուդիայում որպես ռեժիսորի օգնական, մինչև 1960 թվականը։
Նա ՎԳԻԿ-ն ավարտեց 1951 թվականին։ Դիպլոմային աշխատանքը կարճամետրաժ «Անդրիեշ» ժապավենն էր։

1959 թվականին Փարաջանովը Կիևում նկարահանեց «Առաջին տղա», իսկ 1961 թվականին՝ «Ուկրաինական ռապսոդիա» ֆիլմերը։ Նրա երրորդ ֆիլմը՝ «Ծաղիկ քարի վրա»-ն, էկրան բարձրացավ 1962 թվականին։ Այն մեծ բողոքներ առաջացրեց ուկրաինական կինեմատոգրաֆի շրջանակներում, որի արդյունքում ֆիլմի վարձույթը սահմանափակ էր․ բազմացվեց միայն 158 օրինակ ֆիլմից, սակայն այն դիտեց 5 միլիոն հանդիսատես։ Տասը տարվա ընթացքում Փարաջանովը նկարահանեց ընդամենը 4 ֆիլմ, որոնք ռեժիսորին հաջողություն չբերեցին։

1964 թվականին Փարաջանովն Ալեքսանդր Դովժենկոյի անվան կինոստուդիայում նկարահանեց «Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմը, որը դարձավ 1960-ական թվականների խորհրդային կինոյի ամենավառ իրադարձություններից մեկը և իր տեղը զբաղեցրեց այնպիսի հայտնի ֆիլմերի կողքին, ինչպիսիք են Միխայիլ Կալատոզովի «Թռչում են կռունկները», Գրիգորի Չուխրայի «Բալլադ զինվորի մասին» և Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը»։ 1966 թվականին Կիևի Համամիութենական կինոփառատոնում ֆիլմն արժանացավ մրցանակի։ Սակայն արևմուտքում (այնտեղ ֆիլմը ցուցադրվում էր «Հրեղեն ձիերը» անվամբ) ֆիլմի նկատմամբ հետաքրքրությունն անհամեմատ մեծ էր, քան հայրենիքում։ 1965 թվականին ֆիլմը մրցանակներ ստացավ նաև Բրիտանական ակադեմիայից, Հռոմի և Մար դել Պլատայի փառատոներից։ 2 տարվա ընթացքում ֆիլմը ստացավ միջազգային փառատոների 28 մրցանակ, պարգև և դիպլոմ՝ դառնալով խորհրդային ամենահայտնի ֆիլմերից մեկը։

1966 թվականին Փարաջանովն իր սցենարի հիման վրա սկսեց նկարահանել «Կիևի որմնանկարներ» ֆիլմը, որը նվիրված էր Հայրենական Մեծ պատերազմի իրադարձություններին։ Ֆիլմի առաջին փորձերից հետո պաշտոնյաները ռեժիսորին մեղադրեցին պատերազմի իրադարձություններին ցնորական և առեղծվածային-սուբյեկտիվ վերաբերվելու համար և արգելեցին հետագա նկարահանումները։ Հասկանալով, որ Կիևում նրան այլևս չեն թողնի աշխատել՝ նա տեղափոխվեց Երևան՝ «Հայֆիլմ», որտեղ նկարահանեց «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը, իսկ 1968 թվականին սկսեց «Նռան գույնը» («Սայաթ-Նովա») գեղարվեստական ֆիլմի նկարահանումները։

Պետկինոյի ղեկավարները թերահավատորեն ընդունեցին ֆիլմը և չհասկացան ռեժիսորի նորարական գաղափարները, այդ իսկ պատճառով ֆիլմը վարձույթի դուրս եկավ միայն 4 տարի անց՝ 1973 թվականին։ Այդ ժամանակ Փարաջանովը հրաժարվեց մոնտաժել ֆիլմը, և դա նրա փոխարեն կատարեց ռեժիսոր Սերգեյ Յուտկևիչը։ Այդ պատճառով գոյություն ունի ֆիլմի 2 տարբերակ՝ հեղինակային, որը գրեթե ոչ ոք չի տեսել, այն «Հայֆիլմի» արխիվում է և Յուտկևիչի ֆիլմը, որը դուրս եկավ վարձույթի։

Չորս տարի անց բանտից դուրս գալուց հետո նա երկար ժամանակ առանց աշխատանքի էր։ Կինեմատոգրաֆ նրան չէին կանչում, թեև անգործության տարիներին՝ 1968-1982 թվականներին, 17 սցենար էր գրել: Սակայն դրանցից ոչ մեկը պահանջարկ չուներ։ Փարաջանովը հազվադեպ Կիև էր մեկնում՝ որդուն՝ Սուրենին այցելության, որը սովորում էր ճարտարագիտական ինստիտուտի շինարարական ֆակուլտետում։ Ազատ արձակվելուց մի քանի տարի անց Փարաջանովը սկսեց կրկին զարմացնել իր համարձակ ճառերով։

Կյանքի վերջին տարիներին Փարաջանովն ակտիվորեն աշխատում էր կինոյում։ 1986 թվականին նկարահանեց «Արաբեսկներ Փիրոսմանիի թեմայով» փաստագրական ֆիլմը, իսկ 2 տարի անց՝ «Աշուղ Ղարիբը» գեղարվեստական ֆիլմը, որի հիմքում ընկած է Միխայիլ Լերմոնտովի համանուն պոեմը։ Վերջին ֆիլմը ցուցադրվեց Վենետիկի փառատոնում:

1989 թվականին Փարաջանովը սկսեց աշխատել հերթական ֆիլմի վրա՝ «Խոստովանանք», որը պետք է ինքնակենսագրական լիներ։ Սակայն ռեժիսորը չհասցրեց նկարահանել այն` ծանր հիվանդության պատճառով: 1989 թվականի մայիսին Թբիլիսիում մահացավ Փարաջանովի քույրը՝ Աննան, իսկ մի քանի ամիս անց բժիշկները ռեժիսորի մոտ ախտորոշեցին թոքի քաղցկեղ։ Հոկտեմբերին նրան տեղափոխեցին Մոսկվա և պառկեցրին Պիրոգովկա հիվանդանոցում։ Վիրահատեցին, հեռացրին թոքը, սակայն առողջական վիճակը չբարելավվեց։ 

1990 թվականի հուլիսի 17-ին Փարաջանովը վերադարձավ Երևան և երեք օր անց մահացավ։ Հուլիսի 25-ին ռեժիսորին թաղեցին Պանթեոնում։



 Պիտակներ
         ԾՆՈՒՆԴՆԵՐ, Սերգեյ Փարաջանով, Հունվար 9


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon