Այսօր Պալիատիվ օգնության համաշխարհային օրն է

Օրացույց 12.10.2020   10:30   332

Պալիատիվ բուժօգնության ծառայությունն առողջապահական համակարգի գործունեության նոր` մարդասիրական ուղղություններից է և ունի սոցիալական կարևորություն։ Այն կյանքին  վտանգ  սպառնացող  կամ  անբուժելի հիվանդություն  ունեցող  պացիենտի և նրա ընտանիքի կյանքի որակի բարելավմանն ուղղված բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որը նպատակ ունի մեղմել պացիենտի ցավը, տառապանքը և հիվանդության հետ կապված ֆիզիկական, սոցիալ-հոգեբանական, հոգևոր և այլ խնդիրներ՝ դրանք վաղ հայտնաբերելու, գնահատելու և անհրաժեշտ միջամտություններ իրականացնելու միջոցով:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ 2 տարին մեկ անգամ հոկտեմբերի 2-րդ շաբաթ օրը նշվում է Պալիատիվ օգնության համաշխարհային օրը: Այս տարվա կարգախոսն է. «Իմ խնամքը, իմ իրավունքը»:

  Կարևորելով պալիատիվ օգնության դերը և նշանակությունը` Հայաստանում պալիատիվ բժշկությունը ներդնելու նպատակով 2017 թվականին կառավարության կողմից հավանության է արժանացել «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը»: Մշակվել և հաստատվել են «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշիչը», «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակում պացիենտի ցավի գնահատման և կառավարման ուղեցույցը», «Բժշկական նպատակներով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի օգտագործման կարգը և պայմանները», պարզեցվել են «պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում» մատուցելու, այդ թվում` շարժական (մոբիլ) ծառայության համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները:

 «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման տրամադրման չափորոշչում», 2018 թվականին կատարված փոփոխությամբ նախատեսվում է պալիատիվ բժշկական օգնության տրամադրումը կազմակերպել պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում: Այդ նպատակով 2019 թվականին առաջին անգամ սահմանվել է պետական պատվեր արտահիվանդանոցային և արտագնա պալիատիվ բուժօգնության գծով: Ներկայումս Երևանի թիվ 13 պոլիկլինիկայում պալիատիվ բուժօգնության թիմի  մասնագետները (բժիշկ, բուժքույր, հոգեբան և սոցիալական աշխատող) ցուցաբերում են անհրաժեշտ ծառայությունները պոլիկլինիկայի բնակիչ հանդիսացող խնամքի կարիք ունեցող շահառուներին:

2020-ին նախատեսվում է ընդլայնել պալիատիվ բուժօգնության ծառայությունների մատուցման աշխարհագրությունը` ներդնելով այն Երևանում և մարզերում գործող պոլիկլինիկաներում, ինչպես նաև հիվանդանոցային կազմակերպություններում։ 



 Պիտակներ
         Պալիատիվ օգնություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb