Այսօր Օսիպ Մանդելշտամի ծննդյան օրն է
Ինձ մարմին է շնորհված - նրա հետ ի՞նչ անեմ ես,
Մարմին, որ իմն է այնքան, ամբողջական է այնպես:
Երջանկության համար այս` շնչելու ու լինելու,
Ասեք խնդրեմ, ու՞մ եմ ես շնորհակալ լինելու:
Ես, որ ծաղիկ եմ այգում, ուր այգեպան եմ նաև,
Մութ զնդանում աշխարհի միայնակ չեմ արդարև:
Ու նշմարվում է արդեն հավերժության ապակուն
Շնչառության մեջ ապրող ջերմությունը իմ հոգու:
Նրա վրա շերտ առ շերտ զարդանախշեր են բանվում,
Նախշեր, որ ոչ մի լեզվով, ոչ մի կերպ չեն անվանվում:
Վայրկյանները թող հոսեն որպես մրուր, որպես մուժ,-
Զարդանխշերն հարազատ էլ չի ջնջի ոչ մի ուժ:
Թարգմ. Հ. Բեյլերյան
Ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Էմիլևիչ Մանդելշտամը ծնվել է 1891 թվականի հունվարի 15-ին Վարշավայում:
Սովորել է ժամանակի լավագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում Սորբոնի և Հայդելբերգի համալսարաններում։ Նախապես հանդես է եկել որպես սիմվոլիստ, 1912-ին միացել ակմեիստներին։ Եղել է Հայաստանում, գրել է բանաստեղծություններ, ուղեգրություններ նվիրված Հայաստանին և հայությանը։
Ձերբակալվել է, դարձել անհատի պաշտամունքի զոհ։ Հետմահու արդարացվել է։ Ռուսական բանաստեղծության մեծագույն ներկայացուցիչներից է։
Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունները և արձակը հայերեն է թարգմանել Հրաչյա Բեյլերյանը:
Վախճանվել է 1938 թվականի դեկտեմբերի 27-ին Վլադիվոստոկի մոտ:
Հիշողություն
- 1992 թվականի փետրվարի մեկին Մանդելշտամի հարյուրամյակին նվիրված, Փարիզի Սորբոնի շենքին ամրապնդվեց հուշատախտակ. Քանդակագործ Բորիս Լեժեն
- 1998 թվականին Վլադիվաստոկում բացվեց Օսիպ Մանդելշտամի հուշարձանը։ Հեղինակ Վալերիհ Նենաժիվին
- 2007 թվականի հունիսի երեսունին Սանկտ-Պետերբուրգում բացվեց հուշարձան նվիրված Մանդելշտամի հիշատակին։ Հեղինակ Վյաչեսլավ Բուխայև
- 2008 թվականի սեպտեմբերի չորսին Վորոնեժում բացվեց հուշարձան։ Հեղինակ Լազար Գադաև
- 2008 թվականի նոյեմբերի 28-ին Մոսկվայի կենտրոնում, Զաբելինա և Ստարոսադսկի խաչմերուկում տեղադրվեց հուշարձան, այն բակում, որտեղ նա հյուրընկալվում էր իր եղբորը՝ Ալեքսանդրին։
- 2010 թվականի մայիսի քսանհինգին Սանկտ-Պետերբուգում բացվեց հուշարձան նվիրված Օսիպ և Նադեժդա Մանդելշտամներին։
- 2011 թվականին Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում առաջին անգամ բացվեց Օ. Մանդելշտամի անունով թանգարան։
- 2011 թվականի դեկտեմբերի տասնհինգին Վորոնեժի գրական թանգարանում բացվեց մշտական այցելության թանգարան, նվիրված պոետի կյանքին և գրական գործունեությանը։
- Օսիպ Մանդելշտամի անունով է կոչված նաև А330 VQ-BQX ինքնաթիռը։
Նմանատիպ նյութեր