Այսօր Օսիպ Մանդելշտամի ծննդյան օրն է

Մարդիկ 15.01.2019   20:00   816

Ինձ մարմին է շնորհված - նրա հետ ի՞նչ անեմ ես,
Մարմին, որ իմն է այնքան, ամբողջական է այնպես:

Երջանկության համար այս` շնչելու ու լինելու,
Ասեք խնդրեմ, ու՞մ եմ ես շնորհակալ լինելու:

Ես, որ ծաղիկ եմ այգում, ուր այգեպան եմ նաև,
Մութ զնդանում աշխարհի միայնակ չեմ արդարև:

Ու նշմարվում է արդեն հավերժության ապակուն
Շնչառության մեջ ապրող ջերմությունը իմ հոգու:

Նրա վրա շերտ առ շերտ զարդանախշեր են բանվում,
Նախշեր, որ ոչ մի լեզվով, ոչ մի կերպ չեն անվանվում:

Վայրկյանները թող հոսեն որպես մրուր, որպես մուժ,-
Զարդանխշերն հարազատ էլ չի ջնջի ոչ մի ուժ:

Թարգմ. Հ. Բեյլերյան

Ռուս բանաստեղծ, թարգմանիչ և գրականագետ Օսիպ Էմիլևիչ Մանդելշտամը ծնվել է 1891 թվականի հունվարի 15-ին Վարշավայում: 
Սովորել է ժամանակի լավագույն ուսումնական հաստատություններում, այդ թվում Սորբոնի և Հայդելբերգի համալսարաններում։ Նախապես հանդես է եկել որպես սիմվոլիստ, 1912-ին միացել ակմեիստներին։ Եղել է Հայաստանում, գրել է բանաստեղծություններ, ուղեգրություններ նվիրված Հայաստանին և հայությանը։

Ձերբակալվել է, դարձել անհատի պաշտամունքի զոհ։ Հետմահու արդարացվել է։ Ռուսական բանաստեղծության մեծագույն ներկայացուցիչներից է։

Օսիպ Մանդելշտամի բանաստեղծությունները և արձակը հայերեն է թարգմանել Հրաչյա Բեյլերյանը:

Վախճանվել է 1938 թվականի դեկտեմբերի 27-ին Վլադիվոստոկի մոտ:

Հիշողություն

  • 1992 թվականի փետրվարի մեկին Մանդելշտամի հարյուրամյակին նվիրված, Փարիզի Սորբոնի շենքին ամրապնդվեց հուշատախտակ. Քանդակագործ Բորիս Լեժեն
  • 1998 թվականին Վլադիվաստոկում բացվեց Օսիպ Մանդելշտամի հուշարձանը։ Հեղինակ Վալերիհ Նենաժիվին
  • 2007 թվականի հունիսի երեսունին Սանկտ-Պետերբուրգում բացվեց հուշարձան նվիրված Մանդելշտամի հիշատակին։ Հեղինակ Վյաչեսլավ Բուխայև
  • 2008 թվականի սեպտեմբերի չորսին Վորոնեժում բացվեց հուշարձան։ Հեղինակ Լազար Գադաև
  • 2008 թվականի նոյեմբերի 28-ին Մոսկվայի կենտրոնում, Զաբելինա և Ստարոսադսկի խաչմերուկում տեղադրվեց հուշարձան, այն բակում, որտեղ նա հյուրընկալվում էր իր եղբորը՝ Ալեքսանդրին։
  • 2010 թվականի մայիսի քսանհինգին Սանկտ-Պետերբուգում բացվեց հուշարձան նվիրված Օսիպ և Նադեժդա Մանդելշտամներին։
  • 2011 թվականին Մոսկվայի մարզի Ֆրյազինո քաղաքում առաջին անգամ բացվեց Օ. Մանդելշտամի անունով թանգարան։
  • 2011 թվականի դեկտեմբերի տասնհինգին Վորոնեժի գրական թանգարանում բացվեց մշտական այցելության թանգարան, նվիրված պոետի կյանքին և գրական գործունեությանը։
  • Օսիպ Մանդելշտամի անունով է կոչված նաև А330 VQ-BQX ինքնաթիռը։



 Պիտակներ
         Օսիպ Մանդելշտամ, հունվարի 15, ԾՆՈՒՆԴՆԵՐ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon