Այսօր նախկին ՀՀ գլխավոր սահմանապահ կոմիսար Գրիգոր Գրիգորյանի 85-ամյակն է

Հայեր 04.03.2020   10:30   290

Այսօր  Գրիգոր Գարեգինի Գրիգորյանի 85-ամյակն է: Շնորհավորելով հոբելյարին հարկ ենք համարում նշել նաև, որ 

Ծնվել է 1935թ. մարտի 4-ին, Լեռնային Ղարաբաղի Հադրութ գյուղում, լեգենդար տումեցի Գարեգին Գրիգորյանի ընտանիքում:

1953թ., ավարտելով Երևանի Մռավյանի անվան միջնակարգ դպրոցը, ընդունվել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: 1958թ. գերազանցության դիպլոմով ավարտել է համալսարանը և աշխատանքային գործունեությունն սկսել Հայաստանի պետական անվտանգության մարմիններում: 1960-64թթ. աշխատել է Երևանի պետական համալսարանի գիտահետազոտական կրիմինալիստիկայի լաբորատորիայում` որպես ավագ գիտաշխատող, միևնույն ժամանակ դասավանդել է կրիմինալիստիկա առարկան:

1964-1984թթ. աշխատել է ՀՀ ազգային անվտանգության մարմիններում: Լինելով հանրապետական կոմիտեի կոլեգիայի անդամ` օպերատիվ բաժնի պետի պաշտոնից 1984թ. գործուղվել է ներքին գործերի նախարարություն և նշանակվել նախարարի տեղակալ:

1992թ. ՀՀ նախագահի որոշմամբ նշանակվել է ՀՀ պաշտպանության նորաստեղծ նախարարության նախարարի տեղակալ և սահմանապահ զորքերի հրամանատար, լայնածավալ աշխատանք ծավալել պատմության մեջ առաջին անգամ ՀՀ սահմանապահ զորքերի ստեղծման գործում: Հետագայում, կառուցվածքային փոփոխությունների հետ կապված, նշանակվել է ՀՀ գլխավոր սահմանապահ կոմիսար:

1993թ. նշանակվել է ՊՆ ռազմական հակահետախուզական վարչության պետ և ստեղծել այդ կառույցը:

1995-2003թթ եղել է ազգային անվտանգության նախարարի առաջին տեղակալ, իսկ 2003-2005 թվականներին` ՀՀ ԱԱ ծառայության տնօրենի առաջին տեղակալ:

Գրիգոր Գարեգինի Գրիգորյանն ակտիվ մասնակցություն է ունեցել Հայաստանի զինված ուժերի ստեղծման, հատկապես` հատուկ գնդի կազմավորման գործում: Երկու անգամ եղել է Հայաստանում գործող ֆիդայական խմբերից կազմավորված այդ գնդի հրամանատարը:

Հատուկ գունդը հանրապետության առաջին զինվորական միավորումն էր, որի հիման վրա հետագայում կազմակերպվեցին Հայաստանի զինված ուժերը:

1988թ. ազգային հարաբերությունների սրացման առաջին իսկ օրից նրա վրա դրվեցին Հայաստանի սահմանամերձ 12 շրջանների պաշտպանության, անվտանգության և հասարակական կարգի ապահովման հարցերը:

1988-1993թթ. մասնակցություն է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի բանակցային գործընթացին` կապված սահմանամերձ գոտում զինադադարի, երկաթուղային ճանապարհների (հատկապես Մեղրիի հատվածում) անխափան գործելու, ինչպես նաև ղարաբաղյան հիմնախնդրի և սահմանային կոնֆլիկտային հարցերի հետ:

Գ. Գրիգորյանը 1990-1991թթ. նշանակվել է Գորիսի և Մեղրու հատուկ շրջանների արտակարգ իրավիճակի պարետ: Այդ ընթացքում կազմակերպում և անձամբ մասնակցում է օպերատիվ զինվորական գործողությունների, որոնք ուղղված էին ՀՀ սահմաններն անառիկ պահելուն և ազերիների ոտնձգություններին հակահարված տալուն:

Գ. Գրիգորյանն անձնական ակտիվ մասնակցություն է ունեցել Բերդաձորի անկլավի և Ղարաբաղի հարավային սահմանների, Դոլանլարի ուղղությամբ, գյուղերից տեղահանված բնակչության տեղավորման, անվտանգության ապահովման, սննդամթերք մատակարարելու հարցերում:

Կազմակերպել և անձամբ մասնակցել է Կարաչինարի (Շահումյան), Մինքենդի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի ուղղություններով մարտական գործողություններին և Նյուվադիի ազատագրմանը: Մասնակցել է նաև Մարտակերտի պաշտպանությանը:

1988թ. Սպիտակի երկրաշարժից անմիջապես հետո Գ. Գրիգորյանը նշանակվեց աղետի գոտու շտաբի պետ, որի խնդիրն էր այդ գոտում ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը: Մեծ էր նրա ներդրումը և ազգանվեր աշխատանքը երկրաշարժի ժամանակ փրկարար օգնություն կազմակերպելու գործում: Դրսևորած ազնիվ և անբասիր ռազմաիրավական և օպերատիվ ծառայության համար Գ. Գրիգորյանը քառասունից ավելի անգամ արժանացել է կառավարական և գերատեսչական շքանշանների և մեդալների, երեք անգամ պարգևատրվել անվանական զենքով: Արժանացել է ՀՀ Ոստիկանության, ՀՀ Ազգային անվտանգության մարմինների, «Հատուկ գնդի» պատվավոր աշխատակցի, «ՀՀ պատվավոր սահմանապահ» կոչումների:

ՀՀ. նախագահի` 1995թ. սեպտեմբերի 20-ի հրամանագրով Գրիգոր Գարեգինի Գրիգորյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական բարձր կոչում, իսկ 1998թ. մայիսի 26-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Գ. Գրիգորյանն արժանացել է «Մարտական ծառայության համար» մեդալի: Այժմ նա թոշակառու է:

Ե. ԶԱՔԱՐՅԱՆ

Գրիգոր Գրիգորյանը հեղինակել է ՀՀ անկախության կերտման տարիներին նվիրված «Երկար ճանապարհից հետո» փաստագրական եռահատոր գիրքը։


 Պիտակներ
         Գրիգոր Գարեգինի Գրիգորյան, Ծագումով դիզակեցիներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb