Այսօր Կանանց միջազգային օրն է

Հրատապ 08.03.2021   10:00   1179

Այսօր աշխարհը տոնում է Կանանց միջազգային օրը, որը հռչակվել է 1977-ին ՄԱԿ-ի կողմից։

Դեռևս Հին Հռոմում գոյություն ուներ «Ազատ ծնված կանանց տոն», երբ նվերներ էին հանձնվում միայն ամուսնացած կամ բարձր դիրք ունեցող կանանց, իսկ տան իգական սեռի ծառայողներին այդ օրը հանգստանալու հնարավորություն էր տրվում։

Վիետնամում կանանց շնորհավորանքներով են հեղեղում արդեն 2000 տարի: Անցյալում այս տոնը կոչվում էր «Չինգ քույրերի հիշատակի օր»։ Խիզախ քույրերը ղեկավարում էին Վիետնամի ժողովրդի ազատագրական պատերազմը չինական ագրեսիայի դեմ:

Սակայն մարտի 8–ի հետ կապված ամենանշանավոր պատմական իրադարձությունը 1857թ.«դատարկ կաթսաների երթն» էր, երբ Նյու Յորքի տեքստիլ գործարանների կին աշխատողներն իրենց իրավունքների պաշտպանության համար անցան քաղաքի փողոցներով՝ բողոքելով ցածր աշխատավարձից ու աշխատանքային վատ պայմաններից։

1908թ. մարտի 8-ին Նյու Յորքի կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպությունը հանրահավաք անցկացրեց կանանց իրավահավասարության պաստառներով ու կարգախոսներով։ Փողոց դուրս եկած հազարավոր կանայք պահանջում էին աշխատանքային օրվա կրճատում, տղամարդկանց հավասար աշխատավարձ, նաև՝ ընտրության իրավունքի տրամադրում։

1910-ին Կոպենհագենում Կանանց միջազգային համաժողովի ժամանակ գերմանուհի սոցիալիստ Կլարա Ցետկինն առաջարկեց Կանանց միջազգային օրը նշել մարտի 8-ին՝ ի հիշատակ նյույորքյան իրադարձության։

1975 թվականը ՄԱԿ-ը հռչակեց կանանց միջազգային տարի, իսկ 1977թ. մարտի 8-ը՝ Կանանց միջազգային տոն:

Ռուսաստանում կանանց տոնը նշվում է 1913–ից՝ մեծ շուքով։

Ֆրանսիայում մարտի 8-ին կազմակերպվում են կոնֆերանսներ, ցույցեր, երթեր՝ կապված կանանց իրավունքների պաշտպանության հետ:

Գերմանիայում ու Լեհաստանում այս օրը ոչ աշխատանքային չի համարվում:

Մինչ իտալուհիները նախընտրում են տոնը նշել միայն կանանց շրջապատում, չինացիները փորձում են ապացուցել, որ կանանց սիրտ տանող միակ ճանապարհը ստամոքսի միջով է: Այդ օրն այդ երկրում կանանց հանդեպ իրենց սերն ապացուցելու համար յուրաքանչյուր տղամարդ պետք է իրեն իսկական խոհարարի պես դրսևորի։

Տոնն առանձնահատուկ շուքով է նշվում նաև Հայաստանում։ Թեև 1996թ. այն հանվեց Հայաստանի պետական տոնացույցից, և Մայրության ու գեղեցկության օր հռչակվեց ապրլի 7–ը, սակայն 2001թ., երբ ընդունվեց Տոների և հիշատակի օրերի մասին նոր օրենքը, մարտի 8-ը կրկին վերականգնվեց պետական տոնացույցում:


 Պիտակներ
         Մարտի 8


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb