Այս տխուր պատմությունը ծանոթ է բոլորիս

Դասեր 05.02.2021   12:00   88

Դորիս Մեյ Լեսսինգ (անգլ.՝ Doris May Lessing) բրիտանացի գրող, 2007 թ. Գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր։

(Նոբելյան մրցանակի չարժանանալու առթիվ)

Կանգնել եմ դռների մեջ և փոշու ամպի միջով նայում եմ այն կողմը, որտեղ ասել են, թե դեռևս չկտրված անտառ կա: Երեկ մեքենայով մի քանի մղոն եմ անցել կոճղերի և հրդեհի ածխացած հետքերի միջով, նույն այդ վայրում 1956-ին երբևէ տեսածս ամենահրաշալի անտառն էր, որ այժմ ամբողջովին ոչնչացված է: Մարդիկ պետք է սնվեն:

Օջախի համար վառելիք է պետք:

Հյուսիս-արևմտյան Զիմբաբվեն է, ութսունականների սկիզբն է, այցելել եմ ընկերոջս, որ ուսուցիչ է Լոնդոնում: Այստեղ է եկել, ինչպես ասում ենք, «Աֆրիկային օգնելու»:

Մի քիչ իդեալիստ է, և այստեղ, այս դպրոցում տեսածը խիստ ընկճել է նրան, իսկ այդ զգացումը թոթափելն անչափ դժվար էր: Դպրոցը նման է Անկախությունից հետո կառուցված մյուս բոլոր դպրոցներին: Չորս ընդարձակ աղյուսաշար սենյակ, դասավորված կողք-կողքի, ուղիղ փոշու մեջ` մեկ, երկուս, երեք, չորս, մի ծայրում` կես սենյակ, գրադարանն է: Բոլոր դասասենյակներում գրատախտակներ կան, սակայն ընկերս կավիճը գրպանում է պահում, այլապես կգողանան:

 Դպրոցում ոչ ատլաս գոյություն ունի, ոչ գլոբուս, ոչ էլ նույնիսկ` գնդիկավոր գրիչ, գրադարանում աշակերտների համար ցանկալի գրքեր չկան, միայն ամերիկյան համալսարանների հատորներն են` այնքան ծանր, որ տեղից պոկելն անգամ դժվար է, սպիտակամորթների գրադարաններից դուրս գրված գրքեր, արկածային պատմություններ կամ նման վերնագրեր` «Հանգստյան օրերը Փարիզում», «Հաջողակը սեր է գտնում»:

Այծը փորձում է դեղնած խոտի մեջ կեր գտնել: Տնօրենը յուրացրել է դպրոցի գումարները և փախել` պատճառ դառնալով այն հարցի վերակենդանացմանը, որ մեզ ծանոթ է ավելի առաքինի համատեքստում. «Այս մարդիկ ինչպե՞ս են կարողանում նման կերպ վարվել` իմանալով, որ բոլորն իրենց հետևում են»:

Ընկերս երբեք փող չի ունենում, որովհետև հենց որ աշխատավարձ են վճարում, բոլորը` աշակերտներն ու ուսուցիչները, նրանից պարտք են վերցնում, որ ամենայն հավանականությամբ չեն վերադարձնելու: Աշակերտների տարիքը տատանվում է 6-ից 26-ի սահմաններում, որովհետև նրանց մի մասը ժամանակին դպրոցից դուրս է մնացել և միայն այժմ է հաճախում, որպեսզի կարողանա ուսումն ավարտել: Որոշ աշակերտներ առավոտ կանուխ գալիս են մի քանի մղոն հեռավորությունից` անձրևի տակ, տապի մեջ, կտրելով-անցնելով գետերը: Նրանք տնային հանձնարարությունները չեն կարողանում կատարել, քանի որ գյուղերը հոսանքազրկված են, իսկ վառվող փայտի լույսի տակ գրել-կարդալը հեշտ չէ: Աղջիկները դպրոցից հետո և դասի գալուց առաջ ստիպված են ջուր կրել ու ճաշ եփել:

Երբ ընկերոջս սենյակում եմ լինում, ամեն րոպե մարդիկ են ամաչելով ներս ու դուրս անում, և բոլորն, առանց բացառության, գիրք են խնդրում: «Աղաչում ենք, երբ Լոնդոն վերադառնաք, մեզ համար գրքեր ուղարկեք»: Մի տղամարդ ասաց. «Մեզ սովորեցրել են կարդալ, բայց գիրք չունենք»: Ում հանդիպել եմ, բոլորը միաբերան գիրք են մուրում:

Այնտեղ մի քանի օր մնացի: Փոշին խեղդում էր, ջուրը սակավ էր, որովհետև պոմպերը խափանվել էին, և կանայք դարձյալ գետից էին ջուր բերում:

Անգլիայից ժամանած մեկ այլ իդեալիստ ուսուցիչ հիվանդացել էր, երբ տեսել էր, թե այս «դպրոցում» ինչ վիճակ է տիրում:
Այցելությանս վերջին օրը կիսամյակն ավարտվում էր, այծը մորթեցին, մանր կտրատեցին և եփեցին հսկայական կաթսայի մեջ: Ավելի շուտ ավարտական խնջույք էր` խաշած այծ և շիլա: Այդ տեսնելով` անմիջապես հեռացա, ետ դարձա կոճղերի և անտառի ածխացած մնացուկների միջով:

Չեմ կարծում, որ այս դպրոցի աշակերտներից շատերը երբևէ մրցանակի կարժանանան:

Հաջորդ օրը Հյուսիսային Լոնդոնի դպրոցներից մեկում եմ, հրաշալի դպրոց է, անունը հայտնի է բոլորիս: Արական դպրոց է: Հոյակերտ շինություններ և պարտեզներ:

Ամեն շաբաթ այս դպրոցի աշակերտներին հանրահայտ մարդիկ են այցելում, և, բնականաբար, հյուրերը նաև նրանց հայրերը, ազգականներն ու, նույնիսկ, մայրերն են: Նշանավոր անձանց հանդիպելը այս դպրոցի աշակերտների համար մեծ բան չէ:
Հյուսիս-արևմտյան Զիմբաբվեի մրրկափոշու մեջ շնչահեղձ լինող դպրոցի պատկերը մտքիցս դուրս չի գալիս, մինչ նայում եմ սպասումներով լի, հաճելի այս դեմքերին և փորձում եմ նրանց պատմել, թե վերջին շաբաթվա ընթացքում ինչեր եմ տեսել:

Դասարաններ` առանց գրքերի, դասարաններ` առանց դասագրքերի կամ ատլասի, առանց, նույնիսկ, պատին ամրացված քարտեզի: Դպրոց, որի ուսուցիչներն աղաչում են իրենց գիրք ուղարկել, որպեսզի կարողանան սովորել, թե ինչպես պետք է սովորեցնել, քանզի նրանք ընդամենը տասնութ կամ տասնինը տարեկան են և գիրք են մուրում:

Տղաներին բացատրում եմ, որ բոլորն անխտիր գիրք են խնդրում. «Աղաչում ենք, մեզ գրքեր ուղարկեք»:

Համոզված եմ, որ այստեղ բոլոր ելույթ ունեցողներին քաջածանոթ է այն պահը, երբ դեմքերը, որոնց նայում ես, դատարկ են: Ձեր ունկնդիրներն անկարող են լսել, թե ինչ եք ասում. նրանց մտքից բացակայում են այն պատկերները, որոնց հետ պետք է համեմատեն, թե ինչի մասին եք պատմում: Իսկ խոսքը դպրոցի մասին է, որ կորել է փոշու ամպի մեջ, ջուրը սակավ է, կիսամյակի վերջում թարմ մորթված այծը եփվում է հսկայական կաթսայի մեջ` որպես ավարտական խնջույք:

Իսկապե՞ս նրանց համար բացարձակապես անհնար է պատկերացնել այս ծայրահեղ աղքատությունը:

Անում եմ, ինչ կարող եմ: Սրանք կիրթ են:

Առավել, քան վստահ եմ, որ սրանցից մի քանիսը մրցանակի կարժանանան:

Վերջ: Սովորականի պես ուսուցիչներից հետաքրքրվում եմ, թե գրադարանն ինչ վիճակում է, արդյո՞ք աշակերտները կարդում են: Եվ այստեղ` արտոնյալ դպրոցում նույն բանն են ասում, ինչ սովորաբար լսում եմ այլ դպրոցներ կամ, նույնիսկ, համալսարաններ այցելելիս:

– Դե, գիտեք ինչպես է: Տղաների մեծ մասն ընդհանրապես գիրք չի կարդում, և գրադարանի հնարավորությունները կիսով չափ են օգտագործվում:

«Դե, գիտեք ինչպես է»: Իսկապես, գիտենք: Բոլորս:

Հատվածական մշակույթի տեր ենք, նույնիսկ մի քանի տասնամյակի վաղեմության մեր համոզվածությունը հարցականի տակ է, տարիներով կրթություն ստացած պարմանիների ու պարմանուհիների համար աշխարհից անտեղյակ լինելը, ոչինչ չընթերցելը, ընդամենը մեկ մասնագիտության, այն է` համակարգչին, տիրապետելը սովորական բան է:

Մեզ հետ կատարվածը ապշեցուցիչ հայտնագործություն է, համակարգիչը, համացանցն ու հեռուստատեսությունը` հեղափոխություն: Իհարկե, սա առաջին հեղափոխությունը չէ, որին առնչվում է մարդկային մեր ցեղը: Տպագրության գյուտը, մեկ այլ հեղափոխություն, որ ոչ թե մի քանի տասնամյակ, այլ շատ ավելի երկար տևեց, հիմնովին փոխեց մեր մտածողությունը:

Հուսահատված` մինչև վերջ ընդունեցինք այն, ինչպես վարվում ենք մշտապես և նույնիսկ չհարցրեցինք. «Իսկ հիմա` տպագրության գյուտից հետո՞ մեզ հետ ինչ է կատարվելու»: Ճիշտ այնպես, ինչպես երբեք չենք դադարում հարցնել, թե ինչպե՞ս ենք մեր մտածողությունը փոխելու այս նորույթի` համացանցի հետևանքով, նույնիսկ բավական խելամիտ մարդիկ կխոստովանեն, որ մեկ անգամ խայծը կուլ տալուց հետո այլևս ձերբազատվելը դժվար է, և միայն վերջում ես գլխի ընկնում, որ օրդ վատնել ես համակարգչի ստեղները տկտկացնելով:

Բոլորովին վերջերս, նույնիսկ չափավոր կրթություն ստացածները, հարգալից վերաբերմունք էին ցուցաբերում ուսուցման և կրթության նկատմամբ, ակնածանքով էին արտահայտվում գիր-գրականության մասին: Իհարկե, բոլորիս հայտնի է, որ երբ նման երանելի վիճակում էինք, մարդիկ ձևացնում էին, թե կարդում են, ձևացնում էին, թե հարգում են կրթությունը, սակայն փաստ է, որ աշխատավոր մարդիկ գրքի կարիք ունեին, այդ մասին են վկայում աշխատավորական գրադարանները, 18-19-րդ դարերի հաստատություններն ու քոլեջները: Ընթերցանությունը, գիրքը ընդհանուր կրթության բաղադրիչներն էին:

Տարիքն առած մարդիկ երիտասարդների հետ զրուցելիս պետք է հասկանան, թե կրթության ինչ կարևոր միջոց էր ընթերցանությունը, որովհետև երիտասարդներն այդ մասին շատ ավելի քիչ գիտեն: Եվ եթե երեխաները չեն կարողանում ընթերցել, պատճառն այն է, որ երբեք չեն զբաղվել ընթերցանությամբ:

Այս տխուր պատմությունը ծանոթ է բոլորիս:

Սակայն անտեղյակ ենք նրա ավարտից:

Հիշում ենք հին ասացվածքը. «Կարդալը եփած հաց է` դրած մարդու ծոց», և մոռանում ենք կատակել շատակերության շուրջ. ընթերցանությունը մարդկանց հագեցնում է տեղեկությամբ, պատմական և ամեն տեսակի գիտելիքներով: Բայց աշխարհի երեսին միայն մենք չենք: Շատ վաղուց չէր, զանգահարեց ընկերուհիս և ասաց, որ այցելել է Զիմբաբվե, եղել է մի գյուղում, որտեղ մարդիկ երեք օր քաղցած են եղել, բայց խոսել են գրքերի և կրթության մասին, հետաքրքրվել, թե ինչպես կարող են գիրք ձեռք բերել:
Ես անդամակցում եմ մի կազմակերպության, որն իր գործունեությունը սկսելիս նպատակադրվել է գյուղերը ապահովել գրքերով: Մի խումբ մարդիկ մեկ այլ առաքելությամբ ճանապարհորդել են Զիմբաբվեում և հանդիպել են հասարակ մարդկանց:

Նրանք հաղորդում են, որ հակառակ ուրիշների պատմածներին, գյուղերում բազմաթիվ կրթված մարդիկ կան` թոշակառու ուսուցիչներ, դպրոցը թողնելու մտադրություն ունեցող ուսուցիչներ, արձակուրդում գտնվող երեխաներ, ծերեր: Ինքս նույնպես ուսումնասիրել եմ, թե մարդիկ ինչ են ցանկանում ընթերցել, և նույն արդյունքն եմ ստացել, ինչ շվեդները, չնայած նրանց հետազոտության մասին նախօրոք տեղյակ չէի:

Նրանք ուզում են կարդալ նույն բաները, ինչ եվրոպացիները, եթե, իհարկե, վերջիններս կարդում են` ամեն տեսակի վեպեր, գիտական ֆանտաստիկա, պոեզիա, արկածային գրականություն, թատրերգություն, Շեքսպիր, իսկ ինքնուսույցները, օրինակ` թե ինչպես բանկում հաշիվ բացել, ցուցակի ստորին մասում են: Շեքսպիրի մասին. նրանց միայն անունն է ծանոթ: Գյուղաբնակների համար գիրք ձեռք բերելու հիմնական դժվարությունն այն է, որ չգիտեն, թե ինչն է մատչելի, այնպես որ դպրոցական ծրագրի մեջ ներառված գրքերը, ինչպես, օրինակ` «Քեսթերբրիջի քաղաքագլուխը», հանրամատչելի է դառնում, քանի որ դրանից տեղյակ են, այն ընդգրկված է ցանկում: «Անասնապահական ֆերման», հասկանալի պատճառներով, ամենահանրածանոթ վեպն է:

Մեր փոքրիկ կազմակերպությունը գրքեր է ձեռք բերում որտեղից հնարավոր է, բայց հիշեք, որ Անգլիայում տպագրված թղթե կազմով լավ գիրքը մեկ ամսվա աշխատավարձ արժեր, իհարկե Մուգաբեի ահաբեկչական իշխանությունից առաջ: Այժմ, արժեզրկմանը զուգընթաց, մի քանի տարվա աշխատավարձի չափ կարժենա: Բայց երբ արկղով գիրք ես տանում գյուղ, հիշենք, որ սարսափելի սակավ է վառելանյութը, մարդիկ արցունքն աչքերին են դիմավորում:

Գրադարանը կարող է ծառի տակ, աղյուսների վրա դրված տախտակ լինել: Եվ մեկ շաբաթվա ընթացքում գրագիտության դասընթացներ կկազմակերպվեն` գրագետները մյուսներին գրել-կարդալ կսովորեցնեն, նաև քաղաքացիական դասեր կանցկացվեն, իսկ հեռավոր մի գյուղում, քանի որ տունգայերեն վեպեր չկան, մի զույգ տղաներ կնստեն և տունգայերեն վեպեր կգրեն: Զիմբաբվեում վեց կամ ավելի հիմնական լեզու կա, և դրանցով գրված վեպեր գոյություն ունեն` վայրագություններով, արյունահեղությամբ, հանցագործություններով և մարդասպանությամբ առլեցուն:

Գործունեության առաջին օրվանից մեր փոքրիկ կազմակերպությանը օժանդակում էր Նորվեգիան, հետագայում` նաև Շվեդիան: Առանց այդ օժանդակության գրքերի մատակարարումը կդադարեր: Զիմբաբվեում հրատարակված վեպերը, ինչպես նաև ինքնուսույցները ուղարկվում են նրանց, ովքեր ծարավի են նման գրքերի:

Ասում են, ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը, համամիտ չեմ, որ դա ճշմարտացի է Զիմբաբվեի համար: Պետք է նաև հիշել, որ գրքի հանդեպ հարգանքն ու ծարավը սկիզբ են առել ոչ թե Մուգաբեի ռեժիմի, այլ նրա նախորդների` սպիտակամորթների իշխանության օրոք: Զարմանալի երևույթ է գրքի այս ծարավը, այն կարելի է տեսնել ամենուր` Քենիայից մինչև Հուսո Հրվանդանը:
Անհավանական է, սակայն սա կապված է հետևյալ փաստի հետ. մեծացել եմ ցեխից ու ծղոտից սարքած հյուղակում: Այդպիսի տներ միշտ են կառուցվել, ամենուր, որտեղ եղեգ կամ խոտ է աճել, հարմար ցեխ և պատերի համար ձողեր են ճարվել:

Օրինակ` Սաքսոնյան Անգլիայում: Այն հյուղակը, որտեղ հասակ եմ առել, ոչ թե մեկ, այլ չորս սենյակ ուներ, մեկը մյուսի հարևանությամբ, և կարևորն այն է, որ այնտեղ բազմաթիվ գրքեր կային: Ծնողներս գրքերը ոչ միայն Անգլիայից իրենց հետ էին Աֆրիկա բերում, այլև պատվիրում էին, գրքեր` մեծ, դարչնագույն ծանրոցներով, երեխաների համար, իմ մանկության երջանկությունը: Ցեխից տնակ, լիքը գրքերով: Երբեմն նամակներ եմ ստանում գյուղում ապրողներից, որ, հավանաբար, էլեկտրականություն կամ հոսող ջուր չունեն (ճիշտ մեր ընտանիքի նման` երկարուկ ցեխից տնակում). «Ես էլ եմ գրող դառնալու, որովհետև մեր տունը ձեր տան նման է»: Բայց մի բարդություն կա:

Ոչ: Այն տնից, որտեղ գիրք չկա, գրող դուրս չի գալիս:

Դա թերություն է: Դժվարություն:

Աչքի եմ անցկացրել ձեր վերջին մրցանակակիրների բանախոսությունները: Վերցնենք հրաշալի Փամուկին: Ասում է, որ հայրը 1500 գիրք է ունեցել: Նրա տաղանդը օդից չի իջել, կապ է ունեցել հարուստ ավանդույթի հետ:
Կամ Վ.Ս.Նեյփոլը: Նշում է, որ հնդկական վեդաները սերտորեն միահյուսված են իր ընտանիքի հիշողության հետ: Հայրը քաջալերել է, որպեսզի ստեղծագործի: Երբ իրավացիորեն Անգլիա է տեղափոխվել, օգտվել է Բրիտանական գրադարանից: Այնպես որ` մոտ է եղել հարուստ ավանդույթին:

Նույնը` Ջոն Կոտցին: Ոչ միայն շատ մոտ է եղել հարուստ ավանդույթին, ինքը հենց ավանդույթն էր. գրականություն էր դասավադում Քեյփթաունում: Այնպես եմ ափսոսում, որ երբեք նրա դասերին ներկա չեմ եղել, սովորել հրաշալիորեն խիզախ մտածողից: Գրելու, գրականություն ստեղծելու համար պետք է սերտորեն կապված լինել գրադարանների, գրքերի, ավանդույթի հետ: Մի ընկեր ունեմ Զիմբաբվեից: Գրող է: Սևամորթ. սա է էականը: Կարդալ սովորել է ինքնուրույն, ջեմի, մրգի պահածոների պիտակներից: Մեծացել է երկրի այն մասում, որով վերջերս անցնում էի, գյուղաբնակ սևամորթների համար նախատեսված տարածք: Հողի փոխարեն մանրախիճ է և ավազ, ցածրահասակ, ցանցառ թփուտներ: Խղճուկ հյուղակներ, որ դույզն ինչ նմանություն չունեն հարուստների խնամված, բարեկարգ տների հետ: Դպրոց կա, բայց այնպիսին, ինչպիսին քիչ առաջ նկարագրեցի: Աղբակույտի մեջ մանկական հանրագիտարան է գտել և սովորել է դրանով:

1980 թվականի Անկախության նախօրյակին Զիմբաբվեում գրողների բավական լավ խումբ կար, դայլայլող թռչունների երամ: Հասակ էին առել հնամենի Հարավային Ռոդեզիայում, սպիտակամորթների իշխանության ներքո` միսիոներական դպրոցներ, բարվոք կրթական հաստատություններ: Զիմբաբվեում գրողներ չեն ձևավորվում: Դժվար է, այն էլ` Մուգաբեի օրոք: Մինչև գրագիտություն ձեռք բերելը բոլոր այս գրողները դժվարին ճանապարհ էին անցել, էլ չեմ խոսում գրող դառնալու մասին: Կասեի, որ ջեմի պիտակներն ու աղբակույտը նետված հանրագիտարանները հազվադեպ չէին: Եվ դեռ խոսում ենք նրանցից, ովքեր երազում են կրթության մակարդակի մասին, որից այնքան հեռու են:

Հյուղ կամ հյուղերի խումբ` բազում երեխաներով, հոգնատանջ մայր, ապրուստի համար մղվող պայքար: Ի հեճուկս այս դժվարությունների էլ ծնվեցին մեր գրողները: Մի բան էլ կա, որ չպետք է մոռանանք: Սա Զիմբաբվեն է, հազիվ հարյուր տարի առաջ բռնի նվաճված երկիր: Այս երկրի բնակիչների պապերն ու տատերը, գուցե, իրենց տոհմի հեքիաթասացներն են եղել: Բանավոր ավանդույթ: Այն էլ, մեկ սերնդի համար` երկուսը. մտապահված ու փոխանցված պատմություններ և անցում դեպի տպագիրը` գիրքը: Ինչպիսի՜ նվաճում:

Գրքեր, բառացիորեն կորզված աղբակույտերից և սպիտակամորթ աշխարհի թափոնատեղիներից: Կարող ես թղթի կապոց ունենալ (բայց ոչ` մեքենագրած, դա արդեն գիրք է, որ պետք է իր հրատարակչին գտնի, նա էլ հետո կվճարի քեզ, ինքն էլ վճարունակ պետք է մնա, գրքերը բաշխի: Մի քանի հաշիվ եմ տեսել, որ Աֆրիկայի համար հրատարակչական գործերի հետ կապված ինձ են ուղարկել: Նույնիսկ Հյուսիսային Աֆրիկայի նման արտոնյալ վայրերում, որ տարբեր ավանդույթներ ունեն, հրատարակչական գործի մասին խոսելը հնարավորությունների երազ է):

Խոսում եմ գրքերի մասին, որ երբեք չեն գրվել, գրողների, որ այդ անել չէին կարող, որովհետև հրատարակիչներն այնտեղ չեն: Ձայներ, որ չեն լսվում: Անհնար է չափել տաղանդի, ներուժի այս սարսափելի վատնումը: Սակայն գրքաստեղծման այս փուլից առաջ էլ, որ պահանջում է հրատարակիչը` կանխավճար, քաջալերանք, դարձյալ ինչ-որ բան պակասում է: Գրողներին հաճախ հարցնում են. «Ինչպե՞ս եք գրում: Համակարգչո՞վ: Էլեկտրական գրամեքենայո՞վ: Փետուրո՞վ: Ձեռագրո՞վ»: Սակայն հիմնական հարցն է. «Գտե՞լ եք տարածքը, այն դատարկ տարածքը, որը գրելիս պետք է շրջապատի ձեզ»: Դեպի այդ տարածքը, որ լսողության, ուշադրության ձև ունի, կհոսեն բառերը, ձեր կերպարների խոսքերը, գաղափարները, ներշնչանքը:

Եթե գրողն անկարող է այս տարածքը գտնել, բանաստեղծություններն ու պատմվածքները մեռելածին են:

Իրար հետ զրուցելիս գրողները մշտապես հետաքրքրվում են այդ տարածքի, այն մյուս ժամանակի մասին: «Գտե՞լ ես: Ամո՞ւր ես բռնել»:
Եկեք տեղափոխվենք ակնհայտորեն բոլորովին տարբեր իրադրություն: Լոնդոնում ենք, խոշորագույն քաղաքներից մեկում: Նոր գրող է ի հայտ եկել: Անամոթաբար հարց ու փորձ ենք անում. «Կրծքերն ինչպիսի՞ն են», «Գեղեցի՞կ է», եթե տղամարդ է` «Հմայի՞չ է», «Բարետե՞ս է»: Կատակում ենք, բայց կատակի բան չէ:

Նորահայտ ձեռքբերումը ողջունելի է, հավանաբար ահագին փող է արժեցել: Պապարացիների բզզոցն արդեն նրանց ականջներն է մտել: Ներկայացնում են, գովաբանում, թմբկահարում են աշխարհով մեկ: Մենք` հներս, որ այդ ամենն արդեն տեսել ենք, խղճում ենք այս նորելուկներին, քանզի սրանք գաղափար անգամ չունեն, թե իրականում ինչ է կատարվում:
Նրանք շոյված և գոհ են:
Սակայն մեկ տարի հետո հարցրեք, թե ի՞նչ են մտածում: Սեփական ականջով եմ լսել. «Սրանից վատ բան ինձ հետ չէր կարող պատահել»:

Բուռն և շատ հրատարակվող որոշ նոր գրողներ այլևս չեն շարունակել գրել կամ այն չեն գրել, ինչ կցանկանային, ինչ մտադրվել էին թղթին հանձնել: Իսկ մենք` հներս, ուզում ենք այդ անմեղ ականջներին շշնջալ. «Ձեր տարածքը գտե՞լ եք: Ձեզ համար բացառիկ, միայն ձեզ պատկանող և անհրաժեշտ վայրը, որտեղ ձեր սեփական ձայնը կարող է զրուցել ձեզ հետ, միայն ձեզ հետ, որտեղ կարող եք անրջել: Դե, ամուր բռնեք, ձեռքից բաց չթողնեք»:

Պետք է նաև կրթության որոշակի տեսակ գոյություն ունենա:

Միտքս ծանրաբեռնված է Աֆրիկայի մասին հրաշալի հուշերով, որ կարող եմ վերակենդանացնել և քննել, երբ ցանկանամ: Իսկ մայրամուտնե՞րը` ոսկեշող, բոսոր ու ծիրանի, որ երեկոյան սփռվում են երկնքով մեկ: Կալահարի հոտավետ թփերի վրա հանգչող թիթեռնե՞րը, ցեցե՞րն ու մեղունե՞րը: Նաև, երբ նստում ես Զամբեզիի կողքը, իսկ նա թավալվում է խամրած կանաչ ափերի արանքում, չոր եղանակ է, ջուրը մուգ կանաչ է ու շողշողուն, իսկ շուրջբոլորը հավաքվել են Աֆրիկայի բոլոր թևավորները: Փղերը, ընձուղտները, առյուծներն ու մյուսներն էլ են այնտեղ, նրանք բազում են, բայց ի՞նչ կասես գիշերային երկնի մասին` դեռևս չպղծված, մութ ու շքեղ, անհանգիստ աստղերով լի:

Ուրիշ հիշողություններ էլ կան: Մի պատանի, գուցե տասնութ տարեկան, կանգնել է իր «գրադարանում» և լալիս է: Ամերիկացի հյուրը տեսել է, որ գրադարանում գիրք չկա, ծանրոցով ուղարկել է, իսկ պատանին ակնածանքով հանել է գրքերը և հերթով նոր կազմ քաշել: «Բայց, – ասում ենք, – գրքերը հաստատ ուղարկվել են, որ կարդաք», իսկ նա պատասխանում է. «Ոչ, կկեղտոտվեն, իսկ նորը որտեղի՞ց ճարեմ»:

Ուզում է, որ Անգլիայից իրեն գրքեր ուղարկենք, որպեսզի սովորի, թե ինչպես սովորեցնի: «Ընդամենը չորս տարի եմ ավագ դպրոց հաճախել, – ասում է, – բայց ինձ չեն սովորեցրել, թե ինչպես պետք է սովորեցնեմ»:
Ուսուցչի եմ հանդիպել մի դպրոցում, որ ոչ դասագիրք ուներ, ոչ էլ գրատախտակի եզրին դրված կավիճ` գողացել էին, և նա վեցից տասնութ տարեկան երեխաներին ուսուցանում էր` փոշու մեջ տեղաշարժելով քարերն ու ծոր տալով. «Երկու անգամ երկուս…», և այդպես շարունակ:

Տեսել եմ նաև մի աղջնակի, որի քսանը հազիվ էր բոլորել, նմանապես առանց դասագրքերի, տետրերի, գնդիկավոր գրիչների, գրեթե առանց ոչինչի, փոշու վրա փայտիկով այբուբենն էր սովորեցնում, իսկ արևն այրում էր, և փոշին երկինք էր բարձրացել:
Տեսնում ենք կրթության հզոր ծարավ, որ հատուկ է Աֆրիկային, ինչպես նաև Երրորդ աշխարհի ցանկացած երկրին կամ, այսպես կոչված, այն աշխարհամասերին, որտեղ ծնողները փափագում են, որպեսզի իրենց զավակները կրթություն ստանան, ինչը նրանց թշվառությունից կփրկի և կուղեկցի դեպի կրթության առավելությունների վայելքը:

Մեր կրթությունը, որի վիճակն այսօր սպառնալից է:

Կցանկանայի, որպեսզի պատկերացնեիք, թե գտնվում եք Հարավային Աֆրիկայի որևէ բնակավայրում, սարսափելի երաշտ է, աղքատ թաղամասում հնդկական խանութի մոտ եք: Զանազան ջրանոթներ ձեռքերին` մարդիկ հերթ են կանգնել, հիմնականում` կանայք: Այս խանութն ամեն առավոտ քաղաքից ջուր է ստանում, բոլորը այդ թանկարժեք ջրին են սպասում: Հնդիկը ձեռքի ափերով հենվել է վաճառասեղանին և հետևում է սևամորթ մի կնոջ, որ գլուխը խոնարհել է թղթի խրձի վրա. կարծես, պատռած գիրք է: «Աննա Կարենինան» է ընթերցում:

Դանդաղ է կարդում, բառերի հետ շարժում է շուրթերը: Երևում է, դժվար գիրք է: Կինը երիտասարդ է, երկու փոքրիկները ճտերի նման սեղմվել են ոտքերին: Նա հղի է: Հնդիկը դառնացած է, որովհետև երիտասարդ կնոջ գլխաշորը, որ ամենայն հավանականությամբ պետք է սպիտակ լիներ, փոշուց դեղնել է: Փոշին լցվել է նրա կրծքերի արանքը, նստել թևերին: Նա սրտնեղած է նաև բազմամարդ հերթից, բոլորը ծարավ են, իսկ ինքն այդքան ջուր չունի: Զայրացած է, որովհետև գիտի, որ փոշու ամպերի հետևում մարդիկ են մահանում: Նրա եղբայրը, որ տան ավագն էր, ամրոցն էր պահպանում, բայց ասել էր, թե դադար առնելու կարիք ունի և քաղաք էր տեղափոխվել, իրականում հիվանդացել էր երաշտի պատճառով:

Հնդիկի հետաքրքրությունը շարժվում է: Հարցնում է երիտասարդ կնոջը.
– Ի՞նչ եք կարդում:
– Ռուսաստանի մասին է, – պատասխանում է աղջիկը:
– Գիտե՞ք, թե Ռուսաստանը որտեղ է: – Ինքը հազիվ, թե իմանար:
Երիտասարդ կինը ուղիղ նրան է նայում, լի է արժանապատվությամբ, չնայած աչքերը փոշուց կարմրել են:
– Դասարանի լավագույն աշակերտն էի: Ուսուցիչն էր ասում, որ
ամենաուժեղն եմ:

Երիտասարդ կինը շարունակում է ընթերցել, ուզում է պարբերությունն ավարտել:

Հնդիկը նայում է երկու փոքրիկներին և ձեռքը «Ֆանտայի» շշին է մեկնում, բայց մայրը կանխում է նրան.
– «Ֆանտան» նրանց ծարավեցնում է:
Հնդիկը գիտի, որ չի կարելի անել այն, ինչն ինքը պատրաստվում է անել, սակայն կռանում է դեպի վաճառասեղանի հետևում, իր կողքը դրված պլաստմասե տակառը, պլաստմասե երկու բաժակով ջուր է վերցնում և տալիս է փոքրիկներին: Աչքի տակով տեսնում է, թե ինչպես է երիտասարդ կինը, բերանը շարժելով, նայում ջուր խմող իր զավակներին: Հնդիկը նրան էլ է գավաթով ջուր մեկնում: Սրտի ցավով է նայում, թե ինչպես է երիտասարդ կինը կուլ տալիս ջուրը` ցավալիորեն ծառաված:

Իսկ հիմա երիտասարդ կինը վերադարձնում է պլաստմասե գավաթը, հնդիկը կրկին ջուր է լցնում: Երիտասարդ կինն ու երեխաները ուշադիր նրան են հետևում, որպեսզի ոչ մի կաթիլ ջուր չթափվի:

Երիտասարդ կինը գլուխը կրկին գրքին է խոնարհում: Դանդաղ է կարդում, բայց պարբերությունը կախարդել է նրան, և մեկ անգամ էլ է վերընթերցում:

«Վարենկան շատ գրավիչ էր սև մազերին կապած իր սպիտակ թաշկինակով, շրջապատված երեխաներով, բարեսրտորեն ու խնդագին զբաղված նրանցով և, ակնհայտորեն, հուզված իրեն դուր եկող տղամարդու հետ բացատրվելու հնարավորությամբ: Սերգեյ Իվանովիչը քայլում էր նրա կողքով ու անդադար հիանում նրանով:

Նայելով նրան, Սերգեյ Իվանովիչը հիշում էր այն բոլոր հաճելի խոսքերը, որ լսել էր նրանից, այն ամբողջ լավը, որ գիտեր նրա մասին, և ավեի ու ավելի գիտակցում էր, թե այն զգացումը, որ ինքը տածում էր դեպի նա, առանձնահատուկ զգացում էր, որ վաղուց, շատ վաղուց և մի անգամ միայն ունեցել էր ինքը, իր առաջին երիտասարդության օրերին: Նրա մոտիկությունից առաջացած ուրախության զգացումը շարունակ ուժեղանալով, հասավ մինչ այն աստիճան, որ դնելով նրա զամբյուղի մեջ իր գտած կեչիի սունկը` բարակ արմատով ու ետ ծալված ափերով, նայեց նրա աչքերին և նկատելով նրա դեմքը պատած ուրախության ու վախի հուզման կարմրությունը, շփոթվեց և լուռ ժպտաց նրան այնպիսի ժպիտով, որը չափազանց շատ բան էր ասում»:

Տպագրված թղթերի կույտը` հին ամսագրերի, լրագրերի և կանացի բիկինիների հետ վաճառասեղանին է:

Ժամանակն է, որ աղջիկը լքի իրեն ապաստանած հնդկական խանութի ծածկը և չորս մղոն հեռավորության վրա գտնվող իր գյուղն ուղևորվի: Ժամն է… իրենց հերթին սպասող կանանց հայհոյանքից ու ժխորից հեռու: Բայց հնդիկը ոտքը կախ է գցել: Գիտի, թե տուն վերադառնալը երիտասարդ կնոջն ինչ է արժենալու` երկու երեխաները պոչին: Պատրաստ է երիտասարդ կնոջը նվիրել արձակ ստեղծագործության այդ հատվածը, որ այնպես հիացրել է նրան, բայց համոզված չէ, որ հսկա որովայնով այդ ջահելը ի վիճակի է հասկանալ, թե այնտեղ ինչ է գրված:

Ինչպե՞ս է «Աննա Կարենինայի» մեկ երրորդը հայտնվել հնդկական աննշան խանութի վաճառասեղանին: Այսպես է եղել: ՄԱԿ-ի ոմն բարձր պաշտոնյա, օվկիանոսներից ու ծովերից այն կողմ ուղևորվելուց առաջ, գրախանութից գնում է այս վեպը: Օդանավում, հարմարավետ բազկաթոռի մեջ տեղավորված, գիրքը երեք մասի է բաժանում: Այդ անելով` նայում է կողքի ուղևորներին` վստահ, որ շփոթված, հետաքրքրասեր, բայց և զվարճացող հայացքների է հանդիպելու: Ապա ավելի խորն է ընկղմվում բազկաթոռի մեջ, պինդ ձգում է ամրագոտին և բարձրաձայն արտահայտվում` խոսքն ուղղելով նրան, ով կլսի.

– Երկար ճամփորդության մեկնելիս միշտ այսպես եմ վարվում: Ո՞վ կցանկանա ծանր գիրքը հետը բարշ տալ:
Գիրքը թղթե կազմով էր, բայց, իրոք, երկար վեպ էր: Այս մարդը սովոր է, որ բոլորը լսեն, երբ ինքը խոսում է:
– Ճանապարհորդելիս միշտ այսպես եմ անում, – վստահում է իր գաղտնիքը: –
Մեր օրերում ճամփորդելը դժվար գործ է:
Երբ բոլորն արդեն տեղավորվել էին, նա բացում է «Աննա Կարենինայի» իր մասը և սկսում է կարդալ: Մարդիկ հարցական, նաև առանց զարմանալու նրան են նայում, իսկ սա խոստովանում է.
– Չէ, իսկապես, ճամփորդելու միակ ձևն է:
Ժամանակին վեպը կարդացել և հավանել էր, իսկ ընթերցանության այս յուրօրինակ եղանակը լրացուցիչ գրավչություն էր հաղորդում առանց այդ էլ հռչակավոր այդ գրքին:

Երբ ավարտեց գրքի առանձնացված մասի ընթերցանությունը, կանչեց ուղեկցորդուհուն և կարգադրեց փոխանցել իր քարտուղարուհուն, որ ճամփորդում էր օդանավի էժան հատվածում: Այս վարմունքը հետաքրքրություն, նաև դատապարտող և տարօրինակ զգացում էր առաջացնում ամեն անգամ, երբ օդանավի հետնամասն էր ժամանում ռուսական մեծ վեպի հերթական բզկտված, բայց ընթեռնելի հատվածը:

Ընդհանուր առմամբ, «Աննա Կարենինայի» ընթերցանության այս խելամիտ եղանակը տպավորություն գործեց, և, ամենայն հավանականությամբ, ներկաներից ոչ ոք այն չի մոռանա:
Որոշ ժամանակ հետո ներքևում, հնդկական խանութում երիտասարդ կինը հենվել է վաճառասեղանին, իսկ փոքրիկ զավակները կախվել են փեշից: Նա ջինսով է, քանի որ ժամանակակից կին է, բայց վրայից ծանր, բրդյա շրջազգեստ է հագել` ազգային տարազի մասնիկը, և երեխաները հեշտությամբ բռնել են դրա հաստ ծալքերից:
Նա շնորհակալ հայացք է ուղղում հնդիկին, որ հավանում էր իրեն, ինքը դա գիտեր, և ցավում էր իր համար, հետո դուրս գնաց` մխրճվելու փոշու ամպերի մեջ:

Երեխաները քայլում էին արցունքն աչքերին, փոշեխեղդ կոկորդներով:

Ծանր էր, իրոք, անչափ ծանր էր քայլելը, տոտիկ-տոտիկ, փոշու միջով, որ դավաճան փափուկ թմբերով փռվել էր ոտքերի տակ: Դժվար, ավելի դժվար, բայց, դե, ինքը դժվարություններին սովոր է: Գլխում հենց նոր ընթերցած պատմությունն է: Մտածում է. «Ճիշտ ինձ նման է, սպիտակ գլխաշորով, նաև երեխաներին է խնամում: Ես կարող էի այդ ռուս աղջկա փոխարեն լինել: Եվ տղամարդը, սիրում է նրան և ձեռքն է խնդրելու: (Միայն այդ պարբերությունն էր ընթերցել): Այո, իմ հետևից էլ է տղամարդ գալու և փրկելու է այս ամենից, տանելու է ինձ և երեխաներիս, այո, կսիրի և հոգ կտանի մեր մասին»:

Շարունակում է քայլել: Ուսին դրված ջրի տակառիկը չափազանց ծանր է: Բայց դադար չի առնում: Երեխաների ականջին է հասնում տակառիկի մեջ տարուբերվող ջրի շրմփոցը: Ճանապարհի կեսն անցնելով` կանգ է առնում և ցած է դնում տակառիկը: Երեխաները նվնվում և հպվում են տակառիկին: Նրանց մայրը մտածում է, որ տակառիկը բացել չի կարելի, որովհետև փոշին ներս կլցվի: Մինչև տուն չհասնեն, անհնար կլինի տակառիկի բերանը բաց անել:

– Սպասեք, – հորդորում է երեխաներին, – դիմացեք:
Իսկ ինքը պետք է ուժերը ժողովի և շարունակի ճանապարհը:

Մտածում է: Ուսուցիչս ասաց, որ այնտեղ գրադարան կա, հանրախանութից մեծ, հսկա շինություն է` լցված գրքերով: Առաջ շարժվելով` երիտասարդ կինը ժպտում է, փոշին ուղիղ երեսին է փչում: «Խելացի եմ», – մտածում է: – «Ուսուցիչն ասաց, որ խելացի եմ: Դպրոցի ամենախելացի աշակերտը, այդպես ասաց: Երեխաներս էլ ինձ նման խելացի կլինեն: Նրանց գրադարան կտանեմ, այնտեղ, որտեղ անհամար գրքեր կան, դպրոց կհաճախեն և ուսուցիչ կդառնան: Ուսուցիչս ասաց, որ ես կարող եմ ուսուցիչ լինել: Այստեղից հեռու կլինեն, փող կվաստակեն: Մեծ գրադարանի մոտ կբնակվեն և լավ կյանքով կապրեն»:

Կարող եք հարցնել, թե հնդկական խանութի վաճառասեղանի վրա հայտնված ռուսական վեպի հատվածի պատմությունն ինչով ավարտվեց: Հետաքրքիր նյութ է: Գուցե, որևէ մեկը կպատմի:

Իսկ խեղճ աղջիկը շարունակում է քայլել, մտքում ջուրն է, որ տալու է երեխաներին` հենց որ տուն հասնեն, հետո ինքն էլ կխմի: Եվ քայլում է … աֆրիկական տապի սոսկալի փոշու միջով:
Հյուծված ենք, մենք` մեր աշխարհում, մեր սարսափահար աշխարհում: Պիտանի ենք հեգնանքի և անպատկառության համար: Որոշ բառեր և մտքեր գրեթե չենք օգտագործում, շատ են մաշվել: Բայց պարտավոր ենք վերակենդանացնել դրանց մի մասը, որ կորցրել են իրենց զորությունը:

Հարուստ գանձարան ունենք, գրական գանձեր, որ հասնում են մինչև եգիպտացիները, հույներն ու հռոմեացիները: Ամենն այդ գանձարանում է, գրական ամբողջ հարստությունը, որ կրկին ու կրկին հայտնագործելու է նա, ով բախտ կունենա առնչվել դրան: Գանձ: Պատկերացրեք, եթե այն գոյություն չունենար: Որքան աղքատ, որքան դատարկ կլինեինք:

Մենք լեզուների, բանաստեղծությունների, պատմությունների ժառանգության կրողն ենք: Հավերժ անսպառ ժառանգություն: Այն միշտ գոյություն է ունենալու: Մենք տիրապետում ենք հեքիաթների և պատմությունների, որ մեզ են փոխանցել հեքիաթասացները, նրանց անունները լավ գիտենք, չնայած կան նաև անհայտները: Հեքիաթասացներն անվերջ հետ են գնում, դեպի բացատը, որտեղ հսկա խարույկ է վառվում, և ծեր շամանները երգում-պարում են, քանի որ պատմությունների մեր ժառանգությունը սկիզբ է առնում կրակից, մոգությունից, հոգեկանից: Այսօր էլ նույնն է: Հարցրեք ժամանակակից հեքիաթասացներին, նրանք կխոստովանեն, որ կան պահեր, երբ մերձենում են կրակին, այն է, ինչն անվանում ենք ներշնչանք և վերադառնում ենք դեպի մեր տեսակի սկիզբը, դեպի կրակը, սառույցը, հզոր քամիները, որ ձև են տվել մեզ և մեր աշխարհին:

Հեքիաթասացը խոր նստած է բոլորիս մեջ: Հեքիաթաստեղծը մշտապես մեզ հետ է: Ենթադրենք, թե մեր աշխարհը խոցում են պատերազմները, սարսափները, այն, ինչը բոլորս հեշտությամբ կարող ենք պատկերացնել: Ենթադրենք, որ ջրհեղեղը սրբել-տարել է մեր քաղաքները, ծովերը բարձրացել են… Բայց հեքիաթասացն այնտեղ կլինի, քանզի մեր երևակայությունն է, որ ստեղծում, պահպանում, կերտում է մեզ` լավ, թե վատ արարքների համար: Դրանք բոլորը մեր պատմություններն են, հեքիաթասացը կվերակերտի մեզ, երբ վնասված, վիրավոր, նույնիսկ ոչնչացված կլինենք: Հեքիաթասացը, երազ արարողը, առասպել կերտողն է մեր փյունիկը, այն, ինչ ենք մեր լավագույն վիճակում, երբ առավել ստեղծագործ ենք:

Փոշու մեջ մաքառող խեղճ աղջիկը երազում է, որ իր զավակները կրթություն ստանան: Մեզ թվում է, թե նրանից լա՞վն ենք, մենք` սննդից գերհագեցածներս, մեր պահարանները պայթում են զգեստների առատությունից, և շնչահեղձ ենք լինում լիությունից:
Իմ կարծիքով, այս աղջիկը և այն կանայք, որ երեք օր շարունակ քաղցած էին և մտածում էին գրքերի ու կրթության մասին, միայն նրանք կարող են բնութագրել մեզ:

7 դեկտեմբեր, 2007

Անգլերենից թարգմանեց ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԸ

Աղբյուրը՝ granish.org


 Պիտակներ
         Դորիս Լեսսինգ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb