Այդ ոչինչը ես եմ. Ավետիք Իսահակյան

Հայեր 12.05.2021   20:00   96

Արևելյան մի քաղաքում ամառվա միջօրեի շոգին փողոցում՝ պատի ստվերում, պառկած էր մի դերվիշ:  Ցնցոտիների մեջ դերվիշը պառկել էր մայթի լայնքին՝ նվաղուն աչքերը կիսափակ: Քաղաքապետ իշխանը՝ հպարտ ու վեհ, հագած ճոխ ու զարդարուն, գալիս էր դանդաղ քայլերով, շրջապատված շքախմբով: Փողոցում մարդիկ ոտքի էին կանգնում, կպչում պատերին և խոնարհ գլուխ տալիս անցնող իշխանին:

Շքախմբի առաջնորդը, գավազանը թափահարելով, գոռաց դերվիշի վրա.

- Ի՞նչ ես մեկնվել մայթին, ճանապարհը բռնել: Չե՞ս տեսնում՝ ո՛վ է գալիս. վե՛ր կաց, անպատկա՛ռ:

- Ես միայն ինձնից մեծի առաջ ոտքի  կկանգնեմ,- անվրդով պատասխանում է դերվիշը:

Քաղաքապետը լսում է դերվիշի պատասխանը և հետաքրքրված մոտենում է նրան և հարցնում. 

- Մի՞թե ես քեզնից մեծ մարդ չեմ: 

- Իհարկե ո՛չ: Քեզնից բարձր դեռ շատ աստիճաններ կան: Այո, թե ոչ: 

- Այո՛: 

-Դու քաղաքապետ իշխան ես, գիտեմ: Որ բարձրանաս, ի՞նչ պիտի դառնաս,- հարցնում է դերվիշը: 

-Նահանգապետ,- պատասխանում է քաղաքապետը: 

-Հետո՞: 

- Հետո՝ վեզիր: 

- Հետո՞: 

- Փոխարքա: 

- Հետո՞: 

- Սահմանը սա է: Մեր բոլորի վրա շահն է: Նա է ամենից մեծը: 

- Ասենք թե շահ դարձար, հետո՞,- հարցնում է դերվիշը: 

- Հոտո՝ ոչինչ,- պատասխանում է քաղաքապետը:

-Ահա այդ ոչինչը ես եմ: Ոտքերիս տակից անցի՛ր, և գնա՛ քո ճանապարհը,- նույն անվրդովությամբ պատասխանում է և նվաղուն աչքերը գոցում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb