Այծքաղի կանյոն, ԱՄՆ

Art News 14.02.2020   21:30   987

ԱՄՆ-ում է գտնվում հայտնի Այծքաղի կանյոնը՝ պրոֆեսիոնալ լուսանկարիչների ու հետաքրքրասեր զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը։ Այն գտնվում է Արիզոնա նահանգում՝ Նավահո ռեզերվացիայի տարածքում, այնպես որ՝ այստեղ մուտք գործելը վճարովի է։ Բնության աշխատանքի արդյունք հանդիսացող եզակի բնապատկերներով հիանալու համար մոտ 20 ԱՄՆ դոլար է անհրաժեշտ։

Կանյոնի անունը պատահաբար չի ընտրվել։ Բանն այն է, որ նրանում գերակշռող են կարմիրն ու ոսկեգույնը, որի երանգները հաճախ համեմատում են այծքաղի մորթու հետ։ Կանյոնի գլխավոր յուրահատկությունը փափուկ ավազաքարից յուրահատուկ ձևավորում ստացած ժայռերն են։ Որոշ հատվածներում ժայռերի ճեղքվածքն այնքան լայն է, որ այնտեղ կարելի է հանգիստ զբոսնել։

Ներդաշնակ այս ձևավորումներին հատուկ գրավչություն է տալիս լույսը, որը ժայռերին ոսկեգույն, հրե կարմիր ու մանուշակագույն երանգներ է հաղորդում։

Այծքաղի կանյոնում հայտնվել երազում են աշխարհի բոլոր լուսանկարիչները, միայն թե կարևոր է նկատի առնել, որ կանյոնով կարելի է զբոսնել միայն Նավահոյի հնդկացիներից մեկի ուղեկցությամբ։ Կանյոն լավ է այցելել աշնանը կամ գարնանը։ Տարվա այդ եղանակներիին արևի ճառագայթները հասնում են նրա ամենախորը մասերին, իսկ ձմռանն ու ամռանը նույնիսկ կեսօրին ժայռոտ անցումների ներսում խավար է։

Այծքաղի կանյոնը իսկապես հեքիաթային վայր է, և դրանում համոզվելու համար բավական է մի քանի լուսանկար անել։ Նկարները խոստանում են ավելի էֆեկտիվ լինել, քան մարդկային աչքի տեսածը։ Զարմանալի մանուշակագույն ու կապույտ երանգները երևում են միայն նկարներում, իսկ անզեն աչքին տեսանելի չեն։

Պատրաստեց Լուսինե Բրուտյանը



 Պիտակներ
         սյուրռեալիստական բնապատկերներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon