Ասպիրանտուրայի ընդունելության կարգում այս տարի որեւէ փոփոխություն չի կատարվել. ԿԳՄՍՆ

Իրազեկիչ 09.04.2021   15:07   89

2021-22 ուսումնական տարում ասպիրանտուրայի  ընդունելությունն անցկացվելու է՝ համաձայն ՀՀ կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշմամբ սահմանված ասպիրանտուրայի ընդունելության եւ ուսուցման, դոկտորանտուրայի եւ հայցորդության ձեւակերպման կարգի պահանջների, այսինքն` մինչ կորոնավիրուսային համավարակը եղած կարգավորումներով:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ ասպիրանտուրայի դիմորդները քննություն կհանձնեն «Օտար լեզու» եւ «Ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից` ընդունելության համար ներկայացնելով ատեստավորման վկայական կամ դրան համապատասխան տեղեկանք:

Նշենք, որ համավարակի տարածման ռիսկով պայմանավորված` անցյալ` 2020-21 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության կարգում կատարվել էր փոփոխություն․ ժամանակավորապես հանվել էր «Օտար լեզու» եւ «Ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաներից ատեստավորման պահանջը: Նշված փոփոխությունը տարածվում էր բացառապես 2020-21 ուսումնական տարվա ընդունելության գործընթացի վրա:

Մրցութային կարգով ասպիրանտուրա են ընդունվում մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կրթական աստիճան, իսկ բժշկական մասնագիտություններով՝ բժշկի որակավորում, կլինիկական ուղղվածությամբ բժշկական մասնագիտությունների դեպքում՝ բժիշկ-մասնագետի որակավորում ունեցողները:

Ասպիրանտուրա ընդունվելու համար անձի կամ նրա լիազորած անձի կողմից դիմումը տրվում է հաստատության ղեկավարի անունով՝ ներկայացնելով հետեւյալ փաստաթղթերը՝

  • բակալավրի եւ մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի կամ օրդինատորի դիպլոմի ու դրանց հավելվածների պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին),
  • «Օտար լեզու», «Ինֆորմատիկա եւ տեղեկատվահաղորդակցական հիմունքներ» առարկաների ատեստավորման վկայականը կամ դրան համապատասխան տեղեկանքը (սահմանված ներքին շեմով՝ բալային գնահատմամբ),
  • ընտրված մասնագիտությամբ հրատարակված առնվազն մեկ գիտական աշխատանքի պատճենը կամ գիտական ռեֆերատ՝ առնվազն 20 տպագրական էջի սահմանում,
  • ինքնակենսագրություն եւ երեք լուսանկար (3x4 չափսի),
  • քաղվածք աշխատանքային գրքույկից (առկայության դեպքում):

Նշենք, որ ըստ մասնագիտությունների՝ պետության կողմից ասպիրանտուրայի ուսման վարձի փոխհատուցմամբ անվճար տեղերը հաստատելու վերաբերյալ  նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի առաջիկայում:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb