Աշխատանքային իրավունքների խախտման դեպք Արթիկում

Իրադարձային 04.02.2020   19:01   138

«Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը տեղեկացնում է.

Արթիկ քաղաքի ՀՅԴ «Թաթուլ Կրպեյան» կոմիտե են դիմել տեքստիլ արդյունաբերության «Սասստեքս» ՍՊԸ-ի 23 նախկին աշխատողներ՝ իրենց աշխատանքային իրավունքների պաշտպանության խնդրով:

2020թ. փետրվարի 1-ին «Թաթուլ Կրպեյան» կոմիտեի նախաձեռնությամբ «Սասստեքս» ՍՊԸ-ի նախկին աշխատողները հանդիպեցին Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում մասնակիցները ներկայացրեցին իրենց աշխատանքային իրավունքների ենթադրյալ խախտումները և ստացան անհրաժեշտ իրավական խորհրդատվություն: Միաժամանակ, հանդիպման մասնակիցները լիազորեցին Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակի փաստաբանին՝ իրենց աշխատանքային իրավունքների հետագա պաշտպանությունն ապահովելու նպատակով:

Հարկ է նաև նշել, որ հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների և առկա փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքում՝ Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը արձանագրել է այդ քաղաքացիների վարձատրության իրավունքի հնարավոր խախտման մի շարք փաստեր:

Աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակը, մինչև դատական կարգով իր վստահորդների իրավունքների պաշտպանությունը, առաջիկայում դիմելու է «Սասստեքս» ՍՊԸ-ի տնօրենին՝ բանակցությունների միջոցով փաստագրված խնդիրների լուծման նպատակով:

Միաժամանակ տեղեկացնում ենք.

Ձեր աշխատանքային իրավունքները պաշտպանելու, սոցիալական նպաստների, կենսաթոշակների և այլ սոցիալական հարցերով անվճար խորհրդատվություն և փաստաբանական ծառայություններ ստանալու նպատակով կարող եք դիմել «Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ (hեռ.՝ 094-99-65-04, 096-99-66-04, hասցե՝ ք. Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի 8):

«Հրայր Մարուխեան» հիմնադրամի աջակցությամբ գործող աշխատանքային իրավունքների պաշտպանության գրասենյակ



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon