Արթուր Անդրեասյան․ «Ուզում ենք իմանանք՝ ինչի՞ համար հրկիզեցին «Ձյունիկը»»

Իրադարձային 28.08.2019   16:27   267

«Ձյունիկ» սառնարանների պահեստում «Արմեն -Համիկ եղբայրներ» ՍՊԸ-ն ունեցել է մոտ 900 տոննա սառեցված ապրանք, որից կարողացել են փրկել միայն 300 տոննան։ Մնացած ապրանքը պահեստի ներսում է մնացել, նշում է ՍՊԸ-ի տնօրեն Արթուր Անդրեասյանը։

Լրագրողների հետ հանդիպման նա նշեց, որ ընկերությունը ամսական մոտ 9 մլն գումար է փոխանցել իրենց ապրանքների պահպանման համար։ Նրա խոսքով՝ գործարարները դիմելու են վարչապետին, պահանջելու են, որպեսզի իրենց հետ վերադարձվի  ավելացված արժեքի հարկը և մաքսատուրքը։

«Մեր կառավարությունը պետք է աջակից լինի գործարարներին։ Խոսքը գնում է մոտ 700-800 հազար դոլարի մասին։  Իմ կարծիքով՝ «Ձյունիկ»-ում ընդհանուր առմամբ եղել է 30 մլն դոլարի ապրանք, տուժողներս 12 հոգի ենք, բայց եղել են մարդիկ, ում ապրանքները եղել են 40-50 տոննա, նրանք իրենց ապրանքները մեր օգնությամբ հանել են։ Ներսում ջերմաստիճանը հասել էր 800-1000 հազարի, հնարավոր չի եղել ապրանքները պահպանել։ Միայն աջ մասի հատվածում գտնվող մսամթերքն ենք կարողացել պահպանել»,- նշեց նա։

Արթուր Անդրեասյանի կարծիքով՝ քանի որ ապրանքները ապահովագրված չեն եղել, ամբողջ պատասխանատվությունը պետք է կրի «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ն։

Նա նշեց, որ այդ ընկերությունը մի քանի ամիս է, ինչ սնանկ է ճանաչվել։ Եվ ընդգծում է՝ եթե նախապես իմանային, իրենց ապրանքները չէին պահի այնտեղ։

Արթուր Անդրեասյանը նաև կասկածներ հայտնեց պահեստի միտումնավոր հրկիզման մասին։

«Խնդրում ենք գտնել այն չարաբաստիկին, որ հրկիզեց պահեստն ու այդքան վնաս հասցրեց կազմակերպություններին։  Ուզում ենք իմանանք ճիշտը, ինչի՞ համար հրկիզեցին «Ձյունիկ սառնարանը», գուցե խանգարո՞ւմ ենք շուկային»,- ասաց նա։

Արթուր Անդրեսյանը նաև  ավելացրեց, որ հրկիզված ապրանքի պատճառով հնարավոր է ապրանքի դեֆիցիտ և գների աճ առաջանա։



 Պիտակներ
         «Ձյունիկ»


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb