Արտահերթ ընտրություններ նոր ԸՕ-ով
Այս շաբաթվա մեջ Ազգային ժողովում կավարտվեն Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումները, և փաստաթղթի աշխատանքային տարբերակը ավարտուն տեսք կստանա և կհրապարակվի։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խմբի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։
«Հիմնական քննարկումները, կոնսուլտացիաները կուսակցությունների, ՀԿ-ների հետ ավարտվել են ընդհանուր կոնցեպտի շուրջ։ Կան մի քանի կոնցեպտուալ հարցեր, որոնց շուրջ համաձայնություն պետք է ձեռք բերվի, բայց իրականում փաստաթուղթը, որպես այդպիսին, ամբողջական պատրաստ է։ Աշխատանքային տարբերակը կհրապարակվի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ գործընթացը, քննարկումները առավել քան ներառական են եղել:
«Եվ Ընտրական օրենսգրքի, և Կուսակցությունների մասին օերնքի նախագծերի քննարկումները, որոնք զուգահեռ էին ընթանում, առավել քան ներառական են եղել։ Տարբեր կառույցների, հասարակական սեկտորի, հասարակական, քաղաքական կազմակերպությունների հետ գործընթացում ներգրավված են եղել և խորհրդարանական ուժերը, և արտախորհրդարանական ուժերը, ինչպես նաև թիրախային խմբեր, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող ընտրողների քվեարկության հետ կապված հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատող կառույցներ և այլն»,- ասաց Տիգրանյանը։
Նշենք, որ փորձագիտական շրջանակները, խորհրդարանական և արտախորհրդարանական ուժերը, բոլորը մի հարցում միակարծիք են, որ եթե լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա դրանք պետք է լինեն Ընտրական նոր օրենսգրքով։
Արտախորհրդարանական «Քաղաքացու որոշում» կուսակցության վարչության անդամ Միքայել Նահապետյանը ևս համակարծիք է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները միանշանակ պետք է տեղի ունենան նոր Ընտրական օրենսգրքով, բայց Ընտրական օրենսգրքի նախագծի մշակման ֆորմատը Նահապետյանին չի գոհացնում։
«Ֆորմատը ենթադրել է, որ հանձնաժողովը կազմված է խորհրդարանական խմբակցություններից և ոլորտային փորձագիտական կազմակերպություններից։ Արտախորհրդարանական ուժերը և այլք կարող էին ներկայացնել առաջարկներ այդ խմբի քննարկմանը, կարող էին հանդիպել աշխատանքային խմբին, բայց չէին կարող լինել աշխատանքի մշտական կողմ։ Մենք էլ աշխատանքի մշտական կողմ չենք եղել»,- ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ իրենց պատկերացրած ֆորմատը այլ է, ըստ որի՝ օրենքները պետք է լինեն քաղաքական համաձայնության առարկա, իսկ փորձագետները տան այդ քաղաքական համաձայնություններին իրավական լեզու՝ մատնանշելով ռիսկերը:
«Այս ֆորմատը չի իրականացվել։ Մեզ առաջարկվել է եղած ֆորմատի շրջանակներում առաջարկություններ ներկայացնել։ Մենք տարբեր հարցերի վերաբերյալ ունենք մեր մոտեցումները, բայց քանի որ աշխատանքային քննարկումների ֆորմատ չի եղել, գաղափարների բանավեճ չի եղել, մենք գրավոր որևէ առաջարկ չենք ներկայացրել»,-ասաց Նահապետյանը՝ հավելելով, որ իրենք ընտրել են այլ տարբերակ՝ նախագծի հրապարակումից հետո իրենք հանդես կգան նախագծի վերաբերյալ արձագանքներով: «Եթե չի լինելու աշխատանքային բանավեճ, չենք նստել, խելք խելքի չենք տվել, և եղել է հանձնաժողովի ֆորմատ, թող իրենք ներկայացնեն նախագիծը, ու եթե դա մեզ չբավարարի, մենք հանդես կգանք քննադատությամբ և առաջարկներով»,- ընդգծեց Միքայել Նահապետյանը։
Ամբողջական՝ սկազբնաղբյուրում։
Նմանատիպ նյութեր