Արսեն Գրիգորյանն ակտիվ քաղաքականություն է մտնում․ «Արմենպրես»

Քաղաքական 13.04.2021   15:05   49

Հայրենասիրությունը, ազգային ինքնության պահպանումը և Հայաստանում ապրելու, արարելու ձգտումը տարիներ առաջ երգիչ Արսեն Գրիգորյանին բերեցին Հայաստան: Իսկ վերջին տարիների իրադարձությունները` ազգային և պետական անվտանգության սպառնալիքները, ներքաղաքական անկայունությունն ու պատերազմը,  մշակութային ոլորտի լուրջ բացթողումները, հնարավոր է, երգչին բերեն ակտիվ քաղաքականություն:

Իր կայացման ճանապարհին Հայաստանում ունեցած դժվարությունների ու ձեռքբերումների, երկրում կատարվող իրադարձությունների,  ակտիվ քաղաքականություն գալու և  առկա խնդիրների ու դրանց լուծման  հնարավոր ուղիների մասին «Արմենպրես»-ը զրուցել է երգիչ, հայ ժողովրդական երգերի մեկնաբան, «Գութան» ազգային երգի, պարի փառատոնի և ԱՐԱՐ հայ արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագրի հիմնադիր, ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի հետ:

Կյանք Հայաստանից դուրս, բայց՝ Հայաստանով

Արևմտյան Հայաստանի և Սիրիայի սահմանին գտնվող Ղամիշլի քաղաք գաղթած սասունցիների ընտանիքում եմ ծնվել: Իմ ամբողջ կյանքում Հայաստանի ու մայր հայրենիքի մասին մեր տանը խոսել ենք հուզմունքով, հպարտությամբ, ու  վերադարձի մեծ սպասումով: Յոթ տարեկան էի, երբ Ղամիշլիից տեղափոխվեցինք Հասակե քաղաք, որտեղ ընդամենը 50 հայ ընտանիք էր ապրում, բայց ունեինք եկեղեցի, հայկական դպրոց ու միմյանց հետ սերտորեն կապված հայ համայնք:

Դպրոցում լավ էի սովորում ու դեռ այդ ժամանակից հակում ունեի դեպի արվեստն ու երաժշտությունը: Բայց այդ  ամենը մի կողմ՝ ինձ համար ամենամեծ երազանքը, ձգտումն ու  ապրելու իմաստը դարձել էր Հայաստան վերադառնալը: Գիտեի, որ վերադառնալու միակ հնարավորությունը Հայաստանում ուսումն էր, ուզում էի Կոնսերվատորիա ընդունվել: Դրա համար պետք է բարձր միավորներով ավարտեի դպրոցը, ու դա իմանալով՝ ամբողջ ներուժս ուղղել էի  կրթությանը: Բայց իհարկե, արվեստի ու հատկապես երաժշտության նկատմամբ մեծ սերս էլ մեծանում էր օրեցօր:

Վերադարձ հայրենիք կամ՝ «Բարի լույս, Հայաստա´ն»

1987 թվականի հոկտեմբերի 24-ին ես վերադարձա Հայաստան: Առաջին անգամ էի հայրենիքում, բայց այո´, դա վերադարձ էր ինձ համար: 1915 թվականին Արևմտյան Հայաստանում իմ գերդաստանը ենթարկվեց ցեղասպանության ու հայրենազրկման, և այդ արհավիրքից միայն մեծ հայրս՝ Գրիգորը մազապուրծ հասել է Ղամիշլի քաղաք, որտեղ ծնվեց հայրս, ու որտեղ ծնվել եմ ես ու իմ քույր-եղբայրները…այս ամենից հետո իմ գալը Հայաստան իրոք, վերադարձ էր: 1987-ի հոկտեմբերի 24-ն իմ կյանքի բեկումնային և կարևոր օրն է, որը նշում եմ որպես գիտակցական ծննդյան օր: Ես սկսեցի խորապես հասկանալ հայրենիքի կարևորությունը ու մինչ այժմ առավոտյան արթնանալիս` մենք ընտանիքով միմյանց ասում ենք՝ «Բարի լույս, Հայաստա´ն»:

Ինձ մոտ զգացմունքային շոկ էր, շուրջս բոլորը հայերեն էին խոսում, հայերեն տառեր էի տեսնում,  հայերի էի տեսնում... ես Հայաստանում էի, իմ հայրենիքում: Քանի որ ուսումնական տարվա մեկնարկից ուշ էի եկել, սկզբում Երևանի պետական համալսարան ընդունվեցի, ինչն ինձ համար ճակատագրական եղավ, որովհետև արևելահայերենին տիրապետելն ինձ համար շատ կարևոր էր: Այսպես՝ ես սովորեցի իմ պետության լեզուն:

Մեկ տարի անց մյուս երազանքս կատարվեց, ու ես ընդունվեցի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: Այստեղ էլ իմ վարպետ՝ Հովհաննես Բադալյանից, այնուհետև միաժամանակ աշակերտելով Հայրիկ Մուրադյանին, սովորեցի, թե ինչ է նշանակում իրական, անաղարտ, մաքուր  հայ երգեցողությունը, որն է հայ ազգային պատկանելությամբ երգն ու մշակույթն և տարբերել հայերեն խոսքերով երգվողը ոչ հայկական երգերից։ Մինչ օրս չեմ մոռանա, որ Ռոբերտ Ամիրխանյանի մի խոսքից հետո պարզապես կոտրեցի ինձ մոտ եղած բոլոր սկավառակները, որոնցում, թվում էր, թե հայկական երաժշտություն կար:

1993 թվականին, ավարտելով Կոնսերվատորիայի երգեցողության բաժինը, անմիջապես ընդունվեցի մագիստրատուրա, որն ավարտելով ստացա Արվեստների վարպետ կոչումը։ Մագիստրատուրան ավարտեցի շատ ուշ՝ 1998-ին, պատճառն այն էր, որ Հայաստանում մնալու իմ միակ հնարավորությունն ուսանող լինելն էր, քանի որ ինձ քաղաքացիություն չէին տալիս: Ես շարունակում էի լինել Սիրիայի քաղաքացի, չնայած, որ բազմաթիվ երկրների բեմում արդեն Հայաստանն էի  ներկայացնում: Ինձ համար շատ կարևոր էր նաև այս խնդիրը, որովհետև ուզում էի վերջնականապես ու նաև իրավական առումով կապված լինել Հայաստանիս հետ: 1998 թվականին ամուսնացա և ստացա կացության սովորական կարգավիճակ։ Մեծ դժվարություններով 2004 թվականին ինձ հաջողվեց հրաժարվել սիրիական անձնագրից և դառնալ միայն ու միայն Հայաստանի քաղաքացի:

Ամենամեծ հաջողությունս հայ ծնվելն է, ոգեշնչումս՝ Հայաստանը

Ես սիրում եմ մեր՝ հայի տեսակը, որն արարող, նորն ու արժեքավորը ստեղծողն է: Ես կարող էի մեկ այլ ազգի ներկայացուցիչ ծնվել և անհոգ ապրել, բայց ամեն ինչ այս կյանքում կանխորոշված ու փոխկապակցված է: Եթե ես կարող եմ այլոց մեջ սերմանել գենի և ազգի հանդեպ սերը, նրան հայի արարող տեսակի կրող դարձնել, ուրեմն՝ պետք է անեմ:

Մանկուց եմ նպատակասլաց,  ու իմ ուզածին, իհարկե ազնիվ ճանապարհով, հասնում եմ ամեն կերպ: Դեռ ուսանողական տարիներին շատ կարծրատիպեր կոտրեցի` մերժելով հանրակացարանային սենյակը Սիրիայից եկած ուսանողների հետ կիսելու առաջարկը: Ապրեցի գյումրեցի երկու ուսանողի հետ և ճիշտ վարվեցի: Նաև այն ժամանակ էի ճիշտ, երբ արցախյան շարժումը սկսվեց ու անտարբեր չմնացի:  Իհարկե, փաստաթուղթ էի ստորագրել, որ իրավունք չունեմ խառնվելու որևէ քաղաքական գործընթացի, բայց այն ինձ չխանգարեց:  Պարզապես չէի կարող անտարբեր անցնել այդ ամենի կողքով: Արցախյան առաջին պատերազմի ժամանակ ես առաջին հայրենադարձներից եմ, որ եղել է Արցախում.. մեծ դժվարությամբ, բայց եղել եմ:

Որպես մշակութային ոլորտում կայացած մարդ, ստիպված եմ քայլերս ուղղում դեպի ակտիվ քաղաքականություն

Ինձ համար հրաշալի կլիներ, եթե ապրեի իմ երազած երկրում, զբաղվեի իմ սիրելի գործով՝ մշակույթի տարածմամբ, օրեցօր չզգայի երկիր, պետություն, ազգ ու արժեք կորցնելու վտանգը: Ես պայքարելու եմ ոչ թե իրավունքների, այլ՝ պարտականությունների և պատասխանատվություն կրելու համար:  Ես պայքարելու եմ մեր պետության իրավունքների համար։ Ես գալիս եմ իմ մշակութային փորձը ներդնելու մի ծրագրով, որի կարևոր կետերից է մշակույթի նախարարության առանձնացումը, ինչն էլ կիրականացնի մշակութային ժառանգության պահպանումը և այնպիսի հասարակության ստեղծումը, որը կկրի մեր մշակութային արժեքները: Այս ամենին հասնելու կարևոր ուղիներից մեկը երեխաների մեջ դեռ մանկապարտեզից պատասխանատվության, ազգային ինքնության, հայի տեսակի պահպանման սերմանումն է:  Ի վերջո, ունենք զավթված և բանտարկված մշակութային ժառանգություն, որին պետք է տեր կանգնենք մինչև գերությունից ազատելը։

Գալիս եմ ասելու, որ բոլոր ոլորտներում՝ տուրիզմից մինչև գյուղատնտեսություն, կառավարման համակարգի փոփոխության ու նոր մոտեցումների որդեգրման կարիք կա:  Մեզ անհրաժեշտ է ժամանակակից մեթոդներով առաջնորդվող տուրիզմի նախարարություն, որը պետք է արդյունավետ հաղորդակցությամբ գործընկերային հարաբերություններ կառուցի,  աշխատի մարքեթինգային զարգացման ուղղությամբ: Հայաստանում ունենք գյուղական,  գաստրո և այլ տեսակի  տուրիզմի  զարգացման ահռելի ներուժ ու հնարավորություններ, բայց համապատասխան օղակները բավականաչափ ուշադրություն չեն դարձնում: Մեզ համար առանցքային ոլորտներից գյուղատնտեսությունը ևս պետական մակարդակով աջակցության կարիք ունի: Այս ոլորտում պետության ներգրավվածությունը պետք է մեծանա, մասնավորինը՝  փոքրանա:

Ցանկացած ռազմավարական ոլորտում պետությունը պետք է մեծ մաս կազմի` իր ձեռքում կենտրոնացնելով երկիրը սնուցող բոլոր կարևոր օղակները:

Միավորված և ազգային արժեքներով Հայաստան. հայրենադարձությունը սնուցող օղակ է

Մեծագույն երազանք ու նպատակ ունեմ, որ հայերս պետք է ապրենք միավորված Հայաստանում: Ինձ համար Հայաստանում գործելը միաժամանակ հեշտ և բարդ է, բայց ես փորձում եմ մեր հասարակության մեջ սերմանել ամբողջական Հայաստանի գաղափարը: Եթե կարողանանք պահպանել մեր մշակութային աշխարհագրությունը, շատ ավելի կհեշտանա ֆիզիկական աշխարհագրության խնդրի լուծումը: Իսկ դրա համար պետք է առաջնորդվենք մեկ ազգային գաղափարախոսությամբ, մեր տեսակը, մեր մշակույթն ու  արժեքը պահպանելու առաքելությամբ:

Որպես բազում փորձություններով անցած հայ, կենսական անհրաժեշտություն եմ համարում հայրենադարձության խնդրի լուծման համար բարենպաստ միջավայրի ստեղծումը, ինչն էլ իր հերթին կսնուցի բանակը, տնտեսությունը, գիտությունը և մյուս բոլոր ոլորտները, այդպիսով կունենանք նաև պետության զարգացման ռազմավարություն:

Ամեն ինչ սկսվում է նպատակ ունենալուց: Ես մեծ նպատակից եմ սկսել, դրա համար Հայաստանում եմ, իմ ընտանիքը Հայաստանում է, որդիս ծառայում է Արցախում: 

Հայաստանը՝ ազգային պետություն, ազգային արժեքներով ու գաղափարախոսությամբ

Բոլոր ոլորտներն իրենց հիմքում պետք է ունենան անվտանգության ապահովման խնդիր: Քանի որ մենք հարատև կռվի ազգ ենք` աշխարհագրական դիրքի և մեր տեսակի պահպանման տեսանկյունից, մեր միտքը, հավատարմությունն ու նվիրվածությունը պիտի ծառայեցնենք հնարավորինս ինքնաբավ երկրի կառուցմանը: Երբ պետականամետությունը դառնա մեզ միավորող գաղափարախոսության առանցք, մարդն էլ կդառնա միջոց` ծառայելու իր ազգին ու պետությանը, այդ ժամանակ մենք կունենանք այն հայկական պետությունը, որն ինձ համար երազանք է:

Բոլոր ոլորտները` մշակույթից մինչև բանակ, պետք է ազատել այն ամենից, ինչը վնասում է մեր ազգային արժեքներին:

Ազգային պետություն կառուցելիս չմոռանալ նաև արտաքին քաղաքականության կարևոր դերի, մեր աշխարհագրական դիրքի, դաշնակիցների ու թշնամիների մասին

Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններն, իհարկե, կարևոր են, բայց պետք է կառուցել լավ հարաբերություններ նաև բոլոր այն երկրների հետ, որոնց հետ մեր շահերը համընկնում են թե´ տնտեսական, թե´ քաղաքական առումներով: Այս կոնտեքստում կարևոր է նաև պանթուրքիզմի տարածումը մերժող պետությունների հետ աշխատանքը, քանի որ Թուրքիայի հետ ընդհանուր շահ ունենալ մենք չենք կարող:

Հայ կոչմանն արժանի լինելն ինձ համար օրակարգային է

Սրա մեջ են ամփոփված պետականության մասին իմ պատկերացումները: Քաղաքացիական իրավագիտակցությունը սահմանվում է ոչ միայն իրավունքների, այլ նաև սեփական երկրիդ ու ազգիդ հանդեպ պարտականությունների ստանձնմամբ: Ես սա համարում եմ ազգային պետականության հիմքն ու շարունակելու եմ ծառայել Հայաստանիս:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb