Արմինե Օհանյան. «Իշխանությունը պետք է դուրս գա ֆեյսբուքից և սկսի իրական կյանքով ապրել»

Իրադարձային 17.02.2020   15:15   299

«Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. ասելիքներն ու անելիքները» թեմայով քննարկմանը «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը նշել է, որ հեղափոխությունից հետո օրաթերթի դեմ սոցիալական ցանցերով հարձակումներ են եղել։

«Մենք դեռ այն ժամանակ հույս ունեինք, որ դա կարող է կարճ կյանք ունենալ և ինչ-որ ժամանակ անց ամեն ինչ կմտնի բնականոն հուն, մարդիկ կհասկանան, որ հայհոյանքներով, վիրավորանքներով, կեղծ PR-ով չի կարելի ապրել, կառավարել լրատվամիջոցների աշխատանքը։ Բայց պարզվեց, որ մենք շատ լավատես էինք»,- ասաց Օհանյանը։

Նրա խոսքով՝ 2018թ օգոստոս-սեպտեմբերին առաջին արշավն օրաթերթի դեմ «Ոչ Հրապարակին» ֆլեշմոբն էր, որը ղեկավարվում էր «ՔՊ» որոշ ներկայացուցիչների կողմից, որոնցից ամենաակտիվներից մեկն այսօր ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալն է։

Խմբագիրը նշեց, որ իշխանություններին քննադատելու համար հայտնվում են «սիրահարված մասսայի» թիրախում։

«Մենք շատ լավ հասկանում էինք, որ դա վտանգավոր ճանապարհ է և զգուշացնում էինք։ Ասում էինք՝ իշխանությունը պետք է դուրս գա ֆեյսբուքից և սկսի իրական կյանքով ապրել, աշխատել»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ զգուշացրել են նաև, որ ֆեյսբուքյան արշավները հետագայում իրենց դեմ է օգտագործվելու։

Ըստ բանախոսի՝ չի կարելի թույլ տալ, որ կիսագրագետ, ոչ այնքան պատրաստ զանգվածը խանգարի լրատվամիջոցների աշխատանքին և այսօր կա ավելի շատ խորացած հիվանդություն, որոնց դեմ պայքարելու մեթոդները կասկածելի են և ոչ արդյունավետ։

«Փորձում են օրենսդրական ճանապարհով մտցնել ինչ-որ մի կետ և ատելության խոսքի դեմ պայքարը կազմակերպված տանել »,- ասաց Օհանյանը։



 Պիտակներ
         Արմինե Օհանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon