Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Հորդանան

Իրադարձային 04.04.2019   16:41   417

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 5-ին աշխատանքային այցով կմեկնի Հորդանանի Հաշիմյան Թագավորություն: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Հորդանանի մայրաքաղաք Ամմանում ապրիլի 5-7-ը տեղի կունենա Համաշխարհային տնտեսական համաժողովի՝ Մերձավոր Արևելքին և Հյուսիսային Աֆրիկային նվիրված հանդիպումը, որին նախագահ Արմեն Սարգսյանը հրավիրված է որպես բանախոս:

Համաշխարհային տնտեսական համաժողովի հանդիպումը կազմակերպվել է Հորդանանի Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդ Իբն Ալ-Հուսեյն Ալ-Հաշիմի և թագուհի Ռանիա Ալ-Աբդալլահի աջակցությամբ և նրանց բարձր հովանու ներքո:

Ներկա են լինելու տարբեր երկրների պետական, գործարար ու քաղաքացիական շրջանակը ներկայացնող ավելի քան 1000 առաջնորդներ, ովքեր կքննարկեն այն մարտարհրավերները, որոնց առերեսվում է տարածաշրջանը: Մասնավորապես, հանդիպման մասնակիցները կխոսեն էներգետիկ անվտանգության, մաքուր և վերականգնվող էներգիայի աղբյուրների կիրառման, կիբերանվտանգության և մի շարք այլ հարցերի շուրջ:

Հանրապետության նախագահը ելույթ կունենա «Նոր էներգիա Մերձավոր Արևելքի համար» խորագիրը կրող քննարկման շրջանակում: Հայաստանի նախագահը կհանդիպի նաև Համաշխարհային տնտեսական ֆորումի հիմնադիր և գործադիր նախագահ, հայտնի տնտեսագետ Կլաուս Շվաբի հետ:

Արմեն Սարգսյանը ֆորումի երկարամյա մասնակիցներից է և Կլաուս Շվաբի հետ վաղեմի բարեկամություն ունի:

Հորդանան կատարած այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպումներ կունենա երկրի բարձրագույն ղեկավարության, ինչպես նաև գործարար շրջանակի և տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: 


 Պիտակներ
         Արմեն Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb