Արմեն Սարգսյան․ Գիտության և քաղաքականության համադրությունը կարևոր է ապագայի տեսանկյունից

Քաղաքական 23.01.2019   16:15   323

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Գիտության և համաշխարհային հարցերով Պագուոշի համաժողովների (Pugwash Conferences on Science and World Affairs) գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Պաոլո Կոտա-Ռամուսինոյին: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Պագուոշի համաժողովը միջազգային ազդեցիկ հարթակ է, որը միավորում է գիտնականների, քաղաքական ու հասարակական գործիչների՝ հանուն զինված հակամարտությունների վտանգի նվազեցման, համաշխարհային անվտանգության սպառնալիքների դեմ լուծումների որոնման նպատակով: Պագուոշի համաժողովները և դրա համահիմնադիր Ժոզեֆ Ռոթբլաթը 1995 թվականին արժանացել են Խաղաղության նոբելյան մրցանակի:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ քաջատեղյակ է աշխարհում ազդեցիկ գիտնականների, քաղաքական և հանրային գործիչների մասնակցությամբ Պագուոշի համաժողովների հիմքում ընկած գաղափարներին, նպատակներին և բարձր է գնահատում այն ջանքերը, որ նրանք ներդնում են ավելի անվտանգ, ապահով ու զանգվածային ոչնչացման զենքերից զերծ աշխարհ ունենալու ուղղությամբ:

Նոբելյան մրցանակակիր համաժողովների գլխավոր քարտուղար Պաոլո Կոտա-Ռամուսինոն ասել է, որ մտադրություն ունեն Պագուոշի հերթական համաժողովն անցկացնել Երևանում, այս տարվա նոյեմբերին: Պաոլո Կոտա-Ռամուսինոյի համոզմամբ, Հայաստանը կարող է լինել լավագույն վայրը երկխոսության համար:

Ողջունելով համաժողովը մեր երկրում անցկացնելու գաղափարը՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այս տարվա ընթացքում Հայաստանում նախատեսվում են ևս մի քանի միջազգային ազդեցիկ համաժողովներ: Շատ էական համարելով, երբ մեկ տեղում են հավաքվում քաղաքականությամբ հետաքրքրված գիտնականները և գիտությամբ հետաքրքրված քաղաքական գործիչները, նախագահ Սարգսյանն ասել է. «Գիտության և քաղաքականության համադրությունը հատկապես կարևոր է ապագայի տեսանկյունից, մասնավորապես՝ նոր տեխնոլոգիաների, արհեստական բանականության համատեքստում»:

Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Պագուոշի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելուն և անցկացնելուն: 

Երկու ֆիզիկոսները խոսել են նաև աշխարհում տեղի ունեցող սրընթաց փոփոխությունների մասին, անդրադարձել գլոբալ ռիսկերին ու մարտահրավերներին, դրանց դիմակայելու և դրանցից խուսափելու հնարավորություններին:



 Պիտակներ
         Արմեն Սարգսյան, Պաոլո Կոտա-Ռամուսինո


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon