Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

Իրադարձային 20.05.2021   12:41   53

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել է, որ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2004-2018 թվականների ընթացքում օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամի եկամուտները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հատուկ քննչական ծառայությունը.

«Այսպես, 2002-2018 թվականների ընթացքում Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված անձանց օրինական եկամուտների հանրագումարը կազմել է ընդհանուր 743.458.821 ՀՀ դրամ, մինչդեռ վերջիններիս անվամբ նույն ժամանակահատվածում գրանցվել է Արմեն Գևորգյանին փաստացի պատկանող` Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող` վերը նշված գումարը բազմակի անգամ գերազանցող արժեքի 39 միավոր անշարժ գույքերի նկատմամբ սեփականության իրավունք։

 Արմեն Գևորգյանը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, ներգործել է մի շարք մարզերի համայնքների ղեկավարների վրա՝ վերջիններիս դրդելով գործող օրենսդրության խախտմամբ` ձևական աճուրդներ անցկացնելու եղանակով, համայնքներին պատկանող որոշ հողատարածքների նկատմամբ սեփականության իրավունքը գրանցել իր հետ փոխկապակցված անձանց անվամբ։

Նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում գտնվող հիշյալ անշարժ գույքերի պայմանագրային արժեքը կազմել է 751.268.208 ՀՀ դրամ, մինչդեռ նույն անշարժ գույքերի միջին շուկայական արժեքը գործարքի կատարման ժամանակ կազմել է նշված արժեքի ավելի քան վեցապատիկը` 4.843.530.000 ՀՀ դրամից ավելի, իսկ Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձանց անվամբ Չեխիայի Հանրապետությունում գտնվող ընդհանուր 10 միավոր անշարժ գույքերի շուկայական արժեքը կազմել է 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։

Պարզվել է նաև, որ ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Չեխիայի Հանրապետությունում, Արմեն Գևորգյանի հետ փոխկապակցված անձինք հիմնադրել են մի շարք ընկերություններ, որոնց անվամբ գրանցվել են անշարժ գույքեր: Բացի այդ, նշված անձինք բանկային գործարքների եղանակով շրջանառել են դրամական միջոցներ, սակայն ինչպես գնված անշարժ գույքերի շուկայական արժեքների, այնպես էլ շրջանառված դրամական միջոցների հարաբերակցությունն էականորեն տարբերվել է իրենց կողմից ստացված օրինական եկամուտներից։

Այսպիսով, քրեական գործով հիմնավորվել է, որ վերը նշված բոլոր անշարժ գույքերի շուկայական արժեքի հանրագումարը գերազանցում է Արմեն Գևորգյանի և նրա հետ փոխկապակցված անձանց կողմից ստացված օրինական եկամուտները, որպիսի պայմաններում Արմեն Գևորգյանը պետական պաշտոնները զբաղեցնելու ընթացքում իրականացրած անօրինական գործունեության արդյունքում ստացված եկամուտների հանցավոր ծագումը թաքցնելու, դրանց օրինական տեսք տալու նպատակով ձեռք է բերել և փոխկապակցված անձանց անուններով գրանցել հիշյալ անշարժ գույքերը, ինչպես նաև դրանց գնման դիմաց վճարված իրական արժեքները թաքցնելու եղանակով օրինականացրել (լվացել) է 4.100.071.179 ՀՀ դրամ և 391.920.000 ՀՀ դրամին համարժեք 920.000 ԱՄՆ դոլար։

Բացի այդ, Արմեն Գևորգյանը, նպատակ ունենալով թաքցնել և խեղաթյուրել հանցավոր ճանապարհով ստացված կանխիկ գումարների ծագումը, ինչպես նաև դրանք տարբեր բանկային գործարքների արդյունքում շրջանառելուց հետո ներկայացնել որպես օրինական ստացված եկամուտներ, դրանք շրջանառել է փոխկապակցված անձանց անձնական և նրանց անվամբ գրանցված տարբեր կազմակերպությունների բանկային հաշիվներով:

Վերոգրյալ պայմաններում Արմեն Գևորգյանը հանցավոր ճանապարհով ստացել և օրինականացրել է ընդհանուր 4.921.302.379 ՀՀ դրամ, որի համար վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:


 Պիտակներ
         Արմեն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb