Արմեն Գևորգյանի խափանման միջոցի որոշումը կհրապարակվի հունվարի 29-ին

Օրենքի ուժով 25.01.2019   17:46   404

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ ավարտվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցի քննությունը:

Արմեն Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ միայն տեղեկացրեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` բողոքների վերաբերյալ որոշում կայացնելու, որը հրապարակվի հունվարի 29-ին:

«Այս պահի դրությամբ որևէ նոր բան ասելու չունեմ, դատարանը հեռացել է  խորհրդակցական սենյակ, հունվարի 29-ին որոշումը կհրապարակվի, և ըստ այդմ էլ բոլորս  կիմանանք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը։ Այս որոշումը բողոքարկել է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Առաջին ատյանի դատարանի որոշումը մասնակի բողոքարկել է նաև պաշտպանական կողմը։

Հիշեցնենք նաև, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով արդարադատության իրականացմանը խոչընդոտելը, ՀՀ ՔՕ-ի 38-300.1 հոդվածի հատկանիշներով՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը, ինչպես նաև ՔՕ-ի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։



 Պիտակներ
         Արմեն Գևորգյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon