Արման Բաբաջանյանը լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը

Քաղաքական 06.09.2019   14:54   198
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը լքում է Լուսավոր Հայաստան խմբակցությունը:

Նա հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է․

«2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց միանգամայն նոր իրավիճակ պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ավելի քան երկու տասնամյակ երկրում գործած ավտորիտար իշխանությանը փոխարինելու եկավ ժողովրդի աննախադեպ բարձր վստահությունը վայելող, ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն: Հեղափոխությանը հաջորդած առաջին կես տարվա ընթացքում, սակայն, Հայաստանի քաղաքական դաշտն ու քաղաքական կյանքը գտնվում էին դեֆորմացված, դեգրադացված իրավիճակում, քանի որ մի կողմից՝ գործում էր ժողովրդի վստահությունը վայելող գործադիր իշխանություն, մյուս կողմից՝  ապoրինի ընտրություններով ընտրված, հասարակական տրամադրությունների ու սպասումների հետ որևէ աղերս չունեցող խորհրդարան:

Թվում էր, թե այդ քաղաքական կազուսը կհանգուցալուծվի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններով, սակայն այդ ընտրություններն ընդամենը նոմինալ առումով փոխեցին քաղաքական ստատուս քվոն՝ քաղաքականության բովանդակությունը թողնելով անցյալի իներցիայի ճիրաններում:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Թավշյա հեղափոխության հիմքում ընկած էր առաջին հերթին նախորդ ավտորիտար համակարգի դեմ պայքարն ու որպես դրա հետևանք՝ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հաղթանակը: Հեղափոխությունը՝ որպես ակտ, լուծեց այդ խնդիրը: Դրան, սակայն, պետք է հաջորդեր պետության ու հասարակական կյանքի բովանդակության փոփոխությունը, այնպիսի փոփոխությունը, որն այդ բովանդակությունը կհամապատասխանեցներ հեղափոխությանն ու նրա հռչակած արժեքներին և գաղափարներին: Դրա համար անհրաժեշտ էր առաջին հերթին քաղաքական համակարգի, քաղաքական կյանքի ու հարաբերությունների վերափոխում ու հեղափոխականացում: 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նշեցի, այդ խնդիրը լուծեցին միայն նոմինալ առումով. «Իմ քայլից» բացի՝ խորհրդարան անցան «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»՝ կազմավորելով խորհրդարանական կառավարման կարգ ունեցող Հայաստանի նոր Ազգային ժողովը:

Ընտրություններին հաջորդած ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նոր Հայաստանի իրողություններից ու մարտահրավերներից: Ասվածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պետության ու հասարակության համար նշանային մի քանի իրադարձություններում (Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ, Ամուլսարի խնդիր, Ստամբուլյան կոնվենցիա և այլն) ցույց տվեց իր կատարյալ անգործունակությունն ու անհամարժեքությունը: Նշված և մի շարք այլ խնդիրների ինստիտուցիոնալ, համակարգային պատճառը հենց խորհրդարանական իշխող խմբակցության ոչ համարժեք վարքագիծն է ու այսօրվա քաղաքական իրողություններին ու մարտահրավերներին անհաղորդ լինելու իրողությունը:

Նույն այս և էլի մի շարք խնդիրներում կատարյալ անհամարժեք վարքագիծ է դրսևորել նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի»: Մենք ընդդիմության կողմից չենք տեսել ստեղծարարություն, նախաձեռնողականություն ու նորարարություն: Ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում: Արդյունքում խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն: Այսինքն՝ պառլամենտական կառավարմամբ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի ու ճգնաժամերի ներուժ ունեցող հետևանքներով:

Այս իրավիճակի հետևանքն է այն իրողությունը, որ այսօր գործող իշխանությանն այլընտրանքի հայտ են ներկայացնում նախկին հանցավոր համակարգի ներկայացուցիչները՝ ի դեմս նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի: Նրանց ներկայությունն ու ակտիվությունը այսօրվա քաղաքական կյանքում խորհրդարանի անգործության ու քաղաքական դաշտում ունեցած զրոյական դերակատարության ուղիղ հետևանքն են: Խորհրդարանական ուժերը չեն կարողացել քաղաքական օրակարգն ու քաղաքական դիսկուրսը պահել խորհրդարանում, ինչի արդյունքում մենք այսօր ունենք արտախորհրդարանական ձևախեղված քաղաքական հարաբերություններ, որոնցում գերիշխում է ռևանշիզմը:

Նոր Հայաստանը առաջին հերթին ժողովրդավարական  Հայաստանն է՝ իր բոլոր համակարգերով ու կառուցակարգերով: Իրականության մեջ, սակայն, մենք ունենք իրավիճակ, որում քաղաքական համակարգի հիմնական դերակատարները գործում են նախկին իներցիայով, նախկին գաղափարախոսությամբ ու հին գործիքակազմով:

Մինչդեռ հեղափոխությունից հետո ստեղծված բոլորովին նոր քաղաքական իրողություններն ու պայմանները թույլ չեն տալիս, անհնար են դարձնում ավտորիտար իշխանության պայմաններում հաստատված խաղի կանոններով ու մեթոդներով քաղաքական պայքար իրականացնել ժողովրդավարական իշխանության պարագայում: Մինչդեռ մենք ականատեսն ենք հենց այդ իրողության՝ ներկայիս խորհրդարանական ուժերը գործում են նույն մեթոդաբանությամբ, ինչով առաջնորդվել են նախորդ ավտորիտար իշխանությունների ժամանակներում: Այդպես երկար շարունակվել չի կարող»:


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Արման Բաբաջանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon