Արիստոտել. մեծ ուսուցչի դասերը

Դասեր 09.02.2021   21:00   195

Արիստոտելին հարցրին, թե ինչու նախանձոտ մարդիկ միշտ տխուր են ու անհանգիստ: Փիլիսոփան պատասխանեց.

— Որովհետեւ բացի իրենց ձախորդություններից նրանց տանջում են նաեւ ուրիշների հաջողությունները…

*  *  *

Ալեքսանդր Մակեդոնացին պատանեկության տարիներին կրքով էր տարվել հետերա (անտիկ հունական հասարակության մեջ կիրթ եւ ազատ բարքերով ապրող կանայք էին) Ֆելլիդայի հանդեպ:

 Գահաժառանգին վտանգից ազատելու համար նրա ուսուցիչը՝ Արիստոտելը, խնդրում է Ֆելլիդային հեռու մնալ Ալեքսանդրից: Ֆելլիդան համաձայնում է, սակայն մի պայմանով, որ զառամյալ Արիստոտելը իր մեջքի վրա պտտեցնի իրեն պալատով մեկ: Արիստոտելը գնում է այդ զոհաբերությանը: Այդ պահին պալատ է մտնում Ալեքսանդրը, եւ Արիստոտելը ամոթից կարմրատակած ասում է.

— Տեսնո՞ւմ ես, թե այս կինն ինչ է անում ինձ պես իմաստուն եւ տարեց մարդու հետ: Պատկերացրու, թե քեզ ինչի կվերածի…
Այս դասը բավական եղավ Ալեքսանդրին…

Արիստոտելին աշակերտելու խնդրանքով դիմեց շատախոս մի պատանի… Երկար զրույցից հետո նա հարցրեց ուսուցչին, թե որքան պետք է վճարի ուսման դիմաց: Արիստոտելը պատասխանում է.
— Իմ մյուս աշակերտների վճարի կրկնակին…
— Ինչո՞ւ,- զարմացավ երիտասարդը:
— Քեզ հետ կրկնակի աշխատանք պետք է տարվի. նախքան քեզ խոսել սովորեցնելը հարկ կլինի լռելու արվեստն էլ ուսուցանել…

*  *  *

   Արիստոտելն ասաց իր աշակերտներին.
— Ինչպես հարբածը չի գիտակցում, թե ինչ հիմար տեսք ունի սթափ մարդկանց շրջանում, այնպես էլ հիմարը բնավ անհարմար չի զգում իր հիմարության պատճառով…

*  *  *

   Արիստոտելին պատահել էր անտանելի մի զրուցակից, ով երկար ու ձանձրալի դեպք էր պատմում: Բավական մենախոսելուց հետո զրուցակիցը հարցնում է Արիստոտելին.
— Ես քեզ չհոգնեցրի՞ իմ խոսքով…
— Ո՛չ բարեկամ, ես քեզ չէի լսում,- պատասխանեց Արիստոտելը…

Երջանկությունը կախված է մեզնից… 

Արիստոտել

Աղբյուրը՝ goharbaljyan.wordpress.com


 Պիտակներ
         Արիստոտել


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb