Արհամարհանքը մարդու կյանքում

Հոգեբանական 25.01.2021   21:30   205

Բավականին դժվար է վերլուծել  արհամարհանքի դերը և պարզել ժամանակակից կյանքում նրա հարմարողական կամ կառուցողական գործառույթները: 

Մարդկության պատմության զարգացման ժամանակ արհամարհանքը կարող էր առաջանալ որպես վտանգավոր հակառակորդի հետ անհատի կամ խմբի հանդիպմանը նախապատրաստման միջոց: Օրինակ, մարդը կարող է իրեն ինքնապաշտպանության նախապատրաստել այսպիսի մտքերի միջոցով. «Ես նրանից ավելի ուժեղ եմ, ավելի լավն եմ»: Այդպիսի հայտարարությունը կարող է միավորող ազդանշան դառնալ պաշտպանության կամ հարձակման նախապատրաստվող տղամարդկանց համար: Հնարավոր է, որ նա, ով դրանում համոզված է եղել, ավելի շատ համարձակություն ու ավելի քիչ սրտացավություն է դրսևորել թշնամու հանդեպ և ավելի հաջողակ է եղել որսի և պայքարի, թշնամիների հաղթահարման ժամանակ:

Արհամարհանք առաջացնող իրավիճակները նրանք են, որոնցում անհատին անհրաժեշտ է իրեն ավելի ուժեղ, ավելի խելացի, ինչ-որ առումով ավելի գերազանց զգալ, քան արհամարհվող անձը: Խանդ, ագահություն և մրցակցություն առաջացնող իրավիճակները հող են ստեղծում, որը սնուցում է արհամարհանքը: Արհամարհող մարդու հոնքերը թեթևակի բարձրացած են, դեմքը` ձգված, գլուխը բարձր է, ասես մարդն ինչ-որ բանի վերևից է նայում: Միևնույն ժամանակ արհամարհող մարդն ասես առանձնանում, տարածություն է ստեղծում իր և մյուսների միջև:

Արհամարհանքը, ինչպես և զայրույթն ու զզվանքը, նշանակալից չափով հանդիսանում է թշնամանքի զգացմունք: Մարդը թշնամաբար է վերաբերվում այն ամենին, ինչ արհամարհում է:

Արհամարհանքը կարող էր կառուցողական դեր խաղալ ինքնապաշտպանության զարգացման համար: Սակայն, երբ արհամարհանքը ուղղված է այլ մարդկանց (կամ սեփական անձին), դժվար է այդ հույզի մեջ ինչ-որ դրական կամ հարմարվողական բան գտնել: Հնարավոր է, որ չափավոր արհամարհանքը ծառայում է կառուցողական նպատակների, եթե այն ուղղված է նրանց դեմ, ովքեր արժանի են դրան, օրինակ` նրանց, ովքեր մեղավոր են անիմաստ ծախսերի, անբարոյականության, հալածանքների, հանցագործությունների կամ պատերազմի մեջ:

Հեշտ է հասկանալ այս հույզի բացասական գործառույթները: Թշնամության այս երեք հույզերից` զայրույթից, զզվանքից և արհամարհանքից, վերջինը հանդիսանում է առավել սառը հույզը: Արհամարհանքը հեռացված է ցավակցությունից, որը դրդում է խորամանկության և խաբեության ձևով ագրեսիայի հանդես գալուն:

Մարդկանց հանդեպ արհամարհանքը փորձում է դեպրեսիայի ենթարկել որոշակի անհատի, ստիպել այդ անձին ընկալել որպես ինչ-որ բան, որը արժանի չէ մարդ կոչվելու: Այս բնորոշումների պատճառով արհամարհանքը կարող է հիմք դառնալ սպանության և մարդկանց զանգվածային ոչնչացման` սառնասիրտ սպանությունների համար:

Աղբյուրը՝ zhest.am


 Պիտակներ
         արհամարհանք


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb