Արցախում մի շարք համայնքապետերի խախտումների վերաբերյալ քրգործեր են հարուցվել

Իրադարձային 06.04.2021   11:55   29

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հաղորդման հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվել ադրբեջանական վերահսկողության ներքո անցած մի շարք համայնքների ղեկավարների կողմից թույլ տված խախտումների վերաբերյալ:

Այս մասին տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Տեղեկատվության համաձայն՝ Արցախի Հանրապետության  ՏԿԵ նախարարության կողմից 2021 թվականի փետրվարի 2-ին Արցախի Հանրապետության դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա իրականացված քննության արդյունքում քրեական գործեր են հարուցվել, մասնավորապես, Ավետարանոց, Քիրսավան, Այգեկ, Տող, Մոշխմհատ, Վազգենաշեն և մի շարք այլ համայնքների ղեկավարների նկատմամբ:

«Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի նոյեմբերի 27-ի որոշմումների պահանջների համաձայն, աջակցություն տրամադրելու միջոցառման շրջանակներում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը շահառու քաղաքացիների ճշգրտված ցուցակները տարամադրելու նպատակով, Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարության կողմից իրականացվել են վերոնշյալ համայնքներում մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը հաշվառված և 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն 3 (երեք) ամիս նշված համայնքներում բնակված քաղաքացիների տվյալների ճշգրտման աշխատանքները: Նշված գործընթացն իրականացվել է համայնքների ղեկավարների և վարչակազմերի ղեկավարների միջոցով՝ վերջիններիս կողմից ներկայացված ցուցակների հիման վրա:

Սակայն գործընթացի իրականացման ընթացքում ի հայտ են եկել մի շարք անհամապատասխանություններ, ինչը հիմք է տվել ենթադրելու, որ նշված համայնքի ղեկավարները ներկայացրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ»,-մանրամասնում են գերատեսչությունից՝ հավելելով, որ հաշվի առնելով վերոգրյալը, ԱՀ ՏԿԵ նախարարությունը դիմել է ԱՀ դատախազություն, որպեսզի ձեռնարկվեն օրենքով սահմանված համապատասխան միջոցառումներ՝ պարզելու արդյոք համայնքների ղեկավարների գործողությունները պարունակում են ԱՀ Քրեական օրենսգրքի 322-րդ, 323-րդ, 332-րդ կամ 334-րդ հոդվածներով սահմանված հանցակազմի տարրեր։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb