Արցախի պետական բյուջեի ծախսերը 2020թ-ին առաջարկվում է ավելացնել մոտ 15 մլրդ դրամով

Իրադարձային 11.08.2020   12:28   88

Արցախի Հանրապետության խորհրդարանն այսօր արտահերթ նիստ է հրավիրել, որի օրակարգում ««2020թ-ի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկումն է: Նիստին մասնակցում է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Օրակարգը ներկայացրել է ԱՀ ֆինանսների նախարար Վահրամ Բաղդասարյանը.

«ԱՀ նախագահի 2020-25թթ-ի ծրագրի դրույթները հաստատելու նպատակով ներկայացվում է այս նախագիծը: Փոփոխություններով նախատեսվում է ԱՀ 2020թ-ի պետբյուջեում մի շարք ուղղություններվ կատարել ավելացումներ»:

Բաղդասարյանը ներկայացրել է ուղղությունները.

  • ոռոգման ծրագրերի արդյունավետության նպատակով ջրամբարների պահպանմանն ուղղված ֆինանսավորումն ավելացնել 2,5 մլրդ դրամով,
  • արտեզյան ջրհորների կառուցման նպատակով հատկացնել 1,5 մլրդ դրամ,
  • առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացման, բուժհաստատությունների ընդլայնման համար ծախսերն ավելացնել 400 մլն դրամով,
  • 2020թ-ին կիրականացվեն Հայրենական պատերազմի մասնակիցների ու ԱՀ պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակիցների սրտի անվճար վիրահատություններ,
  • Անվճար բուհական կրթության ներդրման համար ուսանողներին տրվող փոխհատուցում ծրագիրն ավելացնել 200 մլն դրամով,
  • գյուղերի ճանապարհների սալապատման աշխատանքների նպատակով ընթացիկ նորոգումների, բարեկարգման գծով ծրագիրն ավելացնել 710 մլն դրամով,
  • չգազաֆիկացված համայնքներում էլեկտրաէներգիայի սակագնի սուբսիդավորման նպատակով ծախսային ծրագիրն ավելացնել 100 մլն դրամով,
  • առաջնային ռազմավարական նշանակության ծախսային ծրագիրն ավելացնել 6,5 մլրդ դրամով,
  • Քովիդ 19 համավարակի հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներին ուղղված պահուստային ֆոնդն ավելացնել 2,9 մլրդ դրամով:

«Ընդհանուր առմամբ պետբյուջեի ծախսերը նախատեսվում է ավելացնել մոտ 14,810 մլրդ դրամով, իսկ պետբյուջեի եկամուտները՝ 5,1 մլրդ դրամով՝ պայմանավորված ՀՀ-ից ստացված բյուջետային վարկի գումարի նույնչափ ավելացմամբ: Փոփոխությունների արդյունքում 2020թ-ի ԱՀ պետբյուջեն եկամուտների գծով կկազմի 126 մլրդ 49 մլն դրամ, ծախսերի գծով՝ 135 մլրդ 650 մլն դրամ, դեֆիցիտը՝ 9 մլրդ 600 մլն դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ստացվելիք փոխառու միջոցառումների հաշվին»,-ասել է ֆինանսների նախարարը:



 Պիտակներ
         պետական բյուջե


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb