Արցախի մասին Օզիլի սադրիչ գրառմանն արձագանքել է գերմանական թերթը

Աշխարհ 16.10.2020   14:00   58

Լոնդոնի «Արսենալ»-ի թուրք ֆուտբոլիստ Մեսութ Օզիլի՝ արցախյան հակամարտության մասին սոցցանցում արած սկանդալային գրառումն առաջացրել  ոչ միայն մարզաշխարհում, այլ նաև գերմանական մամուլում:

Օզիլը սոցցանցում սադրիչ և անհիմն  գրառում էր արել Արցախում սկսված ռազմական գործողությունների վերաբերյալ. «Ինձ համար կարևոր է, որ աշխարհում բոլորն իմանան այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղ տարածաշրջանն իրավականորեն ու միջազգայինորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց այժմ դա ապօրինաբար օկուպացված է»։ 

Գերմանական NTV թերթը, անդրադառնալով թուրք ֆուտբոլիստի հիշյալ գրառմանը, նշել է․ «Օզիլը փաստորեն ստանձնել է Էրդողանի դեսպանը լինելու դերը»։ 

Այս գրառումից հետո ֆուտբոլիստի երկրպագուներն անգամ սկսել են նրան մեղադրել  միջազգային ահաբեկչությանն աջակցելու համար: 

Սա առաջին դեպքը չէ, երբ Օզիլը ներգրավվում է նման քաղաքական սկանդալի մեջ։ Մասնավորապես մեկ տարի առաջ նույն թուրք ֆուտբոլիստը որոշել էր հեռանալ Գերմանիայի ֆուտբոլի հավաքականի կազմից։ Այդ որոշումը նա կայացրել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ արված համատեղ լուսանկարի առթիվ Գերմանիայում բուռն քննադատությունների ենթարկվելու պատճառով։

Ընդ որում լուսանկարն արվել էր Թուրքիայի արտահերթ ընտրություններից առաջ։ Գերմանիայում լուսանկարը դրական արձագանք չունեցավ, քանի որ կարծիք կար, որ Օզիլ-Էրդողան հանդիպումը քաղաքական ենթատեքստ է ունեցել։ Շատերը կարծում էին, թե Օզիլի միջոցով Էրդողանը փորձել է Գերմանիայում նախըտրական քարոզչություն իրականացնել։

Օզիլը ոչ վաղ անցյալում հայտնվել էր նաև Չինաստանի իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Մեկ տարի առաջ Օզիլն իր էջերից մեկում գրառում էր արել, որտեղ աջակցությունն էր հայտնել Չինաստանում ապրող թյուրքական ծագում ունեցող ույղուրներին։ Օզիլը Պեկինին մեղադրել էր ույղուրների նկատմամբ բռնաճնշումներ իրականացնելու մեջ, ինչն էլ զայրացրել էր չինական իշխանություններին։  Բանը հասել էր նրան,  որ Չինաստանում անգամ փակվել էին «Արսենալ»-ի ֆան ակումբները, իսկ «Արսենալ»-ի խաղերի հեռարձակումը չինական հեռուստաընկերություններով որոշ ժամանակով արգելափակվել էր։

Աղբյուրը` ermenihaber.am



 Պիտակներ
         Օզիլ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb