Այսօր Արցախի անկախության օրն է

Օրացույց 02.09.2020   10:00   504

1991թ. սեպտեմբերի 2-ին  Ստեփանակերտում տեղի է ունեցել պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջան, ուր ընդունվել է  «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։

Նույն թվականի դեկտեմբերի 10-ին տեղի է ունեցել հանրաքվե, որը հաստատեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը։

Այդ օրը ԼՂՀ բնակչության 99 տոկոսը քվեարկել է հօգուտ անկախության:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդը երեք անգամ՝ 1991 թ. դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեին, 2006 թ. դեկտեմբերի 10-ի և 2017 թ. փետրվարի 20-ի սահմանադրական հանրաքվեին արտահայտել է սեփական պետականությունը ժողովրդավարական նորմերի հիման վրա կառուցելու և ամրապնդելու իր վճռականությունը: Պետականաշինության գործընթացում արձանագրված հաջողությունները թույլ են տվել հասնել որոշակի դրական տեղաշարժի ԼՂՀ միջազգային ճանաչման գործում:

Արցախի միջազգային ճանաչումը, լրացուցիչ խթան հանդիսանալով արցախյան պետականության և, մասնավորապես, նրա ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացման ու ամրապնդման համար, դրական ազդեցություն կունենա Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության կարգավորման վրա:

Արցախի միջազգային ճանաչումը կապահովի խաղաղ կարգավորման գործընթացի անշրջելիությունը և թույլ կտա կենտրոնանալ ԽՍՀՄ փլուզման և Ադրբեջանի կողմից պարտադրված պատերազմի արդյունքում ձևավորված երկու անկախ, ինքնիշխան պետությունների՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության խաղաղ համագոյակցության անհրաժեշտ մեխանիզմների ու պայմանների մշակման վրա:



 Պիտակներ
         Արցախ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb