Արբակ Խաչատրյան.  «Ստրկամիտ հասարակությունը վտանգ է, վերահսկելի մտավորականությունը՝ աղետ…»

Հարցազրույց 05.04.2019   23:00   2995
  • »»» Աջակցեք անկախ լրատվամիջոցների կայացմանը

    Աջակցեք մեզ՝ փոխանցում կատարելով հատևյալ հաշվեհամարներից Ձեզ համար տարբերակով.

    InecoBank 2050032180751001 ARMEN GEVORGYAN PE

    Mobi Dram  110190189022

    Idram  ID952381517 Web Money  R397182815590, Scrill  109516795

    Հետհեղափոխական Հայաստանում անկախ լրատվիմիջոցներ չլինելու պատճառը հովանավորներ չունենալն է։ Անկախ են այն լրատվամիջոցները, որոնք գործում են ինքնաֆինանսավորմամբ։ Միմիայն ընթերցողից կախում ունենալու և միմիայն հանուն ընթերցողի աշխատելու նպատակով առաջարկում ենք հանգանակությունների միջոցով աջակցել անկախ լրատվամիջոցների կայացմանը։

    Եթե իսկապես ցանկություն ունեցաք աջակցել կայքին, մի զսպեսք այդ ցանկությունը։

Աշխարհում ընթացող գլոբալ փոփոխություններից և հնարավոր վերաձևումներից բնականաբար անմասն չի կարող մնալ նաև մեր տարածաշրջանը։ Կայծակնային արագությամբ միմյանց հաջորդող նորանոր մարտահրավերները ներքին ի՞նչ վտանգներ են պարունակում, ինչպիսի՞ն կարող է լինել տեսանելի ապագայի մոտավոր ուրվապատկերը։ Հիշատակված հարցերի շուրջ է զրույցը՝ քաղաքական փորձագետ, վերլուծաբան Արբակ Խաչատրյանի հետ:

- Պարոն Խաչատրյան, հաճոյախոսություն չընդունեք, բայց Դուք, ըստ իս, տեսանողներին պատշաճող՝ ապագան «տեսնելու» հատկություն ունեք: Ուկրաինային, Սիրիային, Վրաստանին վերաբերող տասնամյա վաղեմության Ձեր կանխատեսումները արդեն իսկ իրականություն են դարձել: Իբրև այսօրվա զրույցի նախաբան, կբնութագրեիք, թե ներկա պահին ի՞նչ է կատարվում աշխարհում: 

- Սոցիալիստական ճամբարի առկայությամբ պայմանավորված երկբևեռ աշխարհակարգի փլուզումը հանգեցրել է նոր, դեռևս լիովին «չվերծանված» իրավիճակի, որտեղ հասարակական հարաբերությունների հիմքում առաջնային է դիտարկվում նյութականը, համաշխարհային շուկաների տիրապետության համար պետությունների միջև ծավալված անհագ ու վայրի մրցավազքը: Մրցավազք, որի հարկադիր մասնակիցն են դարձել նաև շարքային քաղաքացիները: Ու սա՝ ամբողջ աշխարհում: Կապիտալի կուտակման գործընթացին, նրա համար ծավալված պատերազմին՝ «Ով որքան կարող է» տրամաբանությամբ մասնակցում են գրեթե բոլորը: Գումար վաստակելու մարմաջը համակել է ամենքին, մինչդեռ այդ ընթացքում երկրագունդն է կործանվում: Ամենուր՝ պատերազմով կամ սոցիալական գործոններով պայմանավորված լարված իրավիճակ է ստեղծվել, անկայունությունն ու անորոշությունը դարձել են մարդկային կյանքի մշտական ուղեկիցը:  

- Ճի՞շտ եմ հասկանում, ահագնացող հոգևոր ճգնաժամի մասի՞ն եք ակնարկում։

- Դա ամենակարևորն է։ Վերջին 25-30 տարում հատկապես, աշխարհն ընտրել է «զարգացման» սխալ, ես կասեի՝ կործանարար ճանապարհ։ Փողն ու ունեցվածքը՝ նպատակին հասնելու միջոցից վերածվել են բուն նպատակի։ Մինչդեռ ոչ թե անձնական ունեցվածքով, այլ մարդու՝  բարօրությանը միտված գաղափարներով պիտի ամեն ինչ չափվեր: Զարգացման առաջին պլանում՝ հենց մարդակենտրոն փիլիսոփայությունը պիտի լիներ։ Հասկանո՞ւմ եք, դրա փոխարեն վերջին երեսնամյակում ի պետս սեփական բարեկեցության՝ ամենաիսկական թալան է իրականացվել: Սա վերաբերում է հատկապես հետխորհրդային տարածքի երկրներին: Ինքնահոշոտման նմանվող անխնա թալան… Այն՝ ինչ տեսնում եմ, ինձ Պիկասոյի «Գերնիկա» կտավի ինքնախժռող գազանին է հիշեցնում, անկշտում գազանին…Չարագույժ այս վիճակից դուրս գալու ելք, այնուամենայնիվ, կա… 

- Ու ո՞րն է այդ ելքը: 

- Գաղափարի կարևորության ու դերակատարության ընդգծումը, գաղափարով առաջնորդվող քաղաքացու ծնունդը։ 

- Ինչպե՞ս։

- Այնպիսի համակարգի ձևավորման շնորհիվ, որը կամակատար չի լինի, կլինի փոխլրացնող ու ինքնաբավ: Համակարգ, որը «սպիտակօձիքավորների» խիստ նեղ շրջանակի տարատեսակ քմահաճույքները բավարարելու փոխարեն՝ կլինի բոլորինը։

- Ձեր ասածից ենթադրվում է, որ վերջին տասնամյակներում պետությունները մարդուն դիտարկել են բացառապես որպես ապրա՞նք։

- Հենց այդպես… Ավելին, իրենց նպատակների իրագործման համար տարածաշրջաններ են պատերազմների մեջ ներքաշվել, հարյուր հազարավոր մարդիկ են զոհվել, միլիոնավոր մարդիկ տնազուրկ ու աստանդական դարձել: Այս շենքը սրտներովը չէ, քանդում՝ տեղը բարձրահարկ են կառուցում։ Այս կամ այն պետության բնակչությունն իրեն «սխալ է պահում»՝ պատերազմով են պատժում… Երբ մարդուն, հետո ժողովուրդներին, հետո պետություններին սկսեցին վերաբերվել որպես ապրանքի, հենց այդ օրվանից էլ սկսվեց համաշխարհային քաոսը։ Այդ պատճառով էլ ամեն ինչ գլխիվայր շրջվեց: Երբեմնի հակադիր բևեռների առկայությունը աշխարհում՝ ինչ-որ չափով պահպանում էր հավասարակշռությունը։ Հիմա ամեն ինչ այլ է: Իրաքում, Լիբիայում, Սիրայում հրահրված պատերազմները՝ շուկաների վերազավթման նպատակ են հետապնդում: Այդուհանդերձ, նյութական բարիքների ակնկալիք ունեցողների «տեսադաշտից» սպրդել է մի շատ կարևոր բան՝ ամեն ինչից զրկված մարդն իրական վտանգ է ներկայացնում ամբողջ քաղաքակիրթ աշխարհի համար։ Եթե, իհարկե, այդ աշխարհը կարելի է քաղաքակիրթ անվանել։  

Այս աշխարհի «անթագակիր արքաների» ցանկությունն է տոտալ վերահսկողություն սահմանել ամեն ինչի նկատմամբ: Նրանք ինքնավստահ են ու համոզված իրենց ամենակարողության մեջ: Երկակի ստանդարտների կիրառումը վերջիններիս կողմից կյանքի նորմ է դարձել: Նրանք չեն էլ գիտակցում ու չեն էլ ուզում պատկերացնել, որ վաղ թե ուշ՝ բումերանգի օրենքով դա հարվածելու է նաև հենց իրենց։ Աշխարհում ստեղծված ֆինանսաբանկային համակարգը ուզած պահի կարող է այս կամ այն հարցում իրեն ընդդիմացող երկրի գերեզմանափորը դառնալ: Ստեղծված այդ մահակով էլ՝ նրանք ում ցանկանում հարվածում են: «Կեղտոտ փողեր» հասկացությունն, օրինակ, փոքր, կախման մեջ գտնվող երկրների համար է մոգոնված ու նրանց պարագայում է գործում։ Հապա թող նույն այդ փոքր երկրները փորձեն ԱՄՆ-ից տեղեկանալ՝ իրենց ուղարկվող օգնությունը մաքուր ծագում ունի՞, թե՞ ոչ։ Չե՛ն համարձակվի, ու երբևիցե չեն էլ իմանա։ Ինչևէ… 

- Ինչ եք կարծում, ի՞նչ է անհրաժեշտ անել:

- Կարևորն, ըստ իս, իրականության ճիշտ գնահատումն ու կաճաժամկետ ու երկարաժամկետ հաջողությունների հստակ տարբերակումն է: Այս մասին, ի դեպ, զրույցներից մեկի ժամանակ ասել եմ նաև ՌԴ նախագահի մերձավորագույն շրջապատի մարդկանց: Ասելիքս հստակեցնելու համար փորձեցի դիմել այս օրինակին: Ասացի՝ եթե ԽՍՀՄ տարիներին հետախույզին հրահանգեին գնալ ասենք Գերմանիա և ամեն գնով ձեռք բերել քաղցկեղի դեմ նոր հայտնագործված դեղամիջոցը և այնպես անել, որ այդ դեղամիջոցը առաջինը գործարկվեր խորհրդային երկրում, ապա նա ամեն գնով կփորձեր հասնել դրան, չէ՞։ Այսինքն, նա կփորձեր ցանկացած, անգամ հայտնագործության վերացման գնով լուծել իր առջև դրված խնդիրը։ Սակայն, դա կլիներ լոկալ, կարճաժամկետ հաջողություն, այնպես չէ՞։ Բայց մեծ առումով (մարդկային առաջընթացը նկատի ունեմ), աշխարհը առնվազն 20-ից 30 տարով հետ կընկներ։ Ինչ խոսք, կասկածից վեր է, որ նշյալ հետախույզն իր երկրի նվիրյալն է ու ամեն ինչ անում է հայրենի երկրի բարգավաճման համար: Հայրենիքին նվիրված լինելու հետ մեկտեղ, սակայն, անհրաժեշտ են նրա բարօրությանը միտված, ճշգրիտ հաշվարկված հեռահար քայլեր։ Իմ դիտարկմամբ, Ռուսաստանն այսօր ընթանում է լոկալ և կարճաժամկետ հաջողությունների ճանապարհով։ Իսկ ռազմավարական ու հանգուցային բոլոր կետերում տանուլ է տալիս։ Չինաստանի հետ առկա են մի շարք բարձրաձայնվող ու չբարձրաձայնվող խնդիրներ, ամբողջ Եվրոպայի սահմանով ՆԱՏՕ-ի զորքերը շրջապատել են Ռուսաստանը, երկիրը գտնվում է սանկցիաների տակ, ԽՍՀՄ մաս կազմած նախկին գրեթե բոլոր հանրապետությունները դարձել են թշնամական երկրներ, չկա վստահություն։ Ռուսաստանն այսօր տնտեսական կոլապսի եզրին է: Նրա կողմից ձեռնարկվող բոլոր քայլերը ոչ թե հաշվարկված ռազմավարական, այլ՝ վաբանկային են։ Ես այս մասին ասել եմ նաև Պուտինի անմիջական շրջապատի բարձրաստիճան ուժայիններին։ 

- Դուք խոսում եք գերտերությունների մասին, իսկ մեր նման փոքրիկ երկրնե՞րը ինչ պիտի անեն: 

- Ցավոք սրտի, Հայաստանի նման երկրները մեծերի խաղում մանրադրամի դեր են կատարում: Այնուամենայնիվ, ինչպես փոքր պետություններից շատերը, Հայաստանը նույնպես պիտի կարողանա ճիշտ օգտվել ունեցած առավելություններից, բարիդրացիական հարաբերություններ հաստատի թե՛ Ռուսաստանի, թե՛ Եվրոպայի, թե՛ ԱՄՆ-ի ու Իրանի հետ… Ցավոք սրտի, վերջին 25 տարում ռազմավարական նշանակության ինստիտուտների կայացման, միջազգային ծանրակշիռ կապերի հաստատման փոխարեն՝ միայն թալանն է «հաստատուն» ռելսերի վրա դրվել: Իսկ պարզագույն տրամաբանությունը հուշում է, որ պետական նշանակության ինստիտուտների բացակայությունը ձեռնտու է գերտերություններին, որ դա բխում է հենց նրանց շահերից: Երբ երկրի ղեկավարությունը չունի ապագային միտված հստակ ռազմավարություն, գործողությունների հստակ հայեցակարգ, այդ դեպքում հարցերը լուծվում են մեկ հոգու՝ այդ երկրի ղեկավարին ուղղված մեն-մի հեռախոսազանգով: Այլ կերպ ասած՝ մեկ անձ է որոշում երկրի ապագան: Ու որքան էլ դառն է խոստովանելը, այդպես է եղել մշտապես: Մինչդեռ առանց հստակ կապերի, հստակ ծրագրերի ու կայացած ինստիտուտների, ոչ մի երկիր չի կարող ինքնուրույն խաղացող լինել։ Իսկ երկրների կայացման հարցում՝ անասելի մեծ է քաղաքացիների մասնակցությունը: Այդ դեպքում երկրի հզորությունն էլ է հազարապատկվում: Մտածող, գաղափար ու մտահղացումներ ունեցող քաղաքացիներին գնահատող պետություններն են հաջողել ու նրանցն է ապագան: 

- Դուք, որքան հասկացա, նյութականից առավել մարդուն ու նրա գաղափարներն եք արժևորում, դրանով պայմանավորում ապագան: 

- Ցանկացած հասարակություն արժեքավոր է իր գաղափարներով: 30 տարի առաջ ում էլ ասեիր, թե Մարկ Ցուկերբերգ անունով մի երիտասարդ համակարգչի դիմաց նստած միլիարդներ է աշխատելու՝ չէին հավատա։ Իսկ այսօր քիչ չեն նման՝ մտավոր գործունեությամբ զբաղվող մարդիկ, որոնց ընկերությունների կապիտալը գերազանցում է մեր տիպի տասնյակ երկրների բյուջեն։ Նրանք նավթ կամ զենք չեն վաճառում։ Նրանք ունեցել են գաղափար, որոնք էլ դարձել են համամարդկային։ Ինչու եմ ես կարևորում BlockChain-ի և IP Chain-ի տիպի հզոր համակարգերին միանալը: Կարևորում եմ, որովհետև այս պարագայում էապես մեծանում է մարդու, անհատի դերը։ Մարդն է դառնում գլխավորը, այլ ոչ թե փողային շահը։ Որովհետև մտքի ստեղծածը ոչ ոք չի կարող գողանալ, այն չի կարող վերահսկվել: Տարբեր երկրների ինտելեկտուալների միջև հաստատվող կապն է իրական արժեքը: Նավթ կամ զենք չեն վաճառում։ Հատկապես ուզում եմ ընդգծել, որ այսօր արդեն նավթով կամ գազով հսկայական կարողություններ չեն կարող ստեղծվել։ Առողջ, կառուցողական միտքն է դառնում գերակա, հենց դա կարևորող պետություններին ու ոչ ստրկամիտ ու ենթակա հասարակություններինն է լինելու ապագան: 

- Այսինքն,Դուք մտածող մարդկանց միմյանց գտնելու ու միավորվելու կո՞չ եք անում:

- Հասկանում եք, ոչ զենք ես ստեղծում, ոչ կեղտոտ փողեր լվանում, ոչ էլ ատելություն ես քարոզում։ Ճիշտ հակառակը՝ ամբողջ աշխահում՝ մտածող, պրպտող, Երկիր մոլորակի ապագայով մտահոգ  մարդկանց միջև է անմիջական կապ հաստատվում, ցանկացած պետություն իր քաղաքացիների մտավոր կարողությունների հաշվին է օգուտ ստանում: Դրանից մեծապես շահում են բոլոր երկրները։ Ու այս պարագայում ամենևին էլ էական նշանակություն չունի, թե ով է երկրի ղեկավարը, քանի որ համակարգն է աշխատում, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի դառնում է գործոն։ Այսինքն, ոչ թե Ռուսաստանի Դաշնության նախագահն է հեռախոսը վերցնում ու այս կամ այն հարցով զանգում Հայաստանի ղեկավարին, այլ ամբողջ Ռուսաստանն է աշխատում Հայաստանի հետ՝ համահավասար ու փոխշահավետ սկզբունքներով, իհարկե:

- Ձեր ասածն ասես երևակայության, ուտոպիայի  ոլորտից լինի: Մարդկանց մոտ դրականի հանդեպ հավատն է մեռել:

- Համամիտ եմ, նկատեմ միայն, որ այդ հավատը մարդկանց մոտ կորսվել է տարիների ընթացքում: Մարդիկ անիշխանության, անպատժելիության բազում օրինակների ականատեսն են դարձել: Բայց ժամանակները փոխվում են ու թեպետ դանդաղ, բայց ամեն ինչ սրբագրվում և իր տեղն է ընկնում: Վերցնենք թեկուզ Օպերայի սրճարանների ապամոնտաժման օրինակը: Մեկ տարի առաջ  ոչ մեկի մտքով անգամ չէր անցնի, որ դա հնարավոր է: Բայց դա եղա՞վ, չէ՞։ Հանրության շրջանում, ստրկամիտ հանրությունը նկատի ունեմ, ձևավորված կարծրատիպ կա, որ եթե միլիարդ ունի, ապա նրան ոչինչ էլ չի լինի: Բայց ինչպես տեսնում եք, իրավիճակներ կան, երբ ունեցածդ միլիոններն ու միլիարդներն էլ քեզ չեն կարող փրկել: Բերեմ մեկ այլ՝ Սաշիկ Սարգսյանի օրինակը: Նրա մտքով իսկ չէր անցնի, որ իր որդիները կդառնան փախստական, որ նրանց հանդեպ միջազգային հետախուզում կհայտարարվի: Պատկերացնում եք, նրա մտքով իսկ չէր անցի, որ իրեն և եղբորը օրերից մի օր հարցաքննության է կանչելու շարքային մի քննիչ: Այդպիսին է մարդկային մտայնությունը։ Մինչև հարված չի ստանում, չի հավատում, որ դրան գալու է։ Ասելիքս ամփոփեմ՝ վերստին ընդգծելով. հին մտածողության կարծրատիպերը քանդվում են ու նորն է ծիլեր արձակում։ Գողանալուն, խաբելուն սովոր մարդն է, որ սովոր-արատավորից զատ այլ հարաբերություններ չի պատկերացնում: Այլ կերպ, անհրաժեշտ է ձևավորել նոր տիպի հարաբերություններ, անմիջական և վերահսկողությունից դուրս կապեր, որոնք կլինեն որքան թափանցիկ, նույնքան էլ անձեռնմխելի։ Բայց դա կարող է կյանքի կոչվել ոչ ստրկամիտ հասարակության պարագայում…Ստրկամիտ հասարակությունը ամենավտանգավոր բանն է։ Իսկ առավել աղետալին՝ սեփական դիմագիծը կորցրած, ժամանակ առ ժամանակ տրամադրվող գումարների դիմաց իշխանությունների կողմից վերահսկելի դարձած մտավորականությունն է: Հենց գնված  արվեստագետների, գիտնականների միջոցով էլ պայքարում են ազատ և անկախ համակարգերի զարգացման դեմ։ Այդ իսկ պատճառով էլ հիշատակածս պարզ, թափանցիկ ու փոխշահավետ հարաբերությունների ստեղծումն է օրվա հրամայականը։ Քո կողմից ստեղծվածը կարող է կիրառվել Ճապոնիայում և  ճիշտ հակառակը։ Այդ դեպքում՝ միմյանց հանդեպ սանկցիաների կիրառման անհրաժեշտություն էլ չի առաջնա, հավատացած եղեք…

Զրուցեց՝ Վախթանգ Մարգարյանը

Նյութը հասանելի է նաև ռուսերեն


 Լուսանկարներ


 Պիտակներ
         Վախթանգ Մարգարյան, IPChain, Արբակ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon