Արբակ Խաչատրյան․ «Փորձարկումները այս երկրում պետք է մեկընդմիշտ դադարեցվեն»

Հարցազրույց 19.02.2020   10:15   22347

Փետրվարի 17-ին Հայաստանում պաշտոնապես մեկնարկեց սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը, որը շարունակվելու է մինչև ապրիլի 3-ը։
Ներքաղաքական լարվածությունը հերթական անգամ ուժեղանալու է։
Իսկ աշխարհում և մեր շուրջն ընթացող գլոբալ փոփոխություններից և հնարավոր վերաձևումներից բնականաբար անմասն չի կարող մնալ նաև մեր տարածաշրջանը։ 
Կայծակնային արագությամբ միմյանց հաջորդող նորանոր մարտահրավերները ներքին ի՞նչ վտանգներ են պարունակում, ինչպիսի՞ն կարող է լինել տեսանելի ապագայի մոտավոր ուրվապատկերը։ Այս հարցերի շուրջ Scannews.am-ը զրուցել է քաղաքական փորձագետ, վերլուծաբան Արբակ Խաչատրյանի հետ:

-Հայաստանը կրկին մտնում է ներքաղաքական տուրբուլենտության փուլ՝ մեկնարկել է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավը։

Զուգահեռաբար տարածաշրջանում նորից անհանգիստ է։ Առաջնահերթությունների առումով՝ ինչպիսի՞ ռազմավարություն պետք է որդեգրեն ՀՀ իշխանությունները։

- Գեոքաղաքական առումով ամենաառանցքային խնդիրներից մեկն այն է, որ երբ տեղի ունեցող իրադարձությունների մասին շատ ավելի վաղ ահազանգում ես, խոսում դրանց հետևանքների մասին մարդիկ, այդ թվում՝ պաշտոնյաները չեն հավատում։ Այդ կանխատեսումները պարզապես անտեսվում են, դրանք տեղ չեն հասնում։

Իսկ երբ, ասենք, 5 տարի առաջ արված վերլուծություններն ու դրանցից բխող կանխատեսումները դառնում են ցավոտ իրականություն, հակադարձում են, թե «համընկնումները զուգադիպություն էին», կամ՝ «Ձեր կանխատեսումների իրականություն դառնալը պատահականություն էր»․․․

Բացարձակապես զուգահեռներ չեմ ուզում անցկացնել, սակայն Կասանդրայի պատմությունն անընդհատ կրկնվում է։ Դեռևս տարիներ առաջ ես Ռուսաստանի կառավարական և պատկան մարմիններին ահազանգում էի՝  հրաժարվեք «Թուրքական հոսք»-ը կառուցելու գաղափարից։ Այդ գազամուղի կառուցումը Թուրքիան որպես լծակ օգտագործելու է ձեր իսկ դեմ։

Այսօր մենք դրա ականատեսն ենք։ Պատմությունը գիտենք․ ինչպես ստեղծվեց Թուրքիա պետությունը, ինչպես այն հզորացավ և տարածաշրջանում ու աշխարհում դարձավ այնպիսի խաղացող, որի հետ հաշվի են նստում։

Իմանալով անցյալը, վերլուծելով ներկան՝ չափազանց կարևոր է ճիշտ եզրահանգումներով փորձել հասկանալ առաջիկա գործընթացների հնարավոր վտանգները, ինչպես նաև սահմանել այն քայլերի հերթականությունը, որոնք կնպաստեն նույն այդ գործընթացներից օգուտ քաղելուն։

Ես արդեն բավականին ժամանակ է ինչ Հայաստանում եմ։ Անմիջական կապի մեջ եմ Վրաստանի տարբեր շրջանակների հետ։ Ահռելի աշխատանք է տարվում ռեգիոնի երկու քրիստոնեական երկրների միջև իրական և արդյունավետ կապերի ամրապնդման ուղղությամբ։
Չգիտեմ, թե որքանով են Հայաստանի այսօրվա իշխանությունները տեղյակ կատարված և կատարվող աշխատանքի մասին, սակայն նույն անհասկանալի անտարբերությունն է, որը եղել է նախկինների ժամանակ։

Մինչդեռ բոլորը «հեռատես» քաղաքագետներ ու վերլուծաբաններ են։ Միացնում ես հեռուստացույցը, մտնում ես համացանց ու ապշում ես․․․
Անկեղծ ասած, արդեն հոգնում ես այս համատարած դատարկ ու ոչինչ չասող բառերի հեղեղից։
Ինչո՞վ է առանձնանում տաղանդավոր քաղաքական գործիչը։ Նա ունակ է այնպիսի որոշում կայացնել, որին այսօր դեմ է հասարակության մեծամասնությունը, սակայն 5 կամ 10 տարի հետո նույն այդ հասարակությունն ու պետությունը քաղելու են հենց այդ որոշման դրական արդյունքները։

Իսկ այսօր պոպուլիզմի վրա նստած, բացառապես ճոռում են 20 տարի երկրի թալանի մասին։

- Ո՞րն է պոպուլիզմը։

- Թեկուզ այն փորձարկումները որոնք այսօր տեղի են ունենում Հայաստանում։

Ինձ անհատները չեն հետաքրքրում․ կլինի դա առաջին, երկրորդ, թե երրորդ նախագահը։ Սխալ, ոչ մի տեղ չտանող քաղաքականության մասին միշտ եմ բարձրաձայնել։ Դա արել եմ նաև Ռուսաստանում՝ աշխատելով ՌԴ նախագահի աշխատակազմում։
Վերցնենք նույն սահմանադրական փոփոխությունները։

Սահմանադրական հանրաքվեն պետք է կատարվեր անմիջապես հեղափոխությունից հետո։ Ընդ որում՝ պետք է վերանայվեր ամբողջ Սահմանադրությունը, այլ ոչ թե ՍԴ դատավորներից ազատվելուն ուղղված մեկ դրույթ։

1996թ-ից սկսած, իսկ 2005թ-ից փոփոխված Սահմանադրության շրջանակում Հայաստանի հասարակությունը կեղեքվում է։ 
Վերցրեք Երևանի Կենտրոնը։ Ամբողջը սեփականաշնորհված է, իսկ ժողովրդի մեծամասնությունը կքած է վարկերի տակ։ Այնպես ինչպես 20 տարի  առաջ էր։ Դեռ մի բան էլ ավելին։ Եվ 20 տարի շարունակ դատական համակարգը, կամա թե ակամա, աջակցել է այդ թալանին, որն իրականացվել և այսօր էլ շարունակվում է նաև բանկային համակարգի միջոցով։

Պատկերացնո՞ւմ եք ինչ է տեղի ունեցել։ Մարդիկ 30, 40 տարի ինչ որ բան են ստեղծել բանկային համակարգը 2 րոպեում ամեն ինչ սրբել տարել է։

Ու մինչև հիմա այդ հանցագործ սխեման աշխատում է՝ գյուղերով ընկած ինչ-որ ծառայություններ են առաջարկում։ Երբ մարդիկ ասում են, թե գումար չունենք, վարկերի տակ ենք, ասում են՝ «թող հարևանդ երաշխավոր կանգնի»։ Սա խայտառակություն է։ Փոխանակ բանկային համակարգը ներգրավվի երկրի ենթակառուցվածների արդիականացմանը և այլն, շարունակում է բզկտել ժողովրդին՝ պաշտպանված լինելով նույն դատական իշխանությամբ։

Եվ այս պարագայում ինչ-որ 7 դատավորից ազատվելու համար հսկայական գումարներ ծախսել ու Սահմանադրության մեկ կետ փոխելը՝ փորձարկո՞ւմ չէ։ Պոպուլի՞զմ չէ։

Ի՞նչ է արվում այս հանցագործ սխեմայի դեմն առնելու ուղղությամբ։ Ոչինչ։ 

Բանկային համակարգն իր գիշատիչ ախորժակով նույն ոգևորությամբ աշխատում է այսօրվա իշխանության համար։ Իսկ հարցը կարելի էր կարգավորել ամբողջ Սահմանադրության վերանայմամբ։

Հեղափոխությունից հետո պետք էր ժամանակավոր կառավարություն ստեղծվեր՝ 1 տարի հետո ընտրություններ անցկացնելով։
Ոչ թե ժողովրդի ուժով պարտադրել խորհրդարանի լուծարումը, ու նույն ուժով պարտադրել անհասկանալի կազմով պառլամենտ։
Կասեք, ո՞րն է նախորդի և ներկայի որակական տարբերությունը։
Եվ փորձարկումը շարունակվում է։
Նիկոլ Փաշինյանը ստացել է ժողովրդի մանդատը։ Եվ այն պետք էր օգտագործվեր ոչ թե վարչապետի պաշտոն ստանալու, այլ պետական ինստիտուտները կայացնելու համար․․․

- Հիմա է անում․․․

-Ո՛չ։ Դա քաղաքագիտական նոնսենս է։ Կա նաև կորսված հնարավորությունների ժամանակ։ Հենց դա է տեղի ունենում այսօր Հայաստանում։ Սեփական իշխանությունը ուժեղացնել ամենևին չի նշանակում հզորացնել երկիրդ։ Ճիշտ հակառակը։
Սերժ Սարգսյանը դրա վառ օրինակն էր։
Հնարավոր չէ արատավոր համակարգով կամ «կեղտոտ» գումարներով նորը կառուցել։ Դա անհնար է։ Դա նույնն է, ինչ թմրաբիզնեսի փողերով մանկապարտեզ կառուցել։

-Հայաստանի ներքաղաքական իրավիճակին դեռ կանտրադառնանք։ Վերադառնանք կանխատեսումներին։ Տարիներ առաջ հրապարակված Ձեր «Միջուկային ձմռան նախաշեմին» (https://argumenti.ru/world/n517/426683) հոդվածում խոսվում էր այն մասին, ինչն այսօր տեղի է ունենում ռուս-թուրքական, ռուս-ուկրաինական հարաբերություններում, Սիրայում։

Սատացվում է, որ Ռուսաստանի քաղաքական շրջանակները ևս ականջալուր չեղա՞ն Ձեր մտահոգություններին ու զգուշացումներին։
Միանշանակ չի կարելի այդպես ասել։ Շրջանակներ կային, որոնք ականջալուր եղան։ Ավելին՝ այսօր նամակներ եմ ստանում ՌԴ առաջին էշելոնի ներկա և նախկին պաշտոնյաներից, որոնք արձանագրում են՝ «Դու ճիշտ էիր»։

Սակայն, դա չի էականը։ Ցավալին այն է, որ հետևանքները ժամանակին չեն հաշվարկվում։ Եթե ժամանակին Վիլնյուսում ՌԴ նախագահ Պուտինը քարտ-բլանշեր չտար Յանուկովիչին ու Սերժ Սարգսյանին, Ուկրաինայում պատերազմ չէր լինի, Հայաստանում ներքաղաքական ցնցումներ չէին լինի։ Այդ մասին հրապարակավ հանդես էի եկել «Առավոտ» օրաթերում։
Իսկ եղավ այն ինչ եղավ։ Ուկրաինան մասնատվեց, Սերժ Սարգսյանը 3 տարի բանակցելով Եվրոպայի հետ՝ մեկ գիշերվա մեջ Հայաստանը մտցրեց ԵԱՏՄ․․․

Նույն Սերժ Սարգսյանին ասում էի՝ եթե քո տնտեսությունն ու այլ առանցքային ոլորտները մեծապես կախված են Ռուսաստանից, դու ո՞նց ես սիրախաղում Եվրոպայի հետ։ Ո՞ւմ ես փորձում խաբել։

Երկիրդ կայունացրո՛ւ, դարձիր ինքնուրույն խաղացող, հետո կերևա, թե որ աշխարհաքաղաքական բեևեռների հետ ոնց ես համագործակցելու։

Նույնը վերաբերում է «Թուրքական հոսքին»։ Փաստացի Ռուսաստանը չի կարողանում իր գազը տարհանել սլավոնական երկրների միջոցով, փոխարենը բռնում է Թուրքիայի «պոչը»։
Իսկ Թուրքիան հերթական անգամ բացահայտ ապտակ հասցրեց Կրեմլին։ Եվ ես խիստ կասկածում եմ, որ «Թուրքական հոսքը» կծառայի այն նշանակությանը, ինչի համար, որ կառուցվել էր։

Ռուս-թուրքական հերթական ճգնաժամը խորանալու է։ Եվ սա նաև պատմական օրինաչափություն է։

- Պետական կառավարման տեսանկյունից ռիսկերի հաշվարկումը արդյո՞ք առանձին մասնագետների գործառույթն է։

- Ինստիտուտներ պետք է կայանան։ Սակայն, այդ ինտիտուները անհատներով են կառուցվում։
Այսօր հեռուստացույցը միացնում ես՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակների չինովնիկը «դուխով» բաներից է խոսում՝ ապուշ ես կտրում։ Իրականում վատ ես քեզ զգում։ Պետական ապարատը, որպես այդպիսին, չի աշխատել երկրի համար։ Նույնը իներցիայով այսօր է շարունակվում։

Այսօր ես փորձում եմ միավորել Հայաստանի և Վրաստանի ինտելեկտուալներին։ Մեծ աշխատանք է այս ուղղությամբ տարվում։ Շատ եմ ուզում, որ մտավորականները պայքարեն այն վտանգների դեմ, որոնք անտեսվելու պատճառով կայսրություններ վերացան։

Ինչո՞ւ փլուզվեց Բյուզանդիան, որը եվրոպական նոր մշակույթի հիմնասյուններից մեկն էր։ Ինչպե՞ս Կոստանդնուպոլիսը դարձավ Ստամբուլ։ Պետական համակարգը սպառվել էր, այն ի վիճակի չէր այլևս գնահատել տեղի ունեցող գործընթացները։   
Մինչդեռ այսօր հնրավոր էր իրական խաղացողի կարգավիճակով ներգարվվել տարածաշրջանային գործընթացներում, այլ ոչ թե աշխարհին ներկայանալ միայն Արցախի խնդրով։ Հայաստանը Եվրոպայի և ԱՄՆ-ի ձեռքերով իրականում կարող էր լուրջ խնդիրներ ստեղծել Թուրքիայի համար։

Մենք իրականում լրջագույն լծակներ ունենք դիվանագիտական և իրավական ճանապարհով Թուրքիային խնդիրների առաջ կանգնեցնելու։ Սակայն ոչ թե տասնամյակներով ոչինչ չի արվում, այլ սեփական կարողությունները չեն գիտակցվում։ Մեր պետական քաղաքականությունը տևական ժամանակ ուրիշների պարտադրած սխեմաներով է շարժվում։ Սեփական գիծ չունենք։ Եվ տպավորություն է, որ ոչ ցանկություն կա, ոչ էլ դրա անհրաժեշտության գիտակցումը։

Այս և այլ գլոբալ ուղղություններով է պետք աշխատել։ Սակայն դրա համար պետական իստիտուտներդ պետք է կայացնես, այլ ոչ թե գնաս անվերջ փորձարկումների ճանապարհով։   

- Ասեցիք, որ, Ձեր անմիջական մասնակցությամբ, ինտելեկտուալների համախումբը Վրաստանում այլևս իրականություն է։ Որքանո՞վ է այս միավորը ազդեցիկ երկրի ներքին կյանքում։
- Համենայն դեպս, նույն այդ միավորի միջոցով ինձ հաջողվում է Վրաստանի էլիտային տեղ հասցնել, որ ձեր կողքը քրիստոնեական մի երկիր կա, որի հետ սերտ համագործակցությունը երկուստեք անհրաժեշտություն է։

Այսօր մշակութային կապերի զարգացմանը զուգահեռ պետք է արագ տեմպերով զարգացնել տնտեսական համագործակցությունը։ Երկու երկրների միջև ենթակառուցվածքային կապը շատ ցածր մակարդակի վրա է։ Ռազմավարական տեսանկյունից դա խիստ անցանկալի է։ 

Փոխարենը, Թուրքիայի ու Ադրբեջանի էքսպանսիան Վրաստանում օր-օրի հզորանում է։ Բաթումը թուրքական կապիտալի կենտրոնի է վերածվել։ Այսօր Ադրբեջանն արդեն մշակութային, կրթական ծրագրերի հովանավոր է դարձել Վրաստանում։ Դուք պատկերացնո՞ւմ եք դրա հետևանքները մի քանի տարի հետո։ Եվ ի՞նչ ենք մենք անում։

Ես հարցրեցի վրացիներին, ինչո՞ւ Հայաստանի հետ նույնատիպ ծրագրեր կյանքի չեք կոչում։ Պատասխանն իսկապես հիասթափեցնող էր․ «Հայերին միայն առևտուրն է հետաքրքրում»։  

Թբիլիսին կառուցած հայերի ժառանգներն այսօր հիմնականում կամ շուկաներում առևտրով են զբաղված, կամ էլ տաքսու վարորդ են։ Իսկ մեր մշակութային կենտրոնները, ցավոք, անկում են ապրում։ Այս իրավիճակը օր առաջ պետք է շտկվի։ 
Շեշտեմ, արդեն մի քանի տարի է ինչ ակտիվ ներգրավված եմ հայ-վրացական հարաբերություններին նոր որակներ հաղորդելու գործընթացին։ Սակայն, ռազմավարական նշանակության և ոչ մի հարց ինձ չի հաջողվում լուծել։ 

- Պատճառը՞․․․

- Պատճառներն առավելապես Հայաստանից են գալիս։ Ներքին պայքարը մարդկանց այնպիսին է դարձրել, որ ռազմվարական նշանակության հարցերը անընդհատ անտեսվում կամ, լավագույն դեպքում, երկրորդ պլան են մղվում։ Օրվա հացի խնդիրը, խորացող ատելությունը երկրի ներսում, արդարության դեֆիցիտը և այլն չէին կարող անհետևանք մնալ։ Մարդկանց վաղվա օրը չի հետաքրքրում։ Այսպես շարունակվելու դեպքում հետևանքները անդառնալի կարող են լինել։ 

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու և ինչպես Արցախի հարցը դարձավ միջազգային խնդիր։ Էդ ինչո՞ւ երբ Եվրոպայի սիրտը հրթիռակոծվում էր (խմբ․- Սերբիա) աշխարհի խաղացողները թեման անմիջապես փակեցին, իսկ ղարաբաղյան հիմնահարցը շարունակում է մնալ միջազգային օրակարգում։

Աստված չանի, որ Արցախի հարցը դադարի լինել միջազգային ու դառնա լոկալ խնդիր․․․ 
Իսկ այսօր այս ու նման լրջագույն խնդիրները թողած հին ու նոր ենք խաղացնում։ Շշմելու է․․․  

- Իսկ ինչպես կմեկնաբանեք Բաթումի նավահանգիստը Հայաստանի կողմից գնելու վերաբերյալ հրապարակումները։

-Ըստ ինձ հասած տեղեկությունների՝ Բաթումի նավահանգիստը վաճառվում է 300-400 մլն դոլարով։
Սակայն, ընդգծեմ՝ նավահանգիստ առնելով ռազմավարական նշանբակության հարցերը միևնույն է չեն լուծվում։
Ղազախստանն արդեն 9 տարի տնօրինում է նավահանգիստը, սակայն այս ամբողջ ընթացքում միայն կորուստներ է ունեցել։

-Ինչո՞ւ։

-Բոսֆորի նեղուցով այլևս նավթամթերք չի անցնում, իսկ այլ ուղղությւնները չեն աշխատում։ Որպեսզի Բաթումի նավահանգիստը արդյունավետ գործի այն պետք է  կապել Նովոռոսիյսկի, Հայաստանի միջոցով՝ Իրանի հետ։
Այս մասին բավականանին ասելիք, սակայն ո՛չ մամուլով։

-Իսկ ի՞նչ ռազմավարական նշանակության հարցերի մասին էր խոսքը։

-Օրինակ՝ ճանապարհ տալով Իրանին՝ լուրջ լծակ ենք ձեռքբերում Ադրբեջանի և Թուրքիայի դեմ։

 - Ներքաղաքական հակադրությունները որքանո՞վ են պատճառաբանված և երբ դրանք այլևս էական նշանակություն չեն ունենա։

- Բնականաբար, յուրաքանչյուրն իր արածի համար պետք է պատասխան տա։ Բայց դա ամենևին չի նշանակում պետական տեռորը գործի դնել։
Վերջապես պետք է հասկանալ, որ վենդետան իրական բարեփոխումների հետ ոչ մի կապ չունի․․․

Հասկանալի է, որ նախկին իշխանությունների ձևավորած հանցագործ բարքերին շատ շատերը ստիպված են կուլ գնացել ու հարմարվել։ Մարդիկ գոյատևելու հարց են լուծել։ Ինչ որ կերպ փորձել են լուծել իրենց հարցերը, որ չփախնեն այստեղից․․․Նման համակարգի տակ մնալը, հավատացնում եմ այդքան էլ հեշտ չէր։

Եվ եթե համակարգի փոփոխությունը  նոր շունչ է բերում և մարդն անկեղծ ընդունում է դա ու դրանով առաջնորդվում՝ հրաշալի է։ 
Վերցրեք մամուլը։ Տրիվիալ ճշմարտություն է, աշխարհում և ոչ մի լրատվամիջոց առանց ֆինասական օժանդակության գոյություն չի կարող ունենալ։ Եվ այսօրվա Հայաստանի վարչապետը կամ նրա կինը ինչպե՞ս էին թերթ պահում։ Թերթ պահելը հեշտ գո՞րծ է։ Հակառակը։

Նշանակում է մի տեղից գումար գալիս էր։ Եվ ես կասկածում եմ, որ այդ գումարները մաքրամաքուր էին։
Հասկացե՛ք, համակարգն էր այդպիսին, ոչ թե Փաշինյանը։

Ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ժամանակ լրատվամիջոցներին տրվող գումարները չէին կարող մաքուր լինել։ Եվ կապ չունի, թե տվողը ով էր։

Դե հիմա եկեք բոլոր գլխավոր խմբագիրներին կաշառակեր հայտարարենք ու լցնենք բանտերը։ Դա նորմա՞լ է։
Սակայն, երբ մարդը չի ընդունում համակարգի թելադրած կանոնները, իրապես մտածում է երկրի մասին ու անում է հնարավորը ջարդելու արատավոր համակարգը՝ հենց դա է ուժը։ 

Մի կարծեք, թե մեր իմացած ազնիվ մարդն իր ամբողջ ուղին բացառապես մաքուր սկզբունքներով է անցել։
Կրկնեմ՝ արատավոր համակարգը կոտրելն արդեն հզոր քայլ է։ Բայց նորը չի կարող կառուցվել նախկինի տրամաբանությամբ։
Ցավոք, այսօր այդ նորը կառուցելու քայլերը լավագույն դեպքում շատ դանդաղ են իրականացվում։

Գիտենք, թե Հայաստանի Սահմանադրական դատարանը ինչ ծառայություններ է մատուցել նախկին իշխանությունների օրոք։ Սակայն, արդյո՞ք Սահմանադրական դատարանի հարցն է այսօր մեզ համար ամենահրատապը։ Փաստացի, հերթական անգամ էական թողած, ընկել ենք լոկալ խնդրի հետևից։ Այն էլ դա փորձում են լուծել հանրաքվեի միջոցով։
Այս տրամաբանությամբ «Նոր Հայաստան» կառուցելը շատ բարդ է լինելու։

Ներքաղաքական ցնցումներ են լինելու։ Թող Աստված տա, որ հանրաքվեով խորացող լարվածության դեմն առնվի․․․

- Ու ի՞նչ անել։

- Շեշտում եմ․ տարատեսակ փորձարկումները այս երկրում պետք է մեկընդմիշտ դադարեցվեն։ Թե չէ ստացվում է «կառուցում ենք նորը՝ վերականգնելով հինը»։

Վերջապես պետք է գիտակցել, որ մեր հարևանները անընդհատ գեոքաղաքական խնդիրներ են ստեղծում Հայաստանի համար։ Միայն դրանց դեմն առնելու համար լրջագույն աշխատանք ու պատրաստվածություն է պետք։ Այս իրավիճակում, հաշվի առնելով նաև տարածաշրջանի առանձնահատկությունները, ուժեղանալու, իսկապես կայանալու համար նախ և առաջ մեր պետությունը պետք է իմունիտետ ունենա։ Այսինքն, առողջ, ամուր օրգանիզմ պետք է լինի։

Առանց պետական ինստիտուտների կայացման լուրջ հեռանկարների մասին խոսելը դատարկաբանություն է։ 
Առայժմ չի երևում այն բազիսը, որի հենքի վրա կկառուցվի պետության վերնաշենքը։ Խնդիրներին պետք է տրվի համակարգային լուծում։ 
Պետական մեքենան պետք է բացառապես ի օգուտ պետության աշխատի։ Լոկալ խնդիրների հետևից ընկնելը, նորից կմտցնի հերթական արատավոր շրջան։
Ու ի՞նչ՝ նորից ազգովի պետք է ոտքի՞ կանգնենք․․․
Երկրում պետք է անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծվեն, որպեսզի պետական ինստիտուտները իրապես գործեն, այլ ոչ թե իմիտացիոն բնույթ կրեն։

Հ. Գ. -  Հա, ի դեպ,  իմիտացիոն ասացիք, հիշեցի:  Ճիշտ է, մեր այսօրվա զրույցի հետ թեպետ կապ չունի, բայց թե՛ ինձ , թե՛ մեր ընթերցողին անասելի հետաքրքիր է, թե Դուք ինչպես եք վերաբերում  աշխարհում  գնալով տարածում գտնող, նույնասեռական ամուսնություններով պայմանավորված «ԶԱԳՍ»-ային  նոր ՝  « առաջին ծնող, երկրորդ ծնող » խմբագրմանն ու  կին-տղամարդ նույնականացմանը, Ստամբուլյան կոնվենցիային , որի դրույթները պարտադրվում են  նաև Հայաստանին:                                                                                                                                                           
- Խոստովանեմ, ինձ՝ ավանդապաշտ հայիս համար միանգամայն խորթ ու անընդունելի են  հիշատակված ձևակերպումները: Այնպես որ, չխորանալով բարոյահոգեբանական մանրամասների մեջ, բավարարվեմ միայն ինձ «մտատանջող» գլուխկոտրուկով:  
Պետությունների կողմից վարկածային  այդ տարբերակն ընդունելու դեպքում , հետաքրքիր է, թե ինչպես կներկայացնեին, ասենք՝  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու  Հայաստանի վարչապետը… իրենց  առաջին տիկնանց…
 



 Պիտակներ
         Արբակ Խաչատրյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon