«Առավոտ». Նախկին ռեժիմից ստացած դատավորների զանգերը էֆեկտիվ չեն

Մամուլ 15.01.2019   09:05   311

«Առավոտը» պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլը» խմբակցության նորընտիր պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին հարցրեց՝ առաջնահերթ ի՞՛նչ նա­խաձեռնությամբ է պատրաստվում հանդես գալ ԱԺ-ում: Նա պատասխանեց. «Բնակա­նաբար, դրանք առնչվելու են այն հարցե­րին, ինչով զբաղվել եմ իմ կյանքի վերջին 20 տարում՝ պաշտպանություն, ազգային անվտանգություն, «Մարտի 1»:

Թե Մարտի 1-ի հարցով այս պահին ի՞նչ անելիք կա ԱԺ-ում՝ պարոն Քոչարյանը պա­տասխանեց. «Այդ հարցով ես այս պահին տեսնում եմ, որ անելիք ունի ու անում է ՀՔԾ-ի համապատասխան խումբը, ու տեսնում եմ, որ այս պահի դրությամբ բավականին էֆեկտիվ գործում են»:

Մեր դիտարկմանը՝ այդ գործի հետ կապ­ված դժգոհություններ կան, որ միայն մի կողմին են կանչում հարցաքննության, Անդ­րանիկ Քոչարյանն արձագանքեց, որ դա պարզապես Ռոբերտ Քոչարյանի փաստա­բանների դժգոհություններն են, որոնք դեռ չունեն այնպիսի հենք, ինչպիսին իրենք ներ­կայացնում են. «Եթե կան դժգոհություններ, կան իրավական մեխանիզմներ, իրենք բողոքարկելով պետք է գնան բոլոր ատյաննե­րով: Գիտեմ, որ իրենք դիմել են ՍԴ, շատ ճիշտ են արել, սպասենք ՍԴ-ի որոշմանը»:

Մենք ճշտեցինք՝ ձեր մեջ հարցադրումներ չե՞ն առաջանում, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանին, օրինակ, չեն կանչում հարցաքննու­թյան այդ գործով, կամ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխա­նեց, որ նախաքննության գաղտնիքներին չի տիրապետում, բայց համոզված է, որ բոլոր այն պաշտոնյաները, որոնք առնչություն ու­նեցել են, նրանք կա՛մ հարցաքննվել են, կա՛մ կհարցաքննվեն, պարզապես չի հրապարակայնացվում. «Շատերն էլ, եթե հետա­խուզման մեջ են, կգան, ու շրջանակը շատ ավելի ընդլայնված տեսք կստանա»:

Այս օրերին դատարանում վիճարկվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձեռնմխելիության հարցը՝ Մարտի 1-ի գործի շրջանակներում: Անդրանիկ Քոչար­յանը համոզված է. «Նա բացարձակ ան­ձեռնմխելիությունից չէր կարող օգտվեր, որի մասին խոսեց նաև ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: ՍԴ-ն պարզաբա­նումներ կտա»:

Մեր հարցին՝ հաշվի առնե­լով, որ ՍԴ անդամները, ՍԴ նախագահը նախկին իշխանությունների կողմից էին ընտրվել, մտավախություն չկա՞ արդար որոշման հետ կապված, Անդրանիկ Քոչար­յանը պատասխանեց. «Ոչ մի կապ չունեն նախկին նշանակումները, գոյություն ունեն քաղաքական նոր իրողությունները, Մուկուչյանն էլ նախկին ԿԸՀ նախագահն էր, բայց այս ընտրություններով, ըստ էության, քաղաքական պատվերը երբ հանում ես, ստանում ենք նորմալ, արդար ընտրություններ: Քա­ղաքական համակարգն է փչացնում պաշտոնյաներին: Պատվերը երբ հանում ես, մարդիկ կարող են ինքնադրսևորվել օրենքի շրջանակներում: Պարզապես նախկինի այն շրջանակը պետք է ի հայտ բերել, որոնց գործողությունների արդյունքում մենք առաջ­նահերթ ունեցել ենք մարդկանց կյանքի կո­րուստ: Չբացահայտված հրատապ գործեր կան, որոնց բացահայտումը կկարգավորի մեր երկրում աղավաղված արդարադատու­թյան համակարգը»:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում



 Պիտակներ
         «Առավոտ», Անդրանիկ Քոչարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb