«Առավոտ»․ Ինչի վրա է հիմնված սերը

Մամուլ 03.12.2019   09:25   284

«Առավոտ» թերթի խմբագրականում գրված է․

«Գրեթե ամեն օր կառավարությունը հաղորդում է լավատեսական լուրեր, որոնք կոչված են մեզ դրական լիցքեր հաղորդել: Տնտեսության այսինչ բնագավառում այսքան տոկոսով աճ է գրանցվել, արտագաղթը նվազել է այսքան տոկոսով, միջազգային այսինչ վարկանիշում մենք առաջ ենք գնացել այսքան կետով, վարչապետը նոր արտադրամասեր է բացում, որոնք կապահովեն այսքան աշխատատեղեր:

Ի դեպ, այդ լուրերի շարքում նշվում էր հետեւյալը. երբ ամբողջ աշխարհում գնաճ է գրանցվում, մեզանում արձանագրվել է գնանկում՝ դա, ըստ տնտեսագետների, այնքան էլ լավ լուր չէ:

Բայց այստեղ ես մտադիր չեմ վիճարկել եւ մեկնաբանել այդ թվերը՝ դրական բաներ իսկապես տեղի են ունենում, լինում են նաեւ զուտ քարոզչական հայտարարություններ: Բայց ես վստահ եմ, որ Հայաստանում ժողովրդական հիմնական զանգվածի վերաբերմունքն իշխանության հանդեպ ամենեւին էլ պայմանավորված չէ այդ ճիշտ կամ սխալ թվերով:

Ժողովուրդը սիրում է ներկայիս իշխանությանը ու հատկապես, իհարկե, Նիկոլ Փաշինյանին: Եվ այդ սերն ամենեւին պայմանավորված չէ տնտեսական ցուցանիշներով, միջազգային վարկանիշներով եւ ժապավեն կտրելով: Ժողովուրդը սիրում է Փաշինյանին, որովհետև նա կարողացավ հեղափոխություն իրականացնել: Իհարկե, կան հանգամանքներ, որոնք կարող են այդ սերը սասանել.

1/ Ներկայիս իշխանության հանդուրժողական վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների հանդեպ (որն, ի դեպ, ես ամբողջությամբ կիսում եմ):

2/ Հայոց լեզվի՝ բուհերում դասավանդման խնդիրը (դրան անդրադարձել եմ):

3/ Ամուլսարը աշխատեցնելու հարցը (հասկանալով, որ դա զգայուն խնդիր է, իշխանությունը գնում է ձգձգումների ճանապարհով):

4/ Բանակից 10 միլիոն դրամի դիմաց ազատելու նախագիծը (բարեկամաբար խորհուրդ կտայի չընդունել այդ նախագիծը՝ այն առաջացնում է իրենց երեխաներին առաջնագիծ ուղարկած սովորական մարդկանց զայրույթը):

5/ Բժշկական պարտադիր ապահովագրությունը, որը կարող է առաջացնել «պարտադիր կուտակայինի» նման կրքեր:

Բայց եթե անգամ այս բոլոր խնդիրները լուծվեն ոչ ժողովրդահաճո ճանապարհով, դա կարող է միայն սասանել, բայց ո՛չ «վերացնել» իշխանության հանդեպ սերը: Ժողովրդի համար, մեծ հաշվով, գոյություն ունի մեկ չափանիշ՝ «թալանչի է – թալանչի չէ»: Այդ բաժանումը, իհարկե, առանձնապես կապ չունի զուտ իրավական բնորոշումների հետ, ավելի շուտ՝ բնազդային, զգացմունքային ոլորտից է: Սակայն նման բնազդները ժողովրդի (ցանկացա՛ծ ժողովրդի) համար ավելի կարեւոր են, քան բոլոր տեսակի բանական փաստարկներն ու հակափաստարկները: Ահա այդ տեսանկյունից նախորդ իշխանությունները ժողովրդի կողմից ընկալվում են որպես «թալանչի», իսկ ներկաները՝ որպես «ոչ թալանչի»»: 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում



 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon