Արամ Առաջինը հանդիպել է լիբանանահայ մտավորականությանը

Իրադարձային 03.12.2019   20:09   305

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս  Արամ Առաջինը երեկ Անթիլիասի Մայրավանք էր հրավիրել լիբանանահայ մտավորականությանը՝ քննարկելու Սփյուռքի, մասնավորապես լիբանանահայությանը վերաբերվող հարցեր: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի պաշտոնական կայքից:

Նկատի առնելով երկրի տնտեսական իրավիճակը՝ Նորին Սրբությունը հարյուր միլիոն լիբանանյան ոսկի  կհատկացնի կարիքավոր հայ ընտանիքներին, տասնական միլիոն լիբանանյան ոսկի «Արարատ», «Ազդակ» և «Զարթօնք» օրաթերթերին՝  որպես գնահատանք և զօրակցություն իրենց կատարած աշխատանքի համար:

Արամ Առաջինի խոսքով, Լիբանանի հայ համայնքը Սփյուռքի կարևոր համայնքներից է, բոլոր միջոցներով այն պետք է պահել զօրեղ և աշխույժ: Հաշվի առնելով Լիբանանում ստեղծված տնտեսական իրավիճակը՝ Արամ Առաջինը կոչ է արել լիբանանահայ գործարարներին  հայ աշխատակիցներին չազատել աշխատանքից՝ այդպես օժանդակելով նրանց ընտանիքներին, հարուստ լիբանանահայերին՝ ներկա դժվար իրավիճակում օգտակար լինել հայկական կառույցներին, դպրոցներին և կարիքավոր ընտանիքներին, մյուս գաղութներին, որոնք ոչ թե հեռվից միայն դիտեն և մտահոգություն հայտնեն, նյութապես օժանդակեն  կարիքավոր լիբանանահայերին: 

Արամ Առաջինը շեշտել է  Սփյուռքի վերակազմակերպման և վերաաշխուժացման հրամայականը, որը կնպաստի Հայաստանի, Արցախի և ազգային պահանջատիրության առավել հզորացմանը: Վեհափառը հայտնել է, որ այս գործով լծված է նախնական աշխատանքների:

Քննարկմանն արծարծվել է նաև Սիսի Կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիայի դեմ Կաթողիկոսարանի բացած դատի վերջին զարգացումների թեման:



 Պիտակներ
         Արամ Առաջին


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon