Առաջին օգնություն երեխաներին. ջերմային խանգարումներ

Առողջական 24.03.2021   19:00   43

Ջերմակարգավորման շնորհիվ մարդու օրգանիզմը կարողանում է դիմակայել ջերմաստիճանի բավական մեծ տատանումների: Սակայն բարձր կամ ցածր ջերմաստիճանների երկարատև ազդեցության հետևանքով մարմնի ջերմակարգավորման համակարգը կարող է խաթարվել` հանգեցնելով տարբեր հիվանդագին վիճակների:

Հայտնի է, որ երեխաները ավելի զգայուն են միջավայրի ջերմաստիճանի փոփոխությունների նկատմամբ, քանի որ նրանց ջերմակարգավորման համակարգը դեռ ամբողջությամբ ձևավորված չէ: Փոքր երեխաներն ավելի խոցելի են նաև արևահարության նկատմամբ, քանի որ նրանց գաղտունը դեռևս բաց է, գանգի ոսկրերը բարակ են, մաշկը և մազերը` ավելի նուրբ:

Ցրտահարում

Ցրտահարումը ցածր ջերմաստիճանի ազդեցության հետևանքով մարմնի հյուսվածքների տեղային վնասումն է:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Ցրտահարման պահին և ցուրտ միջավայրում վնասված հատվածում ի հայտ են գալիս հետևյալ նշանները.

  • մաշկի սառնություն,
  • այրող ցավ կամ զգայունության բացակայություն,
  • մաշկը դառնում է մոմանման, սպիտակադեղնավուն կամ կապտավուն: Վնասված հատվածի տաքանալուց հետո այն կարող է կարմրել, կապտել կամ այտուցվել: Մաշկի վրա կարող են ի հայտ գալ հեղուկով լցված բշտեր:

Ինչ անել

  • Հանեք խոնավ հագուստը և երեխային հագցրեք չոր հագուստ, գուլպա, ձեռնոց կամ վնասված հատվածը փաթաթեք բրդյա գործվածքով:
  • Հնարավորության դեպքում տվեք տաք, քաղցր հեղուկներ:
  • Տաքացրեք վնասված հատվածը ձեր մարմնի ջերմությամբ: Ցրտահարված ձեռքերը կարող եք դնել ձեր թևատակերում, իսկ ցրտահարված քիթը, այտերը, ականջները կամ կզակը կարելի է ծածկել ձեռքի ափով:
  • Երեխային խորհուրդ տվեք շարժվել, թռվռալ, վազել:
  • Ցրտահարված մասը դրեք թեթևակի գոլ ջրի մեջ և աստիճանաբար տաքացրեք ջուրը մինչև 40 աստիճան:
  • Ցրտահարված մասը զգուշորեն չորացրեք և ծածկեք փափուկ գործվածքով: Ցրտահարված մատները փափուկ գործվածքով առանձնացրեք միմյանցից:
  • Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:

Ինչ չի կարելի անել

- Մի շփեք ցրտահարված հատվածը, հատկապես՝ ձյունով:
- Մի բացեք բշտերը:
- Մի տաքացրեք ցրտահարված մասը կրակի կամ տաքացուցիչի մոտ:
- Թույլ մի տվեք, որ ցրտահարված մասը կրկին սառչի:

Մարմնի ընդհանուր սառեցում

Մարմնի ընդհանուր սառեցումը կյանքին սպառնացող իրավիճակ է, որը զարգանում է ցածր ջերմաստիճանի տևական ազդեցության հետևանքով:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

  • Հիվանդության ախտանշաններն են`
  • սկզբնական շրջանում՝ դողի առկայություն, հետո` դողի բացակայություն,
  • սառը, գունատ, չոր մաշկ,
  • մարմնի` 35 C-ից ցածր ջերմաստիճան,
  • կողմնորոշման խանգարում, դժվարացած քայլվածք,
  • քնկոտություն,
  • անտարբերություն, ապակենման սառն ու անհաղորդ հայացք,
  • դանդաղ անոթազարկ և շնչառություն,
  • գիտակցության խանգարումներ:

Ինչ անել

  • Տեղափոխեք երեխային տաք տեղ, ընդ որում դա այնպես կազմակերպեք, որ երեխան ինքնուրույն չշարժվի, օրինակ` նրան գրկած տարեք:
  • Փոխեք թաց կամ խոնավ հագուստը և զգուշորեն, առանց շփելու, չորացրեք մարմինը:
  • Երեխային փաթաթեք ծածկոցով` ընդգրկելով նաև գլուխը, տաքացրեք նրան ձեր մարմնի ջերմությամբ:
  • Տվեք տաք, քաղցր հեղուկներ:
  • Ջերմակներ տեղադրեք (տաք ջրով լցված շշեր և այլն) երեխայի անութափոսերում և աճուկային հատվածում:
  • Ահազանգեք շտապ օգնություն:

Մարմնի ընդհանուր սառեցման հետ միաժամանակ երեխայի մոտ կարող է լինել նաև ցրտահարում: Առաջին հերթին ուշադրություն դարձրեք մարմնի ընդհանուր սառեցմանը, նոր միայն հոգ տարեք ցրտահարված հատվածների մասին: Նման դեպքերում տուժածին չի կարելի շարժվել:

Ինչ չի կարելի անել

  • Թույլ մի տվեք տուժածին շարժվել:
  • Մի տաքացրեք տուժածի ձեռքերը կամ ոտքերը:
  • Մի բարձրացրեք տուժածի ոտքերը:
  • Տուժածին մի սուզեք տաք ջրի մեջ:
  • Մի ընդհատեք մարմնի տաքացումը:
  • Մի տվեք երեխային ալկոհոլային խմիչքներ:

Ջերմային հարված և արևահարություն

Ջերմային հարվածը հիվանդագին վիճակ է, որն առաջանում է, երբ բարձր ջերմաստիճանի հետևանքով խաթարվում է մարմնի ջերմակարգավորումը: Արևահարությունը նման է ջերմային հարվածին, բայց առաջանում է գլխի վրա արևի ազդեցության հետևանքով: Արևահարության նշանները կարող են ի հայտ գալ արևի տակ գտնվելուց անմիջապես հետո կամ մի քանի ժամ անց, հաճախ` գիշերը:

Ինչի վրա ուշադրություն դարձնել

Ինչ անել

  • Տեղափոխեք երեխային հով, ստվերոտ վայր:
  • Երեխայի գլխին, անութափոսերում, աճուկային հատվածում, պարանոցի շրջանում դրեք սառը թրջոցներ, ծածկեք նրան խոնավ սավանով:
  • Արձակեք ճնշող կապերը և թեթևացրեք հագուստը:
  • Եթե երեխան գիտակցությունը չի կորցրել, տվեք նրան սառը, քաղցր հեղուկներ, հանքային ջրեր:
  • Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի:

Ջերմային խանգարումների կանխարգելումը

Սովորաբար, ծայրահեղ ջերմաստիճաններից առաջացած հիվանդագին վիճակները հնարավոր է կանխել: Այդ նպատակով հետևեք ստորև բերված խորհուրդներին.

  • Արգելեք երեխային օրվա ամենաշոգ և ամենացուրտ ժամերին բաց օդում գտնվել:
  • Թույլ մի տվեք երեխային ձմռանը մնալ դրսում, եթե նրա հագուստը կամ կոշիկները թրջվել են:
  • Երեխային հագցրեք եղանակին համապատասխան, շոգ եղանակին նախընտրեք բաց գույնի բամբակյա հագուստ և արևի ուղղակի ճառագայթներից երեխայի գլուխը պաշտպանեք գլխարկով կամ հովանոցով, իսկ ցուրտ եղանակին նախապատվությունը տվեք բրդյա խիտ գործվածքներից հագուստներին:

- Երեխային մեծ քանակությամբ հեղուկներ տվեք խմելու: Ամռանը նրան առաջարկեք սառը ըմպելիքներ (հանքային ջուր, հյութեր), ձմռանը` տաք (թեյ, սուրճ, տաք հյութեր):

Աղբյուրը` Doctors.am


 Պիտակներ
         առաջին օգնություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb