Առաջին օգնություն երեխաներին. այրվածքներ

Առողջական 09.11.2020   20:00   29

Այրվածքը բարձր ջերմաստիճանի, որոշ քիմիական նյութերի, էլեկտրականության կամ ճառագայթման հետևանքով մաշկի և մարմնի այլ հյուսվածքների վնասումն է: Առօրյա կյանքում հաճախ են հանդիպում ամենատարբեր այրվածքներ: Դժվար թե գտնվի այնպիսի մարդ, որն իր կյանքում երբևէ որևէ այրվածք չի ստացել և չի զգացել, թե ինչքան ցավոտ են դրանք: Այրվածքները կարող են կյանքի համար վտանգավոր լինել, հատկապես` երեխաների մոտ:

1. Դադարեցրեք այրվածք առաջացնող գործոնի ազդեցությունը:

Անմիջապես հանեք տաք հեղուկով ներծծված հագուստը և մարեք կրակը: Եթե բռնկվում է նաև հագուստը, ապա կրակը կարող եք հանգցնել` ծածկելով երեխային խիտ գործվածքով (ծածկոց, վերարկու և այլն) կամ խորհուրդ տալով նրան ընկնել գետնին և գլորվել այնքան, մինչև որ հագուստը դադարի վառվել: Մի պոկեք մաշկին կպած հագուստը, այլ հագուստի ազատ մասերը մկրատով զգուշությամբ կտրեք և հեռացրեք:

Քիմիական այրվածքների դեպքում մաշկի վրայից արագ հեռացրեք քիմիական նյութը՝ այն ջրով լվանալու կամ չոր շորով մաքրելու միջոցով: Եթե վնասվել է աչքը, ապա անհրաժեշտ է արագ լվանալ այն հոսող ջրի տակ, ընդ որում վնասված աչքը պետք է պահել առողջ աչքի մակարդակից ցածր` այսպիսով աղտոտումից պաշտպանելով առողջ աչքը:

էլեկտրական այրվածքների դեպքում հարկավոր է անհապաղ անջատել հոսանքի աղբյուրը, իսկ արևային այրվածքների դեպքում հարկավոր է տուժածին տեղափոխել ստվերոտ տեղ կամ ծածկել նրա մարմինը հագուստով կամ սրբիչով:

2. Սառեցրեք այրված մակերեսը 

Այրված մակերեսն անհրաժեշտ է սառեցնել, և այդ նպատակով կարելի է օգտագործել ձեռքի տակ եղած ցանկացած հարմար միջոց՛ դույլ, ցնցուղ: Դեմքին կամ մարմնի այն մասերին, որոնք հնարավոր չէ սուզել ջրի մեջ կամ սառեցնել հոսող ջրով, սառը թրջոցներ դրե՛ք, որոնք պետք է ժամանակ առ ժամանակ թրջել կամ փոխել: Սառեցումը շարունակեք առնվազն 15-20 րոպե: Տարածուն այրվածքների դեպքում պետք է զգուշանալ տուժածին գերսառեցնելուց:

3. Նվազեցրեք վարակի ներթափանցումը

Եթե խախտված է մաշկի ամբողջականությունը, այրվածքը ծածկեք ստերիլ վիրակապական նյութերով կամ այլ մաքուր գործվածքի կտորով՝ վարակի ներթափանցումը կանխելու համար: Մակերեսային և փոքր այրվածքների դեպքում այրվածքը սառեցնելուց հետո կարող եք կիրառել այրվածքների մշակման համար նախատեսված քսուքներ:

4. Տվեք հեղուկներ

Եթե երեխան գիտակից վիճակում է, նրան քաղցր հեղուկներ կամ հանքային ջրեր տվեք (Ջերմուկ, Արզնի և այլն):

5. Ահազանգեք շտապ օգնություն կամ դիմեք բժշկի, եթե.

  • այրվածքը տեղակայված է գլխի, պարանոցի կամ սեռական օրգանների շրջանում,
  • այրվածքը վնասել է մարմնի 1%-ից ավելին,
  • այրվածքը առաջացել է էլեկտրական հարվածի հետևանքով,
  • այրվածքի հետևանքով դժվարացած է շնչառությունը:

Նշում` այրվածքի մակերեսը որոշելիս որպես չափանիշ ընդունեք այն հանգամանքը, որ ձեռքի ափը կազմում է մարմնի մակերեսի 1%-ը:

Ինչ ՉԻ ԿԱՐԵԼԻ անել

  • Մի պոկեք մարմնին կպած հագուստը, որպեսզի մաշկը լրացուցիչ չվնասվի, այլ մկրատով զգուշությամբ կտրեք և հեռացրեք հագուստի ազատ մասերը:
  • Այրվածքների վրա մի քսեք կարագ, ձեթ, ատամի մածուկ կամ այլ նման միջոցներ:
  • Մի բացեք կամ մի վնասեք բշտերը:

Նշում՝ այրվածքների մշակման համար նախատեսված քսուքները կարելի է կիրառել մակերեսային և փոքր այրվածքների դեպքում, ընդ որում` միայն սառեցնելուց հետո:

Կանխարգելումը

Երբեմն մենք չենք նկատում, թե երեխաների համար ինչքան հնարավոր վտանգի օջախներ կան մեր շուրջը` եռացող ջուր, սալօջախի վրա եփվող ճաշ, վառարան, քիմիական նյութեր և այլն:

Դրան գումարեք նաև երեխաների անզգույշ շարժումները, անսահման հետաքրքրասիրությունը և ամենուր խաղալու ու վազելու ցանկությունը, և միանգամայն ակնհայտ կդառնա այն փաստը, որ երեխաները չափազանց խոցելի են նշված վտանգների առումով: Այրվածքները հատկապես փոքր երեխաների մոտ հաճախ ծնողների կամ այլ խնամակալների անուշադրության պատճառ են, ուստի դրանք հիմնականում կարելի է կանխարգելել` հետևելով պարզ նախազգուշական միջոցների:

Ջուրը շատ մի տաքացրեք, եթե այն օգտագործելիս հետո կրկին պետք է հովացնեք:

  • Տաք ջրով կաթսաները կամ դույլերը մի թողեք միջանցքներում կամ այլ վայրերում, որտեղ երեխան կարող է սայթաքել և շրջել դրանք:
  • Փոքր երեխաներին առանց հսկողության մի թողեք լոգարանում, խոհանոցում կամ այն վայրերում, ուր միացրած ջեռուցիչներ կամ այլ տաք առարկաներ կան:
  • Սալօջախի վրա կաթսաները դրեք այնպիսի դիրքով, որ երեխաները չկարողանան հասնել դրանց բռնակներին:
  • Թույլ մի տվեք երեխային երկար մնալ արևի տակ:
  • Տաք կերակրով ամանները դրեք երեխայից հեռու:
  • Թեյ կամ այլ տաք հեղուկ մի խմեք այն պահերին, երբ երեխան նստած է ձեր ծնկներին:
  • Քիմիական նյութերը պահեք երեխաներից հեռու:
  • Քայքայիչ նյութերի սրվակների վրա ունեցեք նախազգուշացնող պիտակներ:
  • Մի ծխեք անկողնում: Վառված մոմերը առանց հսկողության մի թողեք:
  • Զգույշ եղեք կրակի հետ: Արգելեք երեխաներին խաղալ լուցկու, գազայրիչների և կրակի այլ աղբյուրների հետ:
  • Էլեկտրական վարդակները փակեք հատուկ խցաններով:

Աղբյուրը՝ doctors.am


 Պիտակներ
         այրվածքներ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb