Առաջարկվում է 45-ից բարձր տարիք ունեցողներին ներգրավվել պայմանագրային զինծառայության մեջ

Իրադարձային 24.03.2021   14:06   46

Խորհրդարանը քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողների կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցող, ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով, նախագծով առաջարկվում է 45 տարեկան և բարձր տարիք ունեցող տղամարդկանց ներգրավվել պայմանագրային զինծառյության մեջ։

Պատգամավորը տեղեկացրեց, որ գործող օրենսդրությամբ՝ 45 տարեկանից հետո այլևս հնարավորություն չկա ծառայելու՝ որպես պայմանագրային զինծառայող։

«Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում նախագիծը քննարկվել է, և չնայած այն հանգամանքին, որ կառավարությունը տվել էր բացասական եզրակացություն, հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն՝ պայմանով, որ հանձնաժողովի ու կառավարության առաջարկները քննարկենք ու ընդունենք»,- նշեց նա։

Էդմոն Մարուքյանը տեղեկացրեց, որ իրենք առաջարկել են պայմանագրային զինծառայության համար որպես բարձրագույն շեմ սահմանել 63 տարեկանը, սակայն հանձնաժողովը նշել է, որ տարիքային այդ շեմը շատ բարձր է։

«Մենք պատրաստ ենք քննարկել ցանկացած շեմ, որը բարձր է 45-ից, օրինակ՝ կարելի է դարձնել 55, կամ՝ 58։ Բայց ես կարծում եմ, որ պետք է հնարավորություն տալ սահմանամերձ համայնքների տղամարդկանց պաշտպանել իրենց հողը և ստանալ աշխատավարձ»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, պատգամավորը հայտնեց, որ դեռ չի ստացել տարիքային շեմի հետ կապված առաջարկ, ուստի ներկայումս պայմանական՝ որպես վերին շեմ նշվում է 63 տարեկանը։


 Պիտակներ
         զինծառայության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb